Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱԶԱՆՈՐՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հուլիս 29,1999 00:00

«ԳԱԶԱՆՈՐՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Բաց նամակ ՀՀ վարչապետին Մեծարգո պարոն վարչապետ, այն, ինչ վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում կատարվել է իմ նկատմամբ, արժանի է գեղարվեստական գրականության նյութ դառնալու։ Մի օր անպայման դրանով ինքս կզբաղվեմ, սակայն, որպես քաղաքացի, պարտավոր եմ զգում բարձրաձայն ասել, թե ինչ է կատարվում իմ ու Ձեր հայրենիքի դպրոցական համակարգում։ Եթե մտածեի, որ այդ երեւույթը միայն ինձ հետ է կապվում եւ անգամ միայն դպրոցական համակարգի, կամ այն դպրոցի, որտեղ «Ճերմակ ագռավի» կարգավիճակով երեք եւ կես տարի պաշտոնավարեցի որպես դպրոցի տնօրեն (Երեւանի Գր. Զոհրապի անվան թիվ 43), հանգիստ խղճով կհեռանայի դպրոցից եւ տանը նստելով՝ կգրեի կամ կկարդայի, ինչպես արել եմ միշտ, երբ չեմ տեղավորվել հասարակության համակարգերից որեւէ մեկի մեջ։ Դա եղել է եւ կարմիրների, եւ սպիտակների, եւ շերտավորների օրոք։ Այսօր էլ պատրաստվելով նույնը անել՝ հարկ եմ համարում գրել Ձեզ այս մի քանի տողը, որպեսզի ինքնաձաղկման սովորությանս համաձայն, ի վերջո, չհանգեմ այն մտքին, թե ես եւ իմ նմաններն ենք մեղավոր երկրում մոլեգնող անօրինությունների համար, քանի որ բավարար ուժ չենք ներկայացնում նենգությանը նենգությամբ, դավաճանությանը դավաճանությամբ պատասխանելու համար։ Այսօր հեռանում եմ այն դպրոցից, որտեղ սովորել եմ մանուկ հասակում, որի տնօրեն դառնալով՝ հիմնահատակ վերանորոգման գործը գլուխ բերելուց հետո, անցա մարդկանց հոգիների վերանորոգմանը եւ ի մեծ բավարարություն հոգու եւ սրտի, տեսա, որ թե ուսուցիչները, թե ծնողները, թե աշակերտները հիմնականում համաձայն են ազնիվ, հայրենասիրական, բարենորոգչական մղումներով առաջնորդվելու՝ հանուն վաղվա օրվա։ Արդեն մեկ տարի է, ինչ իր խղճի թելադրանքը պարտակելով, մի ամբողջ վարչություն՝ իր պետի, մի տիկնոջ վիրավորված ինքնասիրությունը հովացնելու համար (անզգուշություն էի ունեցել մամուլի եւ հեռուստատեսության միջոցով մի քանի ճշմարտություն ասել նրա երեսին), գործի լծված, կարծես դպրոցական համակարգում ուրիշ չլուծված խնդիրներ չկան, զբաղված է ինձ այդ համակարգից դուրս մղելով։ Մոտ մեկ տարի մանրազնին հետապնդումներից հետո, տնօրենի պաշտոնից հեռացնելու որեւէ էական պատճառ չգտնելով, տիկին Խրիմյանը գնաց այն բացահայտ քայլին, որ մինչ այդ ուզում էր քողարկել «օբյեկտիվ» գտնվելու զուր աշխատանքով. վստահ էր՝ եթե հիմնարկ է, տնօրենը անպայման գոնե մի խարդախություն արած կլինի, ուրիշ տարբերակ չի կարող լինել մեր ներկայիս հասարակության մեջ, այսինքն՝ քաղաքապետից, բառիս բուն իմաստով, պոկեց իմ ազատման հրամանը, որի մեջ թվարկված զանցանքները գործին տեղյակ իրավագետների ծիծաղն են շարժում։ Համոզվելով, որ ժողովրդավար պաշտոնյաների ժամանակը դեռ չի եկել եւ դպրոցն առայժմ առեւտրական օբյեկտից ոչնչով չպետք է տարբերվի, ես համաձայնել եմ դպրոցում քիչ ժամերով աշխատել եւ ժողովրդավար, քաղաքակիրթ սերմեր ցանել աշակերտներիս մեջ՝ ապագա լավ օրերի համար։ Եվ այսօր հեռանում եմ դպրոցից, քանի որ իմաստ չեմ տեսնում սկսված «գազանորսին»՝ հալածված գազանիկի տառապանքով դիմակայելու մեջ։ Ցավով թողնում եմ իմ սիրասուն աշակերտներին, որոնց Խաչատուր Աբովյանի պես այսուհետեւ երազումս եմ տեսնելու, քանի որ դպրոցի նոր տնօրինուհին հանձնարարություն ունի իր ավարտին հասցնելու մեկ տարի առաջ սկսված «գազանորս» օպերացիան եւ գրող, հրապարակախոս, ժողովրդավար, չգիտեմ ինչ, չգիտես ինչ Ալիս Հովհաննիսյանին առաջարկում է հեռանալ դպրոցից, պատճառաբանելով, որ նրա դասավանդած «Գեղագիտություն» առարկան այս դարում դպրոցին առհասարակ պետք չէ, որ հայոց լեզվի եւ գրականության ժամերը չեն բավարարում ու վերջապես իմ ներկայությունը դպրոցում խանգարում է իրեն։ Չէի ուզում մանրամասնել որեւէ բան, բայց որպես նամակիս ավարտ պետք է ավելացնեմ իմ տնօրինուհու մի նախադասությունը. «Ամբողջ կոլեկտիվը ստորագրել է, որ դպրոցում չպետք է մնաք»։ Իմ կոլեկտիվը չի ստորագրել, այլապես ստորագրած կլիներ մի փաստաթղթի տակ, որ ես ոճրագործ եմ եւ իրավունք չունեմ երեխաների հետ շփվելու, եւ որ ոճրագործություն է այս դարում երեխաներին ազնիվ եւ լուսավոր, քաղաքակիրթ մեծացնելը։ Գուցեեւ այդպե՞ս է… ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արձակագիր, լրագրող, մանկավարժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031