Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԹԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԷԼ ԱՇԽԱՐՀ ԿԱ (ՀԱՍՏԱՏ)

Հուլիս 28,1999 00:00
kino

Մոսկովյան միջազգային 21-րդ կինոփառատոնի առաջին օրերի խառնաշփոթն ու աղմուկը կամաց-կամաց հանդարտվում են։ Մասնակիցներն ու հյուրերն ընտելացան, որ հնարավոր չէ փառատոնի ամբողջ ծրագրին ու ընթացքին միաժամանակ ներկա լինել, քաղաքի 5-6 կինոթատրոններում, Կինոյի տանը, մշակութային մի քանի կենտրոններում օրվա տարբեր ժամերի մրցութային ու հատուկ ոչ մրցութային ֆիլմեր են ցուցադրվում։ Ֆիլմերի մեծ մասը կոմերցիոն է եւ արդեն մի շարք կինոպրոդյուսերներ ու կինոռեժիսորներ իրենց ֆիլմերը գնելու առաջարկներ են ստացել։

Կինոշուկան բաց է, սակայն վաճառվող ֆիլմերն ավելի շատ են, քան գնորդները։ Մոսկովյան «մեգապոլիսում» այս մեծ կինոփառատոնը միայն որոշակի՝ կինոարվեստով զբաղվող ու հետաքրքրվող մշակույթի գործիչներին է իր շուրջը հավաքել։ Նշեմ, որ կինոփառատոնի կազմակերպման համար պետությունը տրամադրել է 2 մլն 400 հազար դոլար, ինչպես նաեւ հովանավորել են մոսկովյան մի շարք կազմակերպություններ։ Մոսկվացիներից շատերն, ինչպես միշտ, իրենց առօրյա նույն կյանքով են ապրում, կարծես փառատոնն իրենց մեջ չէ, ոչ էլ իրենց կողքով անցնում է։ Ի դեպ, Մոսկվայում երեկ ավարտվեց եւս մեկ փառատոն՝ հայրենական գարեջրի տոնը՝ Գարեջրի մոսկովյան մեծ փառատոնը, որը հուլիսի 17-25-ը կայացավ «Լուժնիկի» մարզադաշտում, որտեղ «Արարատ» ֆուտբոլային թիմը 1973-ին հաղթող դարձավ։

Հուլիսի 24-ին Ռոլան Բիկովի անվան ֆոնդի «Ռոլան» կինոթատրոնում բացվեց նաեւ երիտասարդ կինեմատոգրաֆիստների ֆորումը, որի նախագահն է Բորիս Հայրապետյանը։ Ֆորումի նպատակն է՝ ներկայացնել երիտասարդ կինոգործիչների ստեղծագործությունները, որով դիտողը պատկերացում կկազմի 21-րդ դարի կինեմատոգրաֆի վիճակի մասին։

Ցուցադրվում են կարճամետրաժ, դեբյուտային, ուսանողական ֆիլմեր, որոնք «Սբ. Աննա» կինոփառատոն-մրցույթի մրցանակակիրների ստեղծագործություններն են։ Ցուցադրվում են նաեւ 1998-99 թթ. ԱՊՀ-ի եւ Բալթյան երկրների, Իսրայելի, Իսպանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի երիտասարդ կինոգործիչների լիամետրաժ ֆիլմերը։ Ծրագրի շրջանակներում «master-class»-ներ են ունենալու Նիկիտա Միխալկովը եւ Ալեքսեյ Գերմանը։ Լավագույն դեբյուտային ֆիլմի համար «Կոդակ ԲԸ» եւ «Սբ. Աննա» կինոմրցույթի կազմակերպիչները 10.000 մետր «Կոդակ» կինոժապավեն են նախատեսել՝ որպես մրցանակ։ Դեռ շարունակվում է նաեւ ԱՊՀ եւ Բալթյան երկրների կինեմատոգրաֆիայի ֆորումը։ Ֆորումին ցուցադրվում են նախկին խորհրդային հանրապետությունների վերջին 10 տարվա ֆիլմերը։ Քննարկումներ են անցկացվում՝ այդ տարիների միմյանց անհայտ կինոպրոցեսների մասին։ Քննարկումները ցույց են տալիս, թե նախկին խորհրդային հանրապետությունները, որ հիմա մեկուսացած են իրարից, ինչպես են մտածում, կինոարվեստն ինչպես է զարգանում։ Պարզվում է, որ թեեւ իրավիճակն ու «հիվանդությունները» գրեթե նույնն են, սակայն կինեմատոգրաֆիա, այնուամենայնիվ, կա։ Շատ հետաքրքիր ֆիլմեր են ֆորումին ներկայացրել թուրքմենները, ղազախները, ադրբեջանցիները, ուկրաինացիները։

Հայաստանից ֆորումին ներկայացված է միայն Վ. Չալդրանյանի «Տեր ողորմյա» ֆիլմը, քանի որ 98-ին մեր ֆիլմերն անավարտ են մնացել։ Հայաստանից ֆորումին հրավիրված է կինոքննադատ Դավիթ Մուրադյանը. «Պարզվեց, որ այդ հանրապետություններում առանձնապես չեն ոգեւորված կոմերցիոն կինեմատոգրաֆիայով, փորձում են այս աշխարհում իրենց տեղը գտնել։ Այդ ֆիլմերը տարբեր փառատոներում հաջողությունների են հասել, բայց ժողովուրդն ու կինոն ապրում են իրարից անջատ, երկխոսության մեջ չեն մտնում։ Թեեւ, ի տարբերություն Հայաստանի, Լիտվայում չորս կինոթատրոններ վերակառուցվել են Եվրամիության աջակցությամբ, եւ մարդիկ կինոթատրոններ գնում են։ Քննարկումները նվիրված էին վերջին 10 տարվա հետխորհրդային շրջանի կինոպրոցեսի զարգացմանը, օրինաչափություններին ու միտումներին։ Եվ խոսվում էր, որ կինոյի ու հանդիսատեսի (ժողովրդի) միջեւ անջրպետը սկսվել է այն պատճառով, որ այլեւս վերջին տասնամյակում մշակույթը չի գիտակցվում որպես մարդու կյանքի հիմնական ձեւերից մեկը։ Ես, իմ ելույթում ասացի, որ խորհրդային իրականության մեջ, որտեղ դուրս էր մղված կրոն հասկացությունը, դրա տեղը գրավել էր մշակույթը։ Եվ մարդը այն իրականությանը, որի հանդեպ վեճ ուներ, այդ իրականությանը, իրեն հակադրում էր մշակույթը։ Բոլոր բանավիճողները հանգում էին նրան, որ կա երկու ճանապարհ։ Առաջինը՝ գնալ դեպի կինեմատոգրաֆի կոմերցիալիզացիան, բայց այդտեղ մենք արեւմուտքի ստանդարտները գերազանցել չենք կարող։ Այսինքն՝ այդ ճանապարհով գնացող կինեմատոգրաֆիան դառնում է արեւմտյան կինոյի բավական դժգույն ու աղքատիկ արտացոլանքը։ Երկրորդ ճանապարհը՝ սեփական այգին մշակելն է, այսինքն՝ հավատարիմ մնաս ինքդ քեզ եւ ստեղծես քո էսթետիկական կինոն, եւ քո ժողովուրդը աշխարհի հետ կփորձի խոսել իր «լեզվով»։ Գերմանացի կինոքննադատ Հանս Շլեգելը, որ լավ գիտի հայ կինոն, ասաց՝ թող արեւելքի երկրները չփորձեն արեւմուտքի երկրների ստանդարտները մեխանիկորեն կրկնել։ Այդ դեպքում նրանք արդեն հետաքրքիր չեն դառնա հենց արեւմուտքի համար։ Ասաց՝ թող իրենք հավատարիմ մնան իրենց աշխարհին, եւ այդ դեպքում արեւմուտքը կնկատի իրենց կինոն։ Դժվար ճանապարհ է, բայց միայն այդ դեպքում դու քո ինքնուրույն գեղարվեստական ներկայությունը աշխարհում կպահես»։

Հաջորդ քննարկման թեման՝ ազգային մշակույթի, մասնավորապես կինոյի բազմամշակութային, ստանդարտների այս աշխարհում ունեցած փոխակերպումների մասին կլինի։

Ֆորումին ամենավատը ներկայացել էր Հայաստանը (էլ չեմ խոսում փառատոնի մասին)։ Եվ սա միայն կինոյի հարց չէ, այլեւ երկրի ներկայության խնդիրն է։

-Մենք այդքան խոսում ենք ազգային կինոն պահպանելու գոնե մինիմալ երաշխիքների մասին, որպեսզի որպես նորմալ երկիր, որը մասնակցում է համաշխարհային քաղաքակրթությանը, նման ֆորումներին ներկայանանք լիարժեք դեմքով՝ ե՛ւ քանակով, ե՛ւ որակով։ Կամաց-կամաց մեր տեղը նվազելու է, մեզ մոռանալու են, դուրս են մղելու… եւ, իհարկե, հենց մեր մեղքով։ Հայաստանում շատ ենք խոսում, թե պիտի մտնենք քաղաքակիրթ աշխարհ։ Բայց այդ աշխարհ մտնելու ձեւերը սրանք են եւ ոչ թե Երեւանը կազինոներով հեղեղելը։ Տպավորություն է, որ մեր ժողովուրդը երազում էր այս անկախությունը, որ ամեն խաչմերուկում մի կազինո տեղադրի,- ասում է Դ. Մուրադյանը։

ԱՊՀ նշված բոլոր երկրներն էլ Հայաստանից ոչ պակաս տնտեսական ճգնաժամ են ապրել ու ապրում, բայց նման երեւույթների կարեւորությունը գնահատում են ու ոչ միայն մասնակցում, այլեւ միանում մեծ կինո (ոչ միայն) պրոցեսներին։ Հեռվից ավելի լավ է երեւում, որ բոլոր բնագավառներում ու հարցերում հայերը, Հայաստանը իրենց քթից այն կողմ ոչինչ չեն ուզում տեսնել ու չեն տեսնում։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ,

Մոսկվա,

«Առավոտի» թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031