Լրահոս
Օրվա լրահոսը

Ափաշկարա… անպատասխանատվություն

Հուլիս 28,1999 00:00
datakan

Հաճախ կարող ես լսել բարձրաստիճան պաշտոնյաներից այս կարգի տրտունջներ. լրագրողը իրավաբանությունից ոչինչ չի հասկանում, լրագրողը փաստաբանների ձեռքի գործիք է դարձել, լրագրողը իրավունք չունի մեր սիրեցյալ դատավորների, դատախազների աչքի շյուղը նկատել (եւ դեռ… շյուղ էլ ներկայացնել) եւ այլն, եւ այլն։

Իհարկե, այս անվերջ պտտվող մոլորակի վրա ամենադյուրինը սեփական անճարակությունը քողարկելն է, առավել դյուրինը՝ պատասխանատվությունից խույս տալը։ Մեր կարծիքով, սակայն, ոչ մի արժեք չունի իրավաբանական այն կրթությունը, դատախազ-դատավոր-քննիչի զբաղեցրած այն պաշտոնը, որը չի ծառայում օրենքին եւ օրենքի գերակայությանը։

Հունվարի 12-ից անցել են ամիսներ արդեն։ Այդ պատմական օրը ընտրվեցին կամ թե նշանակվեցին դատավորներ։ «Առավոտը» բազմաթիվ անգամ անդրադարձավ վերոնշյալ «պատմական» իրողությանը, դուր չգալով հատկապես նրանց, ովքեր տնօրինում են «բարեփոխված» արդարադատությունն ու… իրավական «խո՜ր» գիտելիքներ ունեն (հիշենք, թե տարիներ առաջ ինչպես էին ծառայում նրանք նախկին համակարգին։ Եվ կրկին փաստենք, որ այդ հարգարժան իրավաբաններից շատերը միայն վերջերս են ավարտել իրավաբանական կոոպերատիվները, այն էլ… հեռակա – Ռ. Մ.)։ Եվ ահավասիկ այնքան խոր գիտելիքներ ունեն, որ կարող են ամիսներ շարունակ պատասխան չգտնել մի պարզ հարցի, որ կարող են արհամարհել անգամ իրենց գործընկերոջ իրավունքները, որը հնարավոր էր նույն զինանշանի տակ նստած լիներ, եթե դատավորների գիտելիքների ստուգման քննություններին ստանար ոչ թե 100 առավելագույն միավորը, այլ ավելի ցածր, այնքան ցածր, որ… դառնար դատավոր։

Ժուլվեր Մուրադյանը վեց ամիս շարունակ նամակներ, դիմումներ է ուղարկում հանրապետության թիվ մեկ (թե՝ առաջին) արդարադատության երաշխավորին, Ազգային ժողովին, գլխավոր դատախազին, հասարակական կազմակերպություններին, որ ստացել է պահանջվող առավելագույն բարձր միավորը (եւ համակարգչային, եւ բանավոր հարցազրույցի ժամանակ), որ չի նշանակվել ոչ միայն դատավոր, այլ նույնիսկ չի ընդգրկվել դատավորների պաշտոնեական պիտանիության ցուցակում (ի դեպ, որոշ «գերազանցիկ» դատավորների քննություններն էլ ենք հիշում։ Արդյունքը՝ նրանց նախագահությամբ այսօր քննվող գործերն են, խայտառակ դատերը – Ռ. Մ.)։

Մեր կարծիքով իրավական գիտելիքներ պետք չէ ունենալ, պատասխանելու տվյալ դեպքում Ժուլվեր Մուրադյանին. «Ելակետային եւ անցողիկ համարվող 94 միավորները տասնյակ խումբ անձանց համար վճռական են դարձել, եւ նրանք աշխատում են դատավոր, իսկ ամենաբարձր հնարավորությունների առավելագույնը՝ 100 միավորներ ստացողը եւ մյուս համալիր պահանջներին գերազանց բավարարողը անանցողիկ է համարվել». ձեր չընթերցած դիմումի տողերից է։

Մեզ համար նույնպես անհասկանալի է.

1. Ինչո՞ւ ամենաբարձր միավորներ հավաքած հավակնորդը տեղ չի գտել ցուցակներից որեւէ մեկում։

2. Եթե 100 միավորով դատավոր չեն դարձել եւ կամ պիտանիության ցուցակում չեն հայտնվել, մնում է մեզ ենթադրել, որ այսօրվա գործող բոլոր դատավորները ստացել են… 101-ից բարձր միավորներ (որը գոյություն չունի – Ռ. Մ.)։

Իսկ ի՞նչ կա «թաքցնելու». հրապարակեք, թե ո՞վ է ստացել 100 միավոր (նույնիսկ 100-ից ցածր) եւ դարձել դատավոր (կամ չի դարձել)։ Իսկ ընդհանրապես Ձեր գործընկերոջը չպատասխանելը կապ չունի մասնագիտական կրթության հետ, կապ ունի մարդու իրավունքների պաշտպանության խնդրի հետ, որը դատական բանահյուսությունից այն կողմ չի անցել։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031