Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տաշած քարը չեն շպրտի»

Հուլիս 29,1999 00:00
Aleqsandr Agamalyan

Ալեքսանդր Աղամալյանի խորհուրդը ՀՀ նախագահին

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցրեց Քաղաքական խորհուրդը, որն իր գործունեության մեկ տարվա ընթացքում վերածվել էր ազդեցություն չունեցող կուսակցությունների հավաքատեղիի, որտեղ քննարկված հարցերն ու ընդունված փաստաթղթերը, անկախ իրենց կարեւորության աստիճանից, որեւէ ազդեցություն չունեին վարվող տնտեսական եւ քաղաքական կուրսի վրա։ ՔԽ-ի ցրումից հետո կուսակցությունների այս խումբը փորձում է շարունակել կիսատ թողած աշխատանքը՝ ստեղծելով տնտեսական միջկուսակցական խորհուրդ, որն իր առջեւ նպատակ է դրել պատրաստել եւ կառավարությանը ներկայացնել առկա տնտեսական խնդիրների լուծման իր տարբերակները։ Բնականաբար, այս խորհրդին մաս չկազմեցին ընտրություններում հաղթած ՀԺԿ-ն եւ «Հանրապետություն» կուսակցությունը։ Կոմկուսն անհանգստություն է հայտնել, որ խորհուրդը չափազանց կենտրոնամետ է, իսկ ԱԻՄ-ի համար էլ՝ չափազանց ձախ է։ Որպես խորհրդին մաս կազմելու պայման՝ ԱԻՄ-ը առաջարկել է իրեն տրամադրել վետոյի իրավունք, սակայն խորհրդի երեկվա նիստն անլուրջ համարեց այս պահանջը, այն դիտելով որպես ԱԻՄ-ի էքսցենտրիկ երեւալու եւս մեկ արտահայտություն։ «Եթե համաձայն չեն, կարող են հատուկ կարծիք հայտնել, վետոյի իրավունքը ինչ է»,- ասաց ՀՌԱԿ փոխատենապետ Հարություն Առաքելյանը։

ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ Ալեքսանդր Աղամալյանն էլ, քննարկելով ԱԺՄ-ի՝ խորհրդին մաս կազմելու հնարավորությունը, ասաց, որ սա հենց այն կենտրոնամետ ֆորմատն է, որի շրջանակներում կարող է աշխատել ԱԺՄ-ն։ Սակայն Հարություն Առաքելյանն այս հարցում եւս ընդդիմացավ. «Ի՞նչ եք ընկել ԱԺՄ-ի հետեւից։ ԱԺՄ-ի պատճառով է, որ մենք այսօր այս օրին ենք հասել։ Այս ամբողջը սկսվեց Վազգեն Մանուկյանի վարչապետության շրջանից»։

Երեկ Միջկուսակցական սոցիալ-տնտեսական խորհուրդն ընտրեց իր առաջին համակարգողին՝ Ալեքսանդր Աղամալյանին, որին էլ խնդրեցինք պատասխանել մի շարք հարցերի։

– Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չգտավ ՔԽ-ի հետագա գործունեությունը՝ լուծարելով այն։

– ՔԽ-ը ստեղծելը ոչ այնքան նախագահի, այլ «Արդարություն եւ միասնություն» համագործակցության նախաձեռնությունն էր, որի նպատակը ազդեցիկ, բայց ԱԺ-ում չներկայացված կուսակցությունների գործունեության համակարգումն էր։ Նախագահն այն ժամանակ էլ ասել էր, որ թող ՔԽ-ը աշխատի մինչեւ ԱԺ նոր ընտրություններ, եւ այդ ժամանակ պարզ կլինի դրա աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։ Բայց ՔԽ-ը լուծում էր բազմաթիվ հարցեր, որոնք դուրս էին ԱԺ-ի գործունեության դաշտից։ Ինչեւէ, մայիսի 13-ի նիստի ժամանակ, որը, պարզվեց, վերջինն է, որը նախագահում էր նախագահը, մենք հարց բարձրացրինք, թե՝ ի վերջո, լուծարվելու է ՔԽ-ը թե ոչ։ Նա ասաց, թե շատ բարձր է գնահատում մեր աշխատանքը, բայց դրա գործունեությունը կախված է նրանից, թե խորհրդարանում ընտրված մեծ ֆրակցիաները կուզենան աշխատել այս մարմնում, թե ոչ։ Բայց մեր կարծիքով չէր կարելի տաշած քարը վերցնել եւ դեն շպրտել, քանի որ մենք աշխատում էինք ոչ թե մեկ մարդու կամ կուսակցության, այլ հասարակության համար։

– Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ այս խորհրդում հավաքված են Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ուժերը։

– Ես կասեի ժամանակային այլ առումով՝ աջակցած։ Ժամանակը գնում է, եւ դժվար է ասել, թե կուսակցություններից որը որ չափով է պաշտպանում նախագահին։ Կան ուժեր, որոնք ժամանակին պաշտպանել են նախագահին, այսօր սուր քննադատության են ենթարկում նրան, մասնավորապես ՍԻՄ-ը, ԳիԱրՔՄի-ն։

– Այս խորհուրդը ընդդիմությո՞ւն է ներկայանալու գործող կառավարությանը։

– Մենք ոչ նախագահամետ ենք, ոչ էլ կառավարությանն ենք ընդդիմադիր։ Մեր նպատակը կառուցողական աշխատանք կատարելն է, պետության զարգացման համար կարեւոր ծրագրերի մշակումը եւ դրանք իշխանություններին ներկայացնելը։ Եթե կընդունեն՝ լավ է, եթե չեն ընդունի, ապա կներկայացնենք հասարակությանը, որը կտեսնի, թե մեր տնտեսությունը փրկելու ծրագրերն ինչու չեն ընդունվում։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031