Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀ ԵՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻՑ

Հուլիս 29,1999 00:00
Aragacotn

Հարգելի խմբագրություն, Արագածոտնի մարզը մի շարք հիմնախնդիրներով մարզ է, ու, բնական է, որ մարզպետ պետք է նշանակեին այնպիսի մի մարդու, որը ծանոթ լիներ մարզին, մարզի պրոբլեմներին ու խնդիրներին։ Այս հոգսաշատ մարզի մարզպետ 1998 թ. հուլիսին նշանակեցին մեկին, որն իր ամբողջ կյանքում երեք հոգուց բաղկացած կոլեկտիվ էլ չի ղեկավարել։ Նախկին վարչապետը նշում էր, որ ընկեր Հրայր Կարապետյանի քաղաքական փորձը պետք կգա մարզի զարգացման համար։ «Ու ճիշտ դուրս եկավ» նախկին վարչապետը, որ այս քաղաքական գործչի վարած քաղաքականությունը աղետալի վիճակի է հասցրել մարզը՝ բոլոր բնագավառներում։ Իր գալու օրից սկսած արդեն դժգոհություն կար մարզում. օրերով կարող էր նստել իր աշխատասենյակում մի դաշնակի հետ՝ թեկուզ Պարտիզակ գյուղում ամիսներով խմելու եւ ոռոգման ջուր չլինի, որի պատճառով այս մեկ տարվա ընթացքում գյուղից շուրջ տասը ընտանիք է հեռացել։

Սկսվեց շերտավորումը թե մարզպետարանում, թե մնացած ոլորտներում. եթե դաշնակ ես՝ կարող ես աշխատել, եթե ոչ՝ ուրեմն հեռացիր կամ մուծվիր։ Նախ գործից հանեց փոխմարզպետին՝ Ռաֆիկ Մկրտչյանին, որը ձեռքերը քշտած աշխատում էր մարզի համար։ Հետո գործից հեռացվեց իր գործին քաջատեղյակ լավագույն մասնագետներից մեկը՝ կրթության եւ մշակույթի վարչության պետը, այնուհետեւ նույն վարչության պետի տեղակալը։ Հետո իր գործից հեռացվեց «Կանթեղ» թերթի գլխավոր խմբագիրը, որը սկսեց գրել մարզպետի դեմ։ Մեկ-երկու հրապարակումից հետո պայմանավորվեց, որպեսզի նա չգրի իր դեմ, հանեց լրատվության բաժնի պետին եւ «Կանթեղի» նախկին խմբագիրը հայտնվեց լրատվության բաժնի պետի պաշտոնում։ Հետո գործից հեռացվեց առողջապահության բաժնի պետը, որը երկար տարիներ աշխատել է Աշտարակի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իսկ մարզպետարանի ձեւավորումից սկսած՝ մարզի առողջապահության վարչության պետն է եղել։ Մեր նորաթուխ մարզպետը հեռացումը պատճառաբանեց քսան տարվա բժշկական փորձ ունեցողին՝ «աշխատանքին չհամապատասխանելու պատճառով»։

Հետո գործից ազատեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին, որը հարգանք էր վայելում մարզում։ Գյուղվարչության պետը հանդգնել էր դնել իր թեկնածությունը ԱԺ ընտրություններում եւ խանգարել էր դաշնակցությանը։ Հետո ազատվեց ֆինանսատնտեսության վարչության պետից, մի մարդուց, որը հանրապետությունում ճանաչված ու հարգված ֆինանսիստ էր։ Այժմ սկսվել է նոր հաշվեհարդարի ալիք այն համայնքների պետերի եւ դպրոցի տնօրենների դեմ, որոնք ընտրություններին չեն աշխատել դաշնակցության օգտին։ Ու երբ վերջին հավաքում «Երկրապահ» հանրապետականները հուլիսի սկզբներին փորձել են գնահատական տալ եւ կանխել նրա գործողությունները, ընկեր մարզպետը փորձել էր չարախնդալ. «Այդ ոջլոտ մորուքավորները մինչ օրս չեն գիտակցում, որ իմ թիկունքում ՀՀ նախագահն է կանգնած։ Անցյալ տարի էլ ուզում էին պիկետ սարքել»,- փնովում էր ինչ-որ գյուղապետի, որը հայտնվել էր նպաստառուների ցուցակում, այնինչ ընկեր մարզպետի մայրը ընդգրկվել է նպաստ ստացողների ցուցակում։ 1998 թ. դեկտեմբերին արդեն նախկին ֆինբաժնի պետին հանձնարարում է, որ ինչ-որ գումարներ դուրս գրեն եւ հանձնեն իրեն, որին առարկում է ֆինբաժնի պետը, սակայն սպառնալիքի տակ համաձայնվում է եւ շուրջ 400 հազար դրամ դուրս է գրվում եւ յուրացվում մարզպետի կողմից։ Հանձնարարել է մարզպետարանի հարակից խանութներին, որ պարբերաբար իր համար «ընդմիջում» պատրաստեն եւ միակ ընդդիմացողը «Կուկուլ» մականունով խանութի տերն է եղել։ Սպասում ենք նոր վարչապետի արձագանքին։

ԱԼ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031