Հանրապետության տնտեսությունում բազմաթիվ հղիներ կան։ Բոլորը նույն բանով են հղի՝ վտանգով։ Բոլորին նույն պատճառն է հղիացրել՝ նախորդ կառավարության արհամարհանքը ռուսական ճգնաժամի նկատմամբ եւ բյուջեի ճեղքվածքը։
Երկու օր առաջ տեղի ունեցավ մեր հասարակության համար հազվադեպ իրադարձություն։ Երկրի իշխանավորներից մեկը, այս դեպքում՝ Հայաստանի վարչապետը հեռուստաելույթով դիմեց ժողովրդին։ Սա ինքնին մեկ քայլ առաջ է (խոսքը ձեւի մասին է)։ Իր ելույթում վարչապետ Վազգեն Սարգսյանը մասնավորապես ասաց. «Սակագների բարձրացման եւ բյուջեի կրճատման մենք իհարկե չենք գնա։ (…) Դա թերեւս լինի հատկապես, արտասահմանյան ծխախոտի եւ բենզինի ակցիզների որոշակի բարձրացման հաշվին։ Իրապես դժվարին, բայց հարկադրված քայլ»։ Ու այդ քայլը կատարված է։ Երեկ կառավարության նիստում վերոհիշյալ հարցերի մասին համապատասխան որոշումներ կայացվեցին։ Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանը եւ պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանն իրենց վրա էին վերցրել այս որոշումների մասին լրագրողներին հայտնելու ծանր բեռը։
«Առաջին կիսամյակի արդյունքները, եթե ամփոփենք, կարող ենք ասել, որ այս կիսամյակն իր վրա կրեց ռուսական ճգնաժամի ազդեցությունը»,- ասաց ֆինանսների այսօրվա նախարարը։ Իսկ ես մտածում եմ՝ տեսնես եկող հաջորդ ֆինանսների նախարարն ի՞նչ կասի այս նախարարի եւ այս կառավարության մասին։
«Էներգետիկայի համակարգում շուրջ 95 միլիարդ դրամի կրեդիտորական պարտք կա։ Մոտ 75 միլիարդը պետք է վճարվեր այս տարի»։ Կառավարությունը որոշել է հատուկ ուշադրություն դարձնել էներգետիկներին եւ առայժմ նրանց խաթրին չկպչել, հակառակը՝ հնարավորինս աջակցել։ Էներգետիկներին, ջեռուցողներին, ոռոգման համակարգին կառավարության կողմից մոտ 17,1 միլիարդ տրանսֆերներ կտրվեն՝ սուբսիդիաների եւ վարկերի տեսքով։
Կարդացեք նաև
Մենք բազմիցս նշել էինք, որ կառավարությունը ՄԱՀ-ի հետ հարաբերություններում չի հասել լիակատար հասկանալու եւ հասկացված լինելու վիճակին։ Երեկ ֆինանսների նախարարը եւս չթաքցրեց, որ «որոշակի խնդիրներ եղան մեր հարաբերություններում, հատկապես վալյուտային ֆոնդի հետ այս կիսամյակի ընթացքում, երբ դանդաղեցվեց ծրագրերի իրագործման ընթացքը, եւ մենք չստացանք շուրջ 32 միլիոն դոլար»։
Բյուջեում 33,5 միլիարդ դրամի ճեղքվածքը կառավարությունը մտադիր է փակել հետեւյալ կերպ. «շուրջ 13 միլիարդ դրամի եկամտային միջոցներ են առաջարկվում, որի 11 միլիարդը նախատեսվում է հաստատագրված վճարների եւ բնապահպանական մուտքի միջոցով ստանալ, շուրջ 20 միլիարդ դրամի տարբեր ծախսերի կրճատում՝ շուրջ 8-9 միլիարդը ընթացիկ ծախսերից, շուրջ 8-9 միլիարդ՝ կապիտալ ծախսերից»։
Որպեսզի ընթերցողին չծանրաբեռնենք երկար-բարակ թվերով, նշենք ամենակարեւորը. ծխախոտն ու բենզինը օգոստոսի 1-ից կթանկանան, իսկ կառավարությունը խոսք է տալիս մինչեւ բնակչության կենսամակարդակի էական բարձրացում չլինի, ինքն այլեւս հակված չէ նոր բարձրացումների։ Հետաքրքիր է, որ խոսք չի տրվում, թե բարձրացում չի լինի, պարզապես ասվում է, թե կառավարությունը «հակված չէ նոր բարձրացումների»։ Բոլոր անապահով ծխողներին հայտնենք, որ կառավարությունը մտածել է նրանց մասին ու ամենաէժանագին, առանց ֆիլտրի ծխախոտն ամենաքիչն է թանկացրել։
Ծխախոտի հաստատագրված վճարումների նոր կարգը.
Ներկրվող սիգարետի հաստատագրված վճարը՝ 150 դոլար (եղել է 43 դոլար)։
Հայաստանում արտադրվող ֆիլտրով ծխախոտի մեկ արկղի համար՝ 120 դոլար։ Դրսից ներկրվող ֆիլտրով ծխախոտի վճարը՝ 120 դոլար (եղել է 36 դոլար)։
Դրսից ներկրվող առանց ֆիլտրի ծխախոտի մեկ արկղի հաշվով՝ 60 դոլար։ Վերջին տարիներին այսպիսի ծխախոտ չի ներկրվել։
Ներսում արտադրվող առանց ֆիլտրի ծխախոտի մեկ արկղի հաշվով՝ 20 դոլար։ Սա կառավարության մարդասիրության չափն է։ Ստացվում է, որ ֆիլտրով սիգարետի մեկ տուփը կթանկանա 38 տոկոսով։
Բենզինի մասին եւ նրա շուրջ
Բնապահպան վճարը՝ 44 տոկոս մաքսային արժեքի վրա, բայց 85 դոլարից ոչ ավել։ Նախկինի 125 դոլարի փոխարեն կգանձվի 205 դոլար։ Խոսքը մեկ տոննայի մասին է։ Սա բյուջեին ամսական կբերի 2 միլիոն դոլարի լրացուցիչ եկամուտ։ Բենզինի գները տատանվելու են 4 հազար դրամի շրջանակներում (20 լիտրի չափով)։ Եթե հիշում եք, վարչապետն ասաց, որ այս ոլորտում մոնոպոլիա չի լինելու եւ պետությունն իր մասնակցությունն է ունենալու։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ