Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԻԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՀԱԿԱԴԱՐՁ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ

Հուլիս 28,1999 00:00

ԱՎԻԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՀԱԿԱԴԱՐՁ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ Թե ինչ է նշանակում ավիացիան Հայաստանի համար, թերեւս ավելորդ անգամ նշելու հարկ չկա։ Բավական է նայել քարտեզին, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Այդ պատճառով էլ ավիացիոն բնագավառը Հայաստանում միշտ էլ եղել է բացառիկ հոգածության առարկա։ Այս պահին էլ, երբ նախարարությունները ներկայացնում են հեռանկարային զարգացման ծրագրերը, պատահական չէ, որ Տրանսպորտի նախարարությունը առաջնահերթ անդրադարձավ ավիացիային։ Հուլիսի 17-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության խորհրդի նիստում որոշվեց հավանություն տալ ՀՀ քաղաքացիական ավիացիայի համակարգի մինչեւ 2003 թ. կառուցվածքային եւ տնտեսական բարեփոխումների ծրագրի նախագծին։ Դեռեւս այնքան էլ հայտնի չէ, թե ինչ են իրենցից ներկայացնում վերոնշյալ բարեփոխումները, սակայն «Առավոտն» արդեն անդրադարձել է այն հարցին, որ բարեփոխումների արդյունքում «Արարատ Ավիաընկերությունը» միավորվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերությանը, իսկ «Օդանավակայանային վերգետնյա սպասարկումներ», «Ավիավառելիքի լիցքավորում» եւ «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՊՓԲԸ-ները կմիավորվեն «Զվարթնոց» օդանավակայանին։ Ըստ նախագծի հեղինակների, նշված միջոցառումների շնորհիվ ՔԱԳՎ համակարգում 12 ՊՓԸ-ներից կմնան 6-ը, որոնց ընդհանուր հաստիքները ներկայիս 5707-ի փոխարեն կկազմեն մոտ 4546 միավոր։ Պարզ թվաբանության արդյունքում պարզվում է, որ առաջիկայում գործազուրկի կարգավիճակ կստանա եւս 1161 մարդ։ Իհարկե, այս ամենը որքան էլ դժվար է, կարելի է ներել, եթե վերոնշյալ ծրագիրը խթանի ավիացիայի զարգացումը։ Սակայն արդեն իսկ կարծիքներ են պտտվում, որ վերոնշյալ բարեփոխումը զուտ ազդեցության գոտիների վերաբաշխման նպատակ է հետապնդում։ Ի վերջո, թող հետապնդվի ինչ նպատակ ուզում է, միայն թե դրանից ավիացիան չտուժի։ Ցավոք, մի շարք կարծիքներ, որոնք տպագրում ենք ստորեւ, այնքան էլ չեն ապացուցում վերոնշյալի արդարացիությունը։ Այսօր ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը այցելելու է «Զվարթնոց» օդանավակայան՝ ավիատորների հետ հանդիպելու համար։ Թե որքանով կօգնի մեր հոդվածը վարչապետին, ավիացիայում տիրող ընդհանուր տրամադրությունները հաշվի առնելու համար՝ չգիտենք։ Հայկական ավիաուղիների (ՀԱՈՒ) աշխատակից, որը հասկանալի պատճառներով չցանկացավ նշել իր անունը։ – Ընդհանրապես, երեւի նախ պետք է ճշտել, թե ինչն է ավիացիա, ինչը՝ ոչ։ Եթե մանրացնենք, կստացվի, որ «բորտսնունդն» ու օդանավակայանն էլ ավիացիա են։ Բայց եթե տոկոսային հարաբերությամբ վերցնենք՝ ավիացիան դա «Հայկական ավիաուղիներն» են՝ մեր ամենահզոր ավիաընկերությունը։ Այսօրվա դրությամբ, ողջ համակարգը բարեփոխումների կարիք ունի, բայց դրանց 90 տոկոսը պետք է վերաբերվի ՀԱՈՒ-ին, նրա շահը հաշվի առնվի, հակառակ դեպքում, կվերածվենք Սոչիի, Սիմֆերոպոլի օդանավակայանի։ Ոչ մի ինքնաթիռ չունեն, ոչ մի ավիացիա չունեն, ունեն շենք, որը, նույն հաջողությամբ, կարող է լինել ավտոկայան։ Դա նույնպես ավիացիա է, բայց ոչ բառիս լայն իմաստով։ Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա իմ ունեցած տեղեկություններով դրանք բարեփոխումներ չեն մեր համար, այլ՝ հակառակը։ Մենք այս բարեփոխումների հետ մեծ հույսեր էինք կապում, որովհետեւ ժամանակին մեզանից անջատվեցին մի շարք շահութաբեր ճյուղեր, օրինակ՝ վերգետնյա սպասարկումները, «բորտսնունդը» եւ այլն։ Այսօր մենք «Ավիասնունդին» մեծ գումարներ ենք փոխանցում՝ 5-10 դոլար՝ յուրաքանչյուր ուղեւորի համար։ Իսկ առաջ մենք ոչ միայն չէինք վճարում, այլեւ օգտվում էինք, որովհետեւ սնունդով ապահովում էինք նաեւ մյուս ավիաընկերություններին։ Նույն սկզբունքով ժամանակին մեզանից առանձնացվեց փոխադրումների ծառայությունը, որի բազայի վրա կազմակերպվել է «Վերգետնյա սպասարկման ծառայությունը»։ Մենք նրանց վճարում ենք, որ նրանք մեր ուղեւորին հաշվառեն, մեր ուղեւորի ուղեբեռը տեղափոխեն եւ այլն։ Մենք իրավունք չունենք որեւէ այլ տեղ սնունդ պատվիրել կամ մեր ուղեւորի հաշվառման համար դիմել այլ ձեռնարկության։ Եթե թույլ տային, մենք «Ավիասերվիսին» կպատվիրեինք մեր ուղեւորների սպասարկումը։ Մենք ստանում ենք մեծ վնաս. նախ բարոյական՝ մեր ուղեւորին «Զվարթնոց» օդանավակայանում վատթարագույն սպասարկում են ցույց տալիս, եւ եթե ուղեւորը հնարավորություն է ունենում, մյուս անգամ օգտվում է այլ ավիաընկերության ծառայությունից։ Իսկ պատասխանատվությունն ընկնում է մեզ վրա, որովհետեւ մարդիկ ձեռք են բերել մեր տոմսը։ Դրանից բացի, յուրաքանչյուր ուղեւորի սպասարկման համար մենք մոտ տասը դոլար մուծում ենք նրանց։ Նույն տարբերակով էլ՝ «բորտսնունդը»։ Մենք չենք կարող լրիվ հսկել, թե որքանով է այն լավը։ Այսօր նրանք մեզ գներ են դեմ տալիս, որոնք, ճիշտ է, պետության կողմից հարկվում են, բայց ահագին ծանր թվեր են։ Մեր ժամանակ այդ թիվը 3-4 անգամ պակաս էր։ Եթե նորից այն մեզ միացնեն, մենք տարեկան մոտ կես միլիոն դոլար կտնտեսենք։ Իսկ հիմա տեսեք, թե բարեփոխման արդյունքում ինչ է լինելու։ Մեզ են միացրել Գյումրիի ավիաընկերությունը, որ ինքը կարող էր գոյություն ունենալ ինքնուրույն, եւ գրեթե 400 հազար դոլարի պարտք ուներ մեզ։ Այժմ նույն սկզբունքով մեզ է միացվում «Արարատ-Ավիան», որը նույնպես մեզ պարտք է մոտ կես միլիոն դոլար։ Որոշումը ճիշտ կլիներ, եթե միացվեր նաեւ «Վերգետնյա սպասարկումները» եւ «Ավիասնունդը»։ Թող չմիացնեն, թող թույլ տան, մենք մեր ունեցած բազայի վրա, առանց նոր մարդ ընդունելու, մեր սպասարկումների ծառայությունը ստեղծենք եւ մեր «բորտսնունդը»։ Կամ էլ, քանի որ գրեթե բոլոր շահույթով աշխատող հիմնարկները միացվում են «Զվարթնոցին», թող մեզ էլ միացնեն, ինչպես եղել է առաջ։ Մեզ մոտ փորձում են եվրոպականի նման ստրուկտուրա ստեղծել, բայց մոռանում են, որ մենք Եվրոպայից դեռ շատ ենք հեռու եւ մեր խղճուկ հնարավորություններով պետք է պայքարենք եվրոպական ու ռուսական ավիաընկերությունների հետ։ Մոռանում են, որ մենք ազգային փոխադրող ենք, եւ եթե վաղը մի բան հանկարծ պատահի, այդ եվրոպական ընկերությունների ինքնաթիռները չեն իջնելու մեզ մոտ։ Երբ բարեփոխման մասին հարց ուղղեցի ՀԱՈՒ-ի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Յարալովին, վերջինս պատասխանեց խիստ համառոտ. – Կառավարության որոշումները չեն քննարկվում, այլ կատարվում են։ Միացվող ձեռնարկություններից թերեւս խոշորագույնը «Արարատ-Ավիան» է։ Ավիաընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Վանցյանը բարեփոխումները մեկնաբանեց այսպես. «Գտնում եմ, որ ճիշտ չէ մեր ձեռնարկության միացումը, որովհետեւ ավիացիան դառնում է մենաշնորհային։ Մենք գնում ենք դեպի շուկայական հարաբերություններ, որոնք չեն ընդունում որեւէ բնագավառի մոնոպոլիզացիա։ Թե ինչ է սպասվում «Արարատ-Ավիային», ես դեռ չգիտեմ։ Չգիտեմ՝ լինելու է մեխանիկական միացո՞ւմ, թե՞ ձեռնարկությունը լուծարվելու է»։ Մեզ հասած տեղեկությունների կապակցությամբ, որ «Արարատ-Ավիայի» աշխատակիցները պատրաստվում են բողոքի ցույցի դուրս գալ, պրն Վանցյանը ասաց. «Այդպիսի բան չկա։ Համենայնդեպս, ես տեղյակ չեմ։ Եթե լիներ՝ կիմանայի»։ Պետրոսյան Էդուարդ – «Ավիավառելիքի լիցքավորում» ՊՓԲԸ կոմերցիոն տնօրեն։ -Ես չգիտեմ՝ միավորվելուց հետո «Զվարթնոցը» ինչ մատակարարի հետ է աշխատելու։ Համենայնդեպս, վստահեցնում եմ, որ մեր մատակարար «Միկա Լիմիտեդ» ընկերությունը ստաբիլ մատակարարել է, առանց խախտումների, մեր պահանջարկի համապատասխան։ Մեր ընկերության վերակազմավորելը կամ միավորելը, չգիտեմ, որքանով է նպատակահարմար։ Մենք շահույթով աշխատող ձեռնարկություն ենք։ Այսինքն՝ եթե «Հայկական ավիաուղիներին» մենք վառելիք մատակարարում ենք գրեթե ինքնարժեքը չգերազանցող գնով, ապա արտասահմանյան ընկերություններին մատակարարում ենք այլ պայմաններով, որի հաշվին կարողանում ենք հիմնարկը ոտքի կանգնեցնել։ Բոլորը շատ լավ գիտեն իրենց աշխատանքն ու պարտավորությունները, մի խոսքով, ժամացույցի պես աշխատող կայացած ընկերություն է։ Այլ հիմնարկի ենթակայության տակ անցնելով, հայտնի չէ, թե որքանով կհաջողվի պահպանել այդ կայացած մեխանիզմը։ Դրանից բացի, ցավալի է, բայց մեր աշխատողների մի զգալի մասը կարող է զրկվել աշխատատեղից։ Հետո մի տեսակ այս բարեփոխումները չեն տեղավորվում կառավարության հայտարարությունների մեջ, որ պետք է նոր աշխատատեղեր ստեղծվեն, պետք է աջակցություն ստանան շահույթով աշխատող ձեռնարկությունները եւ այլն։ (Ձեռնարկության գլխավոր հաշվապահի ասած թվերով. միջին աշխատավարձը մոտ 50 հազար դրամ է, այս տարվա առաջին կիսամյակում շահույթը կազմել է 178 միլիոն դրամ, տարեկան շրջանառությունը՝ մոտ 2 միլիարդ դրամ)։ Դրանից բացի, մենք այժմ մեր պահեստարաններում մշտապես 3000 տոննա վառելիք ենք պահում, որպեսզի չնախատեսված բարդությունների դեպքում դա օգտագործենք։ Մոտ ապագայում մեզ նոր տեխնիկա եւ նոր տեխնոլոգիաներ են պետք լինելու։ Վերակազմավորված հիմնարկն ինչպե՞ս է այդ խնդրի տակից դուրս գալու՝ չգիտեմ։ Դա մեր ցանկությունը չի, դա արտասահմանյան այն ընկերությունների պահանջն է, որոնք համագործակցում են մեր բնագավառի հետ։ Լեոնիդ Մուրադյան – Հայաստանի ավիաաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ։ -Ցավոք, այդ որոշմանը մենք տեղյակ ենք այնքան, որքան դուք։ Քննարկմանը մեզ չեն հրավիրել, մենք դրանց չենք մասնակցել եւ որոշման մասին իմացել ենք լրատվական միջոցներից։ Այս ծրագրով նախատեսվում են բարեփոխումներ մինչեւ 2003 թվականը։ Ըստ երեւույթին, այդ կրճատումները տեղի կունենան ընթացքում, լինելու է երկարատեւ պրոցես։ Մենք նամակ ենք պատրաստել նախարարի անունով, որտեղ մեր դիրքորոշումն ենք հայտնել այս հարցով։ (Նամակում նշված է 1161 աշխատատեղի կրճատման, Սեւանի եւ Ծաղկաձորի հանգստյան տան եւ ճամբարի սեփականաշնորհման անթույլատրելիությունը, ինչպես նաեւ առաջարկվում է միացնել «Զվարթնոցին» «Ավիասերվիս» եւ «Ավիասնունդ» ձեռնարկությունները)։ Որոշման ընդունմամբ շատ ծանր վիճակում է հայտնվում «Արարատ-Ավիան»։ Առանց այդ էլ 10 հազար դրամ ազգային տուրքի գանձումները սկսելուց հետո կարճ տարածությունների վրա հիմնականում աշխատող ավիաընկերությունը հայտնվեց բավական վատ վիճակում։ Մենք չպետք է մոռանանք, որ ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարիներին հենց այս ավիաընկերության աշխատակիցները կարողացան օդային կապ ապահովել Ղարաբաղի եւ Հայաստանի մի շարք շրջանների հետ։ Այն ժամանակ ամեն թռիչք հերոսություն էր։ Մենք չենք կարող բացառել նման իրավիճակի կրկնվելու հնարավորությունը։ Զրուցեց ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ Հ.Գ. Բարեփոխումների կապակցությամբ հակադարձ մեկնաբանությունների ակնկալիքով դիմեցինք ՀՀ տրանսպորտի նախարար պրն Զախարյանին։ Վերջինս ասաց, որ մեկնաբանություններ կլինեն ծրագրի վավերացումից հետո։ Իսկ թեման, քանի որ բացառիկ կարեւորություն է ներկայացնում, դեռեւս մնում է բաց եւ «Առավոտը» ուշադրությամբ հետեւելու է ավիացիայի բարեփոխումների ընթացքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031