Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՐՋ» ԿՈՂՄԸ

Հուլիս 28,1999 00:00
qnnutyunner

Քննասենյակներում արտառոց երեւույթների ականատես լինելու լրագրողներիս շանսը գրեթե հավասար է զրոյի։ Քննության կազմակերպիչներն էլ, ոչ շաբլոն տեղեկություններ տրամադրելիս, առանձնապես շատախոս չեն։

Ավելին, ոմանք, ասենք կենսաբանության առարկայական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կրասնիկովը դիտողություն արեց, թե լրագրողները գալիս են քննասենյակներ միայն սենսացիաներ գտնելու մտադրությամբ։ Դե, դա էլ լրագրողի թուլությունն է, ընդ որում՝ ընթերցողների պարտադրած։ Բայց երեկվա զրույցները հանձնաժողովների նախագահների հետ, կարծում ենք (պրն Կրասնիկովը դա նույնիսկ չթաքցրեց), որ իսկը նրանց սրտով էին՝ լո՜ւրջ, բովանդակային։

Գնահատման չափանիշները՝ հակասական

ԵՊՀ-ում անցկացվող հայոց լեզվի գրավոր քննության առարկայական հանձնաժողովի նախագահ Սեյրան Գրիգորյանն անցյալ տարի էլ էր այս հանձնաժողովի նախագահ, այնպես որ զուգահեռներ անցկացնելու լավ հնարավորություն կար։ Բայց առաջին զուգահեռը հայոց լեզվի՝ ԵՊՀ-ում եւ ԵԲՀ-ում անցկացվող քննությունների արդյունքների ընդգծված տարբերությանն էր առնչվում։ Ասվել էր, որ այս տարի հայոց լեզվի գրավոր քննություն հանձնող դիմորդների բաժանումը երկու հանձնաժողովների միջեւ զուտ տեխնիկական է, քանի որ այս առարկայի քննությունը ոչ մրցութային մասով դպրոց տեղափոխելն արդեն անիմաստ էր դարձնում նախորդ տարվա սկզբունքը, երբ բաժանումը կատարվում էր ըստ մասնագիտացման (հումանիտար ու տեխնիկական)։ Եվ եթե նախորդ տարի երկու հանձնաժողովների նշանակած գնահատականների միջեւ տարբերությունը ինչ-որ տեղ բնական էր, ապա այս տարի զարմանալի էր 20 միավորների թվով ԵՊՀ-ի գերազանցությունը (մոտ կրկնակի) ԵԲՀ-ի նկատմամբ։ Սրան Սեյրան Գրիգորյանը պատասխանեց.

-Մենք շատ լուրջ պրոբլեմ ունեցանք այս տարի, որովհետեւ դիմորդներին խառը, հավասար բաժանել ենք երկու մասի։ Այլ սկզբունք, իմ տեղեկություններով, չի եղել։ Հարցատոմսերը կազմել ենք նույն սկզբունքներով, նույն նյութի հիման վրա, միասին ենք ճշտել գնահատման չափանիշները՝ հիմք ընդունելով դպրոցական դասագրքերը, նկատի ունենալով դրանց բացթողումները, չպարզաբանված, հակասական հարցերը։ Եվ նման խզում պիտի որ չլիներ, եթե կոնտինգենտը հավասարազոր էր։ Ուրեմն, առաջին ենթադրությունը, որ ամենայն հավանականությամբ էլի կոնտինգենտի տարբերություն կա։ Չի բացառվում նաեւ, որ մոտեցումների որոշ տարբերություն լիներ՝ խիստ-մեղմ, թեեւ նման կոնկրետ տեղեկություն չունեմ։

-Հայոց լեզվի գնահատման չափանիշները հստա՞կ են։

-Շատ անորոշ են, շատ հակասական։ Ընդունելության քննությունների համար բանաձեւի արժեք ունեցող ելակետային բան կա՝ դասագրքերը։ Եթե դրանցում այդ բանը չկա, դժվարանում ես դա սխալ համարել։ Կան բաներ, որ գալիս են դասագրքերի կանոնների անորոշությունից, որոշ բաներ էլ՝ հարցարանների շտեմարաններից։ Այդ շտեմարաններն արդեն 4-րդ տարին է օգտագործվում են՝ չնայած, երբ 1996 թ. այն հրատարակվեց, մենք կարծում էինք, որ միայն այդ տարվա համար է։ Այդքան քննադատում ենք, բայց էլի շարունակում ենք դրանցով քննություններ անցկացնել։ Մի խոսքով, թեստերը լավ մշակված չեն, նոր շտեմարանների մեծ անհրաժեշտություն կա։

-Արդեն քանի տարի է, խոսվում է այդ մասին, ի՞նչն է խանգարում, որ խոսքը գործի փոխվի։

-Ես միայն իմ անձնական կարծիքը կարող եմ հայտնել։ Քննությունները կազմակերպում է նախարարությունը, ուրեմն, վերջինս պիտի պատվիրի կամ առաջարկի մասնագիտական ամբիոններին կազմել նոր շտեմարան։ Բայց նման պատվեր, առաջարկ չկա։ Հակառակը, երբ դու ես նման առաջարկներով հանդես գալիս, այնքան էլ հաճելի բան չի, որովհետեւ, գիտեք, քննությունները հասարակական հոգեբանության հետ հեղինակության, պրիստիժի, չգիտեմ ինչ բաների հետ են կապում։

Հիմնական պրոբլեմն այն է, որ առաջադրանքն ունի մեկից ավելի լուծումներ եւ դրանք բոլորն էլ կարող են հիմնավորվել որպես ճիշտ։ Իմիջիայլոց, վերջերս մամուլում ակնարկ կար, որ գնահատելիս հանձնաժողովների նախագահները շատ հաճախ իրենց ճաշակով են առաջնորդվում։ Ես մի բան հաստատ կարող եմ ասել, որ երբեք այդպիսի բան չեմ արել։ Ես իբրեւ մասնագետ, դասախոս ունեմ առաջադրանքի իմ լուծումը, բայց ստուգելիս միշտ դիմորդի տեսանկյունից եմ նայում։

-Իսկ դիմորդների մակարդակն այս տարի նախորդի համեմատ բա՞րձր է, թե՞ ցածր։

-Ընդհանուր գնահատականով այս տարի մակարդակն ավելի բարձր է՝ թեեւ անցյալ տարի էլ ցածր չէր։

-Ավելի լավ վարժեցվա՞ծ են, թե՞ գիտելիքների մակարդակն է իրոք բարձր։

-Այո, այդ մակարդակ բառը շատ պայմանականորեն պետք է օգտագործել։ Անշուշտ բարձր գնահատական ստացածների մեջ շատ-շատ են լեզվին շատ լավ տիրապետողները, բայց նրանց մեջ կան նաեւ վարժեցվածները, որոնց արդեն չես կարող տարբերակել մյուսներից։ Բացի այդ, այս տարի մի մասը դպրոցում արդեն հանձնել էր հայոց լեզուն եւ հիմա տոկոսային առումով բարձր գնահատականները պիտի որ շատ լինեն։ Հետո, հարցաշարն արդեն անգիր են արել՝ բոլոր լուծումներով։

-Եթե անկեղծ պատասխանեք գնահատականների արհեստական կարգավորման ավանդույթ կա՞, ասենք էլ 20 միավոր չեք դնում կամ քիչ եք դնում, որովհետեւ 20 միավորներն արդեն շատ են։

-Ես սկզբունք ունեմ, երբեք արհեստական իջեցում կամ բարձրացում չեմ անում։ Թերեւս երբեմն բարձրացում լինում է, եթե մի չնչին բան է պակասում բարձր գնահատելու համար։

-Իսկ բողոքարկումների թիվը նվազե՞լ է, թե՞ աճել։

-Բողոքարկումների թիվը նվազել է, գրեթե նվազագույնի է հասել, եւ գնահատականների փոփոխություն էլ գրեթե չկա, մեկ-երկու դեպք միայն։

-Այս տարի՞ էլ վճռորոշն առարկայական ոչ թե բողոքարկման հանձնաժողովի ձայնն է եւ եղե՞լ են համաձայնության չգալու դեպքեր։

-Այո, դեռ վճռորոշը առարկայական հանձնաժողովի ձայնն է, թեեւ խոսակցություն կար, որ այդ իրավունքը պիտի սահմանափակվի եւ գանգատարկման հանձնաժողովը, որպես ինքնուրյուն մարմին, գնահատականը փոխելու իրավունք ունենա։ Բայց, կարծում եմ, որ լավագույն ձեւը համաձայնության գալն է: Հետո էլ այնպես չստացվի, որ դու գնահատական նշանակես, մի օղակ էլ վերցնի ու այն փոխի։ Հիմա որեւէ հակասություն, կոնֆլիկտային վիճակ չկա, գրեթե միշտ էլ համաձայնության գալ հաջողվում է։

Կենսաբանության վարկը չի ընկել

Կենսաբանության առարկայական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կրասնիկովը ոչ մի մտավախություն չուներ, թե իր առարկայի վարկն ու դիմորդների մակարդակն ընկել է, ի տարբերություն մյուս բնագիտական առարկաների, ասենք՝ աշխարհագրության։ Ավելին, այս տարի կենսաբանություն հանձնողների թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 200-ով։ Թեստային համակարգը, որը գործում է այս առարկայի քննության համար, արդեն 5 տարի է էական փոփոխությունների չի ենթարկվել։ Թեստային համակարգը պրն Կրասնիկովը արդյունավետ որակեց։ Գնահատման չափանիշներում էլ փոփոխություններ չկան, եւ զրուցակցիս հավաստմամբ, դրանք շատ հստակ են, ի տարբերություն հայոց լեզվի։ «Խնդիրները պահանջում են ճշգրիտ լուծում եւ ճշգրիտ թվային պատասխան», եւ դա էլ ճշգրիտ գնահատական է ենթադրում։ Տեսական հարցերի գնահատման դեպքում էլ, ըստ պրն Կրասնիկովի, պրոբլեմ չկա եւ դա է պատճառը, որ բողոքարկման արդյունքում գնահատականի փոփոխություն շատ քիչ է եղել, չնայած եղածներն էլ՝ բարձրացվել են։

Հանձնաժողովի նախագահը, քննությունները դեռ չավարտված, դժվարացավ պատասխանել՝ բողոքարկումների թիվն այս տարի աճե՞լ է, թե՞ նվազել։ Սակայն կանխատեսեց, որ գնալով բողոքարկումների թիվը կաճի, քանի որ վերջին օրերին սովորաբար մթնոլորտը մի քիչ լարվում է։ Քննությունների 5-րդ օրն էր արդեն, բայց դեռ 20 միավոր չկար, կա մեկ 19 միավոր, գերիշխում են միջին միավորները, իսկ անբավարարները՝ 15-20% է։ Նախնական տվյալներով սա շատ մոտ է նախորդ տարվա ցուցանիշներին։ Դիմորդների գիտելիքների մակարդակն էլ գրեթե նույնն է, իսկ վերջնական հետեւությունները մինչեւ քննությունների ավարտը հետաձգվեցին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Հանձնաժողովների նախագահների ասածներն այսպես պարտաճանաչ արձանագրում ենք, որ դիմորդներին ու նրանց ծնողներին հնարավորություն տանք համեմատելու նրանց խոսքն ու գործը, եւ եթե դրանում հակասություն հայտնաբերեն, պատրաստակամ կլինենք դրանք եւս հրապարակել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031