Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

Հուլիս 29,1999 00:00

«ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՇԱՐՔԻՑ Երեկ Երեւանի քաղաքապետարան լրագրողները շտապում էին փողոցային առեւտրի դեմ պայքարին նվիրված՝ ոչ այն է՝ կլոր սեղանի, ոչ այն է՝ խորհրդակցության։ Գնացինք, պարզվեց մամլո ասուլիս է։ Փողոցային առեւտուրն արգելելու կապակցությամբ, ինչպես քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Վարդգես Ավետիսյանն ասաց, դժգոհություններ կան, եւ իրենք որոշել են «բացատրել իրենց գործողությունների պատճառները»։ Դատելով այն բանից, որ դժգոհություն հայտնում են այդ առեւտուրն անելու հնարավորությունից զրկված մարդիկ եւ նրանք ավելի քան կարիքավոր լինելու պատճառով ու հետեւանքով առաձնապես ոչ թերթ են կարդում, ոչ էլ հեռուստացույց նայում, այնքան էլ պարզ չէ, թե ում էին ինչ բացատրում երեկվա ասուլիս հրավիրողները։ Մանավանդ սկզբում իրենք էլ չգիտեին՝ ինչից սկսել, ինչ ասել, մինչեւ օգնության հասավ հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Վլադիմիր Դավիդյանցը։ Նա պատմեց այն, ինչը երեկվա համարում արդեն ներկայացրել ենք։ Սակայն այս խոսքը խթան դարձավ մյուս հյուրերի՝ քաղաքապետարանի առեւտրի վարչության պատասխանատուների, Երեւանի գլխավոր սանիտարական բժշկի, Կենտրոնի թաղապետի եւ նրա տեղակալի «բացվելու» համար։ «Բացվեցին» նաեւ լրագրողները։ Մեկը նույնիսկ հայտնեց այն ոստիկանների կոչումն ու անունները, որոնք փողոցային առեւտուրը այնքան էլ ջանասիրությամբ չէին արգելել։ Լրագրողին շնորհակալություն հայտնեցին դրա համար։ Իսկ մեր այն դիտողությանը, թե այս ամենի «օգուտը» կլինի այդ ոստիկաններին աշխատանքից ազատելը, Կենտրոնի համայնքապետ Արարատ Զուրաբյանը պատասխանեց, թե «մինչեւ մի երկուսին չհանեն» գործն առաջ չի գնա։ «Հուսադրող» գաղափարներ էլի եղան. ասենք այն, որ «վաճառասեղանները» փողոցներից հատուկ առեւտրի համար հատկացված տեղեր տանելուց հետո կարիքավոր մարդիկ, որոնք չեն կարող հարկ վճարել, թաղապետարաններ կարող են դիմել, հիմնավորել իրենց կարիքավորությունը (հավանաբար փաստաթղթերով)։ Թաղապետարաններն իրավասու են նրանց հարկից ազատել։ Առեւտուրը՝ փողոցից հատուկ տեղ տանելու նպատակներից մեկն էլ դրանից «շատ գումարներ վաստակող, բայց հարկերից խուսափող բիզնեսմեններին» գործելու դաշտից զրկելն է։ Կարելի է կարծել այդ «բիզնեսմեններն» իրենք են կանգնած վաճառում եւ ոչ այդ նույն կարիքավորները։ Ներկաներն անընդհատ պնդում էին, որ այստեղ սոցիալական խնդիր չկա, քանի որ իրենք փողոցային առեւտուրը ոչ թե արգելում են, այլ կանոնակարգում։ Ի դեպ, այսօրվանից սկսվելու է պետական հանրախանութի շրջակա տարածքի «մաքրման գործընթացը»։ Լրագրողներից մեկն ուզեց իմանալ, թե այսքան հավաքվածներից ով է պատասխանատու այս ծրագրի հետեւողականության համար, քանի որ մի քանի անգամ արդեն ականատես ենք եղել նման մի քանի ծրագրերի սկզբի, որոնք այդպես էլ ավարտին չեն հասցվել։ Պարզվեց, որ պատասխանատու են ներկա բոլոր պաշտոնյաները՝ իրենց ներկայացրած օղակներով։ Երեւի այդքան շատ են լինում պատասխանատուները, որ գործը մինչեւ վերջ չի հասցվում։ Մինչեւ այժմ մաքրված տարածքների համար էլ հայտնեցին, որ «չկա մի ծառայություն, որն ասի, թե ինքն է մաքրել, ներքին գործերը մասնակցել է, քաղաքապետարանը մասնակցել է» («Զավենը բռնեց՝ Պավլեն մորթեց, Իշխանը բռնեց՝ Ավագը մորթեց… Ռեւազն ասաց՝ շնորհակալություն» – Հրանտ Մաթեւոսյան)։ Միայն թե այս դեպքում հայտնի չէ, թե ով է ասելու շնորհակալություն։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել