Լրահոս
Օրվա լրահոսը

Ասացի՝ ազգին ծառայեք

Հուլիս 28,1999 00:00

Ասացի՝ ազգին ծառայեք ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանին ամենահուզող հարցը բյուջեի դեֆիցիտն է, որը սկզբում պրն Խաչատրյանը ֆիքսեց 20 մլրդ դրամ, ապա համաձայնեց, որ այդ թիվը հասնում է 40 մլրդի, իսկ հետո էլ թե. «Այդ թիվը հաշվարկված չէ, կարող է 40-ից ավել էլ լինի, կարող է պակաս լինի»։ Դրա պատճառը եկամուտների՝ հարկերի հավաքման դժվարություններն են եւ բյուջեով չնախատեսված ծախսերը։ Այդ ճեղքվածքի մեծ մասը էներգետիկների պարտքն է, որը գոյացել է խմելու եւ ոռոգման ջրի, «Նաիրիտի» ծախսերի չվճարումների պատճառով։ Բյուջեի ճեղքվածքը փակելու համար պրն Խաչատրյանը առաջարկում է կրճատել ծախսերը. մեծ մասով կապիտալ շինարարության ոլորտում (որի ծավալների մեծացմամբ այդքան սիրում էր հպարտանալ նախագահ Ռոբերտ Քոչարյանը), սակայն, ոչ մի դեպքում՝ սոցիալական ծախսերը։ Ըստ Վարդան Խաչատրյանի, այս կառավարության ամբողջ խնդիրն այն է, որ առաջիկա 5 ամսում ոչ մի վատ բան չլինի, իհարկե լավի մասին խոսելն ավելորդ է։ Եթե այս վիճակն էլ պահպանվի, շատ մեծ հաջողություն է, այլապես 2000 թ. բյուջեն կարող է միայն այս տարվա պարտքերը փակելուն ծառայել։ Վիճակը փրկելու համար անհրաժեշտ է բարձրացնել հարկերը։ Վարդան Խաչատրյանն այնքան բարոյական մարդ է, որ նույնիսկ հարկերի բարձրացման մեջ բարոյական շեշտադրումներ է կատարում, համարելով, որ բենզինից եւ սիգարետից գանձվող հարկերի բարձրացումը բարոյական է, քանի որ այդ ոլորտում ստացվում են գերշահույթներ, որը մեր հարկային մեխանիզմը անկարող է ֆիքսել։ «Անթույլատրելի է, որ 5-6% մարդիկ գերշահույթներ ստանան, ի հաշիվ չքավոր խավի»,- հայտարարեց Վարդան Խաչատրյանը, որի կարծիքով, բենզինի գնի ավելացումը հավանորեն չի ազդի մյուս ապրանքների գնի վրա։ Իր օրինակի վրա պրն Խաչատրյանն ասաց, որ տարբերություն չկա՝ 3500 դրամով է բենզին գնելու, թե 5 հազարով։ Բացի այդ, բենզինի գինն, այսպես թե այնպես, աճելու է։ Ծրագիր կա, բենզինի ներկրումն իրականացնել պետական կազմակերպությունների միջոցով, սակայն այն ինչ պետական է, շատ ավելի թանկ է, քանի որ դրանում իրենց մասնաբաժիններն են ունենում մի քանի չինովնիկներ։ Դրա փոխարեն կարելի է վերացնել մոնոպոլիան, մի քանի կազմակերպությունների լիցենզավորել, որոնք մրցակցելով միմյանց հետ, կիջեցնեն բենզինի գինը։ «Այսօր բենզինը բերվում է տոննան 350 դոլարով, սակայն ես լսել եմ, որ հնարավորություն կա բերել 200 դոլարով, եթե այդ մոնոպոլիան վերացվի»,- հայտարարեց պրն Խաչատրյանը, հավաստիացնելով, որ մինչեւ հունվար էլեկտրաէներգիայի գնի բարձրացում չի լինելու։ Անհասկանալիորեն կտրուկ բորբոքվեց պրն Խաչատրյանը, երբ «Հայաստանի Հանրապետության» թղթակցուհին մտահոգություն հայտնեց, որ անօրինականորեն «Նաիրի» հրատարակչությունից խլվել է հրատարակչության գրատունը։ «Ինչպես է պատրաստվում աշխատել նորընտիր գործարար պատգամավորների հետ» հարցին ի պատասխան Վարդան Խաչատրյանն ասաց, թե նրանց զգուշացրել է, որ լոբբիզմով չզբաղվեն, թե չէ անուն առ անուն նրանց կխայտառակի։ «Ասել եմ՝ եկել եք ազգի համար աշխատելու, դե, ուրեմն, աշխատեք»,- ասել է այդ պատգամավորներին, առանց կողմնակի ցուցումի մեր ազգի համար արդեն երկրորդ ժամկետը աշխատող, Հանրապետություն բլոկով անցած, ՔԴՄ անդամ, այժմ երկրապահացած Վարդան Խաչատրյանը, որն ամբողջ ասուլիսի ընթացքում ցանկացած հարցի պատասխանելիս ակնարկում էր «Նաիրիտի» պատճառած վնասների մասին, թեեւ այն հարցին, թե՝ ուզում եք, որ «Նաիրիտը» փակվի, պատասխանեց. «Շատ դժվար հարց է, դժվար է միանշանակ վճիռ կայացնել»։ Այս հարցում Վարդան Խաչատրյանը վարչապետի ընդդիմախոսն է, որը Մոսկվայում բանակցում է վերագործարկման խնդիրների շուրջ։ ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել