ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հեռուստաելույթը Ազգային հեռուստատեսությամբ (հատվածաբար)
Ինչպես խոստացել էի, այսուհետ ամեն ամիս հանդես եմ գալու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող ելույթներով, այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած եւ ձեռնարկելիք քայլերի մեկնաբանությամբ։
Միանգամից պիտի խոստովանեմ, որ երկրի տնտեսության վիճակը ծանր է։ Ծանր է, բայց ոչ անհուսալի։
Հանրապետության բյուջեի ճեղքվածքը ոչ 20 եւ ոչ էլ, փառք Աստծո, 60 միլիարդ դրամ է։ Այսօրվա տվյալներով այն հասնում է 33 միլիարդի։
Կարդացեք նաև
Եթե կարծում եք, թե միայն 1999թ. ստեղծվեց այս վիճակը եւ Արմեն Դարբինյանին, Վազգեն Սարգսյանին պատժելով, ասպարեզից հեռացնելով, վիճակը կշտկվի, ցավոք, խորապես սխալվում եք։ Մի քանի միլիարդով ավել, պակաս, վերջին 4-5 տարիների ընթացքում գրեթե նույն վիճակն է եղել: Պարտքերն ուղղակի ետ ենք գցել, կուտակել ենք եւ վիճակն այսօր հասցրել ենք ճգնաժամի:
Եվ երբ այս ամենից բացի պետական բյուջեում առաջանում է 33 միլիարդանոց ճեղքվածք, վարկատուները մեզ բնական հարց են տալիս՝ հույսներդ ինչի՞ վրա է…
Չե՞ք կարողանում ձեր տանը կարգուկանոն հաստատել, ուրեմն, գնացեք ամենահեշտ, ամենաուղիղ ճանապարհով՝ բարձրացրեք սակագները, կրճատեք բյուջետային ծախսերը: Չե՞ք կարող՝ բարձրացրեք հարկերն ու տուրքերը։
Չե՞ք կարող, հույսներդ մեր վարկերի վրա չդնեք։ Մենք օգնում ենք միայն այն ժամանակ, երբ տեսնում ենք մեր օգնության արդյունքը…
Չե՞ք սթափվի, կշարունակե՞ք խրվել պարտքերի մեջ, վերջում հումանիտար օգնություն կստանաք եւ պարտքերի հետ այլոց կսեփականաշնորհեք երկիրը…
Սիրում ենք դրսերում մեղավորներ փնտրել, հիմա որոշեք՝ ո՞վ է մեղավոր… Եկեք վերջապես քաջություն ունենանք խոստովանելու, որ մեղավոր ենք մենք բոլորս, մեր համընդհանուր անպատասխանատվությամբ եւ անփութությամբ: Վարչապետից, նախարարներից սկսած մինչեւ պետական ծառայողներ ու մասնավոր ձեռնարկատերեր, բիզնեսմեններ, ֆերմերներ, քաղաքացիներ, գյուղացիներ …. Ափսոս են վերջին տարիների մեր հրաշալի ձեռքբերումները՝ անկախ պետականության վերականգնում, պատերազմական հաղթանակներ, ժողովրդավարության սաղմնավորում, միջազգային հարգանք ու ճանաչում։
Մենք պարտավոր ենք, մենք պետք է տեր կանգնենք մեր իրավունքներին, մեր արժանապատվությանը, եւ սա թող իմանան բոլորը։
Հայաստանը 10-ական թվականների Չուկոտկան չէ, եւ ոչ էլ որբ երեխա, որ ով ոնց ուզի, գլուխն այնպես խուզի։
Մոտ ապագայում մենք մեր իրավունքների պաշտպանությանը համատարած եւ շատ կոշտ ենք անդրադառնալու։
Մենք մեր առաջ խնդիր ենք դրել՝ մինչեւ ս/թ հոկտեմբերի 1-ը մարել ժողովրդին ունեցած աշխատավարձերի, թոշակների, նպաստների պարտքերը։ Մինչ այդ, իհարկե, պարտավոր ենք փակել նաեւ բյուջեի ճեղքվածքը։
Սակագների բարձրացման եւ բյուջեի կրճատման մենք, իհարկե, չենք գնա։
Դա թերեւս լինի, հատկապես, արտասահմանյան ծխախոտի եւ բենզինի ակցիզների որոշակի բարձրացման հաշվին։ Իրապես դժվարին, բայց հարկադրված քայլ է։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ թանկացումներն էապես չազդեն շուկայի եւ մեր ժողովրդի առանց այն էլ ծանր վիճակի վրա։
Այս միջոցառումները չիրականացնելու դեպքում, մենք, իհարկե, չենք ստանա Համաշխարհային բանկից եւ ԱՄՀ-ից սպասվելիք 25 եւ 28 միլիոնանոց վարկերը՝ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար։