Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանը մեղադրում է Թուրքիային

Հուլիս 29,1999 00:00
turqia

Իրանը մեղադրում է Թուրքիային Իրանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունները, որոնք Իսլամական Իրանի պատմության մեջ կմնան որպես «երկու հակադիր ուժերի միջեւ պայքարի սրման» նոր հանգրվան, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իրանական հասարակայնությունը ցանկանում է ճշգրտումներ մտցնել երկրի կառավարման համակարգի մեջ՝ խորացնելով դեմոկրատացման պրոցեսները։

Անշուշտ, վերջին իրադարձություններն ունեին իրենց խոր ակունքները, որոնց սկիզբը դրվել է 1997 թվականի մայիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետեւանքով գործադիր իշխանության ղեկը ստանձնած Խաթամիի օրոք, որն իր նախընտրական շրջանում խոստացել էր իրականացնել բարեփոխումների մի ամբողջ շարք։ Դա վերաբերում էր նաեւ խոսքի ազատությանն ու հրապարակայնությանը։

Այդ ընթացքում լույս տեսան նախագահ Խաթամիի որդեգրած հրապարակայնության ծնունդը հանդիսացող մի շարք պարբերականներ, որոնք հանրության քննարկմանն էին ներկայացնում հասարակության ամենախոցելի պրոբլեմները։

Վերջերս երկրի պահպանողական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իրանի մեջլիսի կողմից մամուլի մասին ընդունված օրինագծի հրապարակումից հետո արգելված «Սալամ» օրաթերթի համար Թեհրանի ուսանողության անցկացրած բողոքի ցույցը հանդիսացավ հուլիսյան հայտնի իրադարձությունները բորբոքող կայծը, որի ընթացքում տեղի ունեցան անկարգություններ եւ բռնարարքներ, եղան նաեւ անմեղ զոհեր։ Իշխանությունները ներկայումս փորձում են պարզել անկարգությունների հանգամանքներն ու դրանց հեղինակների ինքնությունը։

Զանգվածային ցույցերից ու դրան հետեւած բռնարարքներից հետո, հեղափոխության առաջնորդ Խամենեիի կոչով տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս եկան Թեհրանի եւ այլ քաղաքների փողոցներն՝ իրենց զորակցությունը հայտնելով երկրի կրոնապետին եւ կրոնապետական կարգերին։

Իրանական հեռուստատեսությունն ու ռադիոն հրապարակում են անվտանգության մարմինների կատարած աշխատանքների արդյունքները։ Փաստեր են ներկայացվում այն մասին, որ նշված անկարգությունները հրահրվել են արտասահմանից։ Այդ առումով մեղադրանքների սուր ծայրն ուղղված է Թուրքիային։ Հեռուստատեսությամբ եւ մամուլով փաստեր են բերվում այն մասին, որ ուսանողական շարժման ղեկավարները Թուրքիայում գաղտնի հանդիպումներ են ունեցել։ Նման կասկածների համար Իրանը հիմք է ընդունում Թուրքիայի վարչապետ Էջեւիթի այդ օրերին արած հայտարարությունը։ Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցող ցույցերի ժամանակ Էջեւիթն ասել է. «Իրանի ժողովուրդն ունի բարձր մշակույթ եւ հարուստ պատմություն։ Նրանք չէին կարող երկար ժամանակ հանդուրժել այդ խիստ եւ հնացած ռեժիմը, ուստի այդ տեսակետից դա (խռովությունը) բնական է»։

Այդ հայտարարության պատճառով, ինչպես նաեւ Իրանի օդային տարածքն անցնելու եւ հրթիռակոծելու, նաեւ պետական սահմանը խախտելու մեղադրանքով, որի ժամանակ, ըստ Իրանի պաշտոնական աղբյուրների, զոհվել են անմեղ քաղաքացիներ, մեկ շաբաթվա ընթացքում երեք անգամ արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել Իրանում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը։ Իրանը պահանջում է, որպեսզի Թուրքիան պաշտոնապես ներողություն խնդրի եւ փոխհատուցի հասցված վնասները։ Սակայն Անկարան ոչ միայն չի ցանկանում ներողություն հայցել կամ վնասը հատուցել, այլեւ փոխադարձաբար մեղադրում է Իրանին՝ PKK-ի զինյալներին ապաստանելու եւ վերջիններիս Թուրքիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար պայմաններ տրամադրելու հարցում, ավելացնելով, որ Իրանն իր ստանձնած դերով ներկայումս փոխարինում է Սիրիային։

Իրանի էքսնախագահ Ռաֆսանջանին հուլիսի 23-ին՝ ուրբաթօրյա հավաքական քարոզի ժամանակ, նշել է, որ Թուրքիան, լինելով Իրանի հարեւան երկիրը եւ առեւտրական գործընկերը, որն Իրանի հետ իրականացնում է մի շարք համատեղ խոշոր ծրագրեր, իրավունք չուներ նման կեցվածք ընդունելու։ Այնուհետեւ Ռաֆսանջանին ավելացրել է. «…Թուրքիան ոչ միայն հայհոյել է մեզ, այլեւ ագրեսիա է գործադրել մեր նկատմամբ»։ Իրանական մամուլի որոշ ներկայացուցիչներ այս օրերին հաճախ են հանդես գալիս Թուրքիային ուղղված սպառնալից հայտարարություններով՝ պահանջելով իշխանություններից ռազմական գործողություններ սկսել Թուրքիայի դեմ։

Սակայն, մեր կարծիքով, Իրանի եւ Թուրքիայի իշխանություններն ի վերջո կգտնեն այդ խնդիրների կարգավորման ուղիները, մանավանդ, որ արդեն այդ փորձը կա։

Համենայնդեպս, Հայաստանն Իրանի այն հարեւանների շարքին է դասվում, որոնք ցանկանում են Իրանը տեսնել կայուն եւ կառավարելի։ Հայաստանը ցանկանում է օր առաջ լուծված տեսնել Իրանի թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին պրոբլեմները։ Դա բխում է ե՛ւ մեր ե՛ւ ամբողջ տարածաշրջանի շահերից։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին

Արեւելքի վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031