Կատակով, բայց դիպուկ ասված այս խոսքերը ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը նախատեսել էր «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարներից մեկի նուրբ լսողության համար։ Սակայն այն որսաց նաեւ «Առավոտի» ձայնագրիչը, որը պատահաբար վերջինիս ականջի մոտ էր։
ՀՀ վարչապետը երեկվա իր աշխատանքային օրվա մի մասը նվիրեց Քանաքեռի ալյումինի գործարան կատարած այցելությանը, մյուս մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնափոխադրումների համալիրի, մաքսային եւ սահմանային գոտիների։ Սկսենք վերջից՝ օդանավակայանից։
Ակնհայտ էր, որ վերջին տարիներին Վազգեն Սարգսյանը, որպես «սովորական» ուղեւոր, անմիջականորեն չի շփվել օդանավակայանի սահմանային, մաքսային գոտիների «կոլեկտիվի» հետ։ Ու անկեղծորեն հետաքրքրվում էր ամեն ինչով։ Մասնավորապես՝ քանի՞ հոգու է հանդիպում արտասահմանից ժամանած պատվավոր հյուրը օդանավակայանում։ «Երե՛ք, պարո՛ն վարչապետ, երե՛ք»,- աչքերը միամտորեն ճպճպացնելով եւ իրենց ասածին հավատալով՝ պատասխանում էին նրան։ Ամենահետաքրքիրը վարչապետի նկատառումներն էին «Զվարթնոցի» ռեստորանում, որի դիզայնը պրն Սարգսյանին ամենեւին դուր չեկավ. «Այն ինչ է, է՜, է՛ն, որ կապիկները վրան նստում են։ Խորհուրդ կտայի էդտեղից հանել. ինչ-որ պարսկա-հնդկա-ճապոնա-հունական ոճով է, լավ չի։ Տարեք թափեք։ Գոնե էս արհեստական ծաղիկները տարեք սաղ թափեք, իսկապե՛ս լավ չի»։
Ռեստորանի տնօրենը եւ վարչապետին ուղեկցող բոլոր պաշտոնյաները լրջորեն գլխով էին անում։ Նկատելով նաեւ ապակիների կեղտը՝ վարչապետը դարձյալ դժգոհեց. «Ապակիներն ահավոր են»։ Բայց թե՛ նա, թե՛ հատկապես Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը զգացին, որ ամեն ինչ կորած չէ եւ զուգարաններից հոտ չի գալիս։ Պրն վարչապետն օդանավակայանում դիմավորեց Աթենքի ռազմական ակադեմիայում ուսանող հայ սպաներին, որոնք եկել էին հայրենիքում հանգստանալու, հետաքրքրվեց՝ ամուսնացող-բան չի՞ եղել։ Պատասխանը գոհացնող էր՝ ոչ, ամուսնության դեպք չի գրանցվել։ Ապա Հարուն ալ-Ռաշիդ թագավորի պես նստեց նստարանին եւ հայացքով բարի ճանապարհ մաղթեց Մոսկվա մեկնողներին։ Օդանավակայանում մարդիկ վարչապետին բարեւում էին հոտնկայս, մի փոքր ձգված (կամ վախեցած)։
Կարդացեք նաև
Ի դեպ, վերնագրում հիշատակված «տղաներին» պարոն Սարգսյանը հիշեց այն բանից հետո, երբ օդանավակայանի ղեկավարներին լավ (եվրոպական) ճաշակի դասեր եւ խորհուրդներ էր տալիս։ Ահա այստեղ էլ (չենք ժխտում, որ թեթեւ հեգնանքով) հույս հայտնեց, որ բավական է «տղաները» մի երկու անգամ այստեղով գնան-գան, ամեն ինչ իր տեղը կընկնի։ Գոնե՝ ճաշակի առումով։
Իսկ ի սկզբանե ալյումինի գործարանն էր։ Տնօրեն Ռուբեն Ենգոյանը մեծ հույսեր էր կապում վարչապետի այցելության հետ (ի դեպ, այցելության նախաձեռնությունը վարչապետինն էր)։ Գործարանի «մայր» պարտքը պետությանը 530 հազար դոլար է։ Ֆրանսիական եւ սանկտպետերբուրգյան ձեռնարկությունների հետ գործարանը նպատակ ունի համատեղ ձեռնարկություն ստեղծել, որի համար ակնկալում է վարչապետի համաձայնությունը եւ «նրա ցույց տված ճիշտ ուղղությունը», ապա եւ՝ 3 տարվա մեջ գոնե մի 16-18 մլն դոլարի ինվեստիցիա։ Գործարանը տասը տարի չի վերանորոգվել։ Սակայն եկավ վարչապետը, շրջեց աշխատող արտադրամասերում, շոշափեց արտադրվող փայլաթուղթը եւ խոստացավ, որ, ամոթ է, գոնե գործարանի 50-ամյակին (որը հաջորդ տարի է լրանում) այն պետք է կարգին տեսք ունենա։ Բակում մի բրոնզագույն արձան կար, որը հումորով «Անհայտ մետալուրգի արձան» են կոչում։ Այնտեղ թարմ ծաղիկներ չդրվեցին։
Վարչապետին այս շրջագայության ընթացքում ուղեկցում էին երբեմնի վարչապետ եւ ներկայիս վարչապետի հարգանքի օբյեկտ Ֆադեյ Սարգսյանը, արդյունաբերության նախարարն ու Կենտրոնական բանկի նախագահը։ Գործարանի արտադրանքի՝ փայլաթղթի դերը պարոն վարչապետը շատ կարեւորեց։ Իսկ, ա՛յ, «Նաիրիտը», ըստ վարչապետի՝ վերջին տարիներին պետությանը 14 մլրդ դրամի պարտք ունի, եւ «դա սարսափելի է»։ Պիտի կայացվի «քաղաքական, համարձակ որոշում. կա՛մ «Նաիրիտի» հետագա գործարկման կարգը պետք է որոշվի, կա՛մ այն պետք է լուծարվի։ Այլապես թողնել այսպես պետության, ժողովրդի վզին… Կրկնում եմ՝ 14 մլրդ դրամի պարտք՝ միայն էներգետիկներին»։
Գործարանում շրջելիս՝ վարչապետը չմոտեցավ (կամ չնկատեց) այն հատուկենտ բանվորներին, որոնք սրտատրոփ սպասում էին՝ «Հիմա վարչապետը հաստատ կմոտենա»։ Վարչապետը չմոտեցավ, բնականաբար՝ եւ չզրուցեց նրանց հետ, խրախուսական չթփթփացրեց նրանց ուսերին։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ