Ասացին փաստաբաններ Ռուբեն Ռշտունին ու Տիգրան Ջանոյանը։
Իսկ այս քրեական գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտող միջնորդությանն ի հաստատումն, թե Վանո Սիրադեղյանին ներկայացված մեղադրանքների ձեւակերպումը «սխեմատիկ են, զուրկ նկարագրությունից եւ բովանդակությունից», նրանք մի քանի օրինակներ միայն բերեցին։
Տիգրան Ջանոյան– Կարելի էր տասնյակ օրինակներ բերել, բայց հետո մտածեցի, թե քանի դեռ գործն իրենց թաթերի մեջ է՝ դատախազությունը կարող է ուղղել սխալները, եւ կկանգնենք ծակ տաշտակի առաջ։ Նախադեպեր կան, որ մեր շտապողականության պատճառով նախաքննության մարմնին հնարավորություն ենք տվել կուլիսներում որոշ շտկումներ մտցնել։ Այս միջնորդությունն իրավական երկխոսության դաշտում մնալու վերջին հնարավորությունն էր՝ անցնելու ենք ուժային դաշտ։ Մարդուն տասնյակ դրվագներով ծանրագույն մեղադրանքներ են առաջադրել՝ ոչինչ չասող ձեւակերպումներ օգտագործելով։
Կարդացեք նաև
-Այնուամենայնիվ, գործն արդեն ուղարկվել է դատարան։ Պաշտպանական կողմն այժմ իրեն դատաքննությանը լիարժեք պատրաստվա՞ծ է համարում։
Ռուբեն Ռշտունի– Հույս ունեմ, որ իրեն հարգող դատավորն առնվազն մի երկու ամիս պետք է ծանոթանա այդ գործի նյութերին։ Այլ կերպ նա միանգամից կապացուցի, որ չի ցանկանում ծանոթանալ դրանց։
Տիգրան Ջանոյան– Սա բացարկի հիմք է։ Եթե 10 օր հետո նշանակվի այս գործի դատաքննությունը՝ ուրեմն, ե՞րբ է այդ 40 հատորներն ուսումնասիրել։ Կնշանակի, որ ունի երկու էջանոց մի ցուցում, որը փոխարինում է 40 հատորներին։
Ռուբեն Ռշտունի– Եթե դատարանը ցանկանա մեր իրավունքները պաշտպանել՝ պարտավոր է տրամադրել այն ամենը, ինչ շարադրված է մեր միջնորդությունների մեջ՝ իրեղեն ապացույցները, քննչական գործողությունների տեսագրությունը եւ այլն։
Տիգրան Ջանոյան– «Չոր» արձանագրությունները մեզ չեն բավարարում, ես ուզում եմ տեսնել՝ քննչական գործողություններն օրինակա՞ն են եղել։
Ռուբեն Ռշտունի– Նախաքննական մարմնի մեղքն է, որ արհեստականորեն սահմանափակեցին մեր իրավունքները եւ այս հարցերը փորձելու ենք դատարանում լուծել, իսկ դա նշանակում է՝ դատաքննության հենց առաջին օրվանից սկսվելու են միջնորդություններ, ձգձգումներ…
-Արմեն Տեր-Սահակյանի խմբի պաշտպանների դեմ տուժողների եւ նրանց հարազատների հարձակումներն աչքի առաջ ունենալով՝ մտավախություն չունե՞ք, որ ձեզ էլ է այդ հեռանկարը սպասվում այս դատավարության ընթացքում։
Ռուբեն Ռշտունի- Այն, որ փաստաբանների նկատմամբ ոտնձգություններ են կատարվում՝ այնտեղ գտնվող ՆԳ աշխատակիցների մեղքն է։ Երեւի թե անհրաժեշտ միջոցներ չեն կարողանում ձեռնարկել։ Եվ եթե ՆԳ աշխատակիցներն ի վիճակի չեն այնտեղ կարգ ու կանոն ապահովել, գուցե ՆԳ նախարարը պիտի մտածի այդ անձնակազմի փոփոխմա՞ն վերաբերյալ։
Ցանկացած փաստաբան, որի նկատմամբ ոտնձգություն է կատարվել, իրավունք ունի դիմել դատարանին եւ դատական նիստին չներկայանալ մինչեւ այն պահը, երբ կապահովվի նրա անվտանգությունը։ Մինչ այսօր ինձ դատարանի դահլիճ չեն թողնում այն պատճառաբանությամբ, թե իբր իմ դեմ ոտնձգություններ են պատրաստվում։
-Ի տարբերություն դաշնակցականների դատավարությունների՝ այս անգամ հասարակական կարծիքը, պաշտպանների կողմնակիցը չէ։ Սա ձեր խնդիրը չի բարդացնի։
Տիգրան Ջանոյան– Հասարակական կարծիքի խնդրին առանձին կանդրադառնանք, բայց նախապես նշեմ, որ այստեղ արհեստական ուղղորդման պահ կա։
Ռշտունուն ձեր հարցի առնչությամբ հավելեմ, թե մտավախություններ չունենք, այլ առկա են մտահոգություններ։ Արմեն Տեր-Սահակյանի դատավարության ընթացքում առայժմ վիրավորում, սպառնում եւ ծեծում են միայն պաշտպանության ներկայացուցիչներին, բայց ապահովական միջոցներով պաշտպանված է միայն դատարանը՝ չնայած դատարանի նկատմամբ առայժմ որեւէ հայհոյանք, սպառնալիք կամ անհարգալից վերաբերմունք չկա։ Սա ե՛ւ անհեթեթ է, ե՛ւ ծաղր պետության հասցեին։ Սահմանադրությամբ պաշտպանությունը նույնպես ճանաչված է որպես պետական կարեւորագույն միջոցառում եւ պետք է հավասար մոտեցում լինի ինչպես դատարանի ապահովական խնդիրների առումով, այնպես էլ պաշտպանների, որոնցից համարյա բոլորի նկատմամբ ծեծ ու ջարդ է կազմակերպվել։
Օգտագործում են տուժողների զգացումները՝ քաղքենիական, անգամ իր վշտի մեջ իր վեհությունը չպահելու որոշակի հանգամանքները։ Եվ այս բոլորը դատարանի աչքի առաջ, օրը ցերեկով, հասարակական կարգը պահպանող մի ամբողջ մասնագիտացված խմբի ներկայության պայմաններում…
Այս ամենը լուրջ մտահոգության առիթ է եւ, գտնում եմ, սրանով պաշտպանական կողմի ակտիվությունը կոտրելու անհաջող փորձեր են ծավալում։ Դատարանը բազմիցս տեղեկացվել է, որ պաշտպանական կողմի նկատմամբ նման ակնհայտ ապօրինի գործողություններ են ձեռնարկվում։ Ոչ մի համապատասխան միջոց ձեռք չի առնվել եւ երկու թիկնապահներով շրջապատված դատավորն ասում է, որ դա իր խնդիրը չէ…
Գրի առավ
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ