Հայկական հանրագիտարանը չափազանց ժլատ եւ կցկտուր տեղեկություններ է հաղորդում հնատոհմիկ Քուչակ գյուղի եւ նրա բնակիչների ծագումնաբանության մասին։
Բայց 64-ամյա Վազգեն Ալեքսանյանի դժգոհության պատճառը դա չէ. ճիշտն ասած՝ գրքերի հետ առանձնակի շփումներ չունեցած այդ քուչակցին չգիտի էլ, թե հանրագիտարանը ինչ կարեւորություն է տալիս իր ծննդավայրին։ Դա, թերեւս, կարող է հետաքրքրել գյուղի այն ուսուցիչներին, ովքեր դեռեւս մնացել են դպրոցում։ Իսկ Վազգեն Ալեքսանյանի դժգոհությունը կյանքից ու աշխարհից բոլորովին այլ բանի համար է։ Նրա կարծիքով աշխատանքային բազում տարիներից հետո մարդու թոշակի անցնելը բնական եւ օրինաչափ երեւույթ է ու դրանում բնավ կարեւոր չէ, ասենք, կուսակցական պատկանելությունը, որը նա երբեք չի ունեցել եւ, ամենայն հավանականությամբ, այսուհետեւ էլ չի ունենա։
– Այ մարդ, բա չիմանա՞նք ինչ բան է էդ թոշակը,- արդեն չորս տարի դժգոհում, թոնթորում է խեղճ մարդը։ Թոշակի անցնելու համար բազմաթիվ տեղեկանքներից բացի, որոնք թղթապանակով կրում է թեւի տակ նույնիսկ հարսանիքների ու հուղարկավորությունների գնալիս, հարկավոր է նաեւ 40-45 հազար դրամ ընդհանուր գումարի ինչ-ինչ մուծումներ կատարել (կուտակված հարկերի, ապահովագրության եւ այլն)։ Իսկ նա հեղափոխությունից ի վեր այդքան գումար միանգամից չի տեսել։
Տնեցիք ավելի հանգիստ են վերաբերվում դրան.
Կարդացեք նաև
– Երկու-երեք հազար դրամի համար ամիսը 2-3 օր թոշակի հերթ ես կանգնելու, ինչի՞դ է պետք, չկա՝ չկա։
Իսկ այդպիսի հերթ, իրոք, գոյություն ունի։ Եվ՝ բավականին հետաքրքիր կառուցվածքով։ Թոշակի օրերին Քուչակի կապի բաժանմունքի շենքի առաջ երկշար հերթ է գոյանում։ Մեկը թոշակառուներն են, մյուսը, որ առավել անհամբեր են եւ անզիջում, գյուղի խանութպաններն են՝ թոշակառուների պարտատերերը։ Թոշակառուներն ստանում են իրենց չնչին կոպեկները, տեղնուտեղը հանձնում խանութպաններին եւ ճշտելով, թե էլի ինչքա՞ն է մնում մարելու, հանգիստ խղճով, գոհ ու երջանիկ վերադառնում են տուն։ Այսինքն՝ մի քանի օր կարող են բաց ճակատով մտնել խանութ, հաց ու վերմիշել վերցնել՝ արժանապատվորեն ասելով. «Գրիր ցուցակում»։
Իսկ Վազգեն Ալեքսանյանը այդ բանը չի կարող անել, որովհետեւ թոշակառուի կարգավիճակ չունի։ Նրա ամբողջ գիտակցական կյանքն անցել է ռադիոգծի սյուների վրա։ Նա եղել է այն միակ եւ անփոփոխ գծային մասնագետը (իր համեստ ձեւակերպմամբ՝ մոնտյորը), ում շնորհիվ Քուչակ գյուղը վաղ առավոտից մինչեւ կեսգիշեր հիացած ու հմայված լսել է աշխարհի նորությունները։ Բայց մի քանի տարի առաջ աղետ պատահեց. Քուչակից մինչեւ Ապարան ձգվող ռադիոգծի բոլոր սյուները (մոտ 200 հատ) գողացան-տարան, եւ նրանց բարձունքից կյանքն ու աշխարհը դիտող Վազգենը դարձավ երկրային սովորական մահկանացու։ Այսպես։
– Հիմա ես ոչ մի տեղից ոչ մի կոպեկ չեմ ստանում,- ասում է Վազգենը։ – Բայց իմ ապրել-չապրելը հեչ, գետինն եմ մտնում այն բանի համար, որ չեմ կարողանում վճարել մեր սիրելի նորանկախ երկրի պետական հարկերը…
– Իսկ ամենաանհրաժեշտ բաները, ասենք՝ ծխախոտդ, ինչպե՞ս ես ձեռք բերում։
– Մածունի օրը կինս է բերում Երեւանից։
– Մածունի օ՞ր…
Այո, Քուչակի համար շաբաթվա երկու օրը՝ չորեքշաբթին եւ շաբաթը, մածունի օրեր են։ Գյուղացիները մնացյալ օրերին հավաքում են իրենց կովերի կաթը, մեկ կիլոգրամանոց ապակյա տարաների մեջ մածուն դարձնում, եւ յուրաքանչյուրը 800 դրամ տալով «մածունի ավտոբուսին»՝ չորեքշաբթի եւ շաբաթ օրերին բերում են Երեւան վաճառելու։ Իրիկնամուտին տղամարդիկ գյուղամիջում հավաքված սպասում են հիշյալ «մածունի ավտոբուսին», որով վերադառնալու են իրենց կանայք՝ բերելով վաճառված մածունի փողով գնած ծխախոտ, օճառ, լվացքի փոշի եւ այլն։ Խնդրեմ, իսկ չարախոսներն ասում են՝ կյանքը դժվար է, ապրել չի լինում, եւ էլի ուրիշ բաներ։
Երեւանի հաստոցաշինական գործարանը Քուչակում մասնաճյուղ է ունեցել, որը 150-200 մարդու ապահովել է աշխատանքով։ Իհարկե սեփականաշնորհել են եւ իհարկե դարձրել՝ արդյունաբերական դիակ։ Գյուղը հույս ունի, թե մասնաճյուղը դարձյալ կաշխատի։ Տա Աստված։
ԱՐՄԱՆ ԴԱՎԹՅԱՆ