«Ուրեմն այսօր (երեկ- Ա. Գ.) անցկացվում է հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված «ԱրմենՏել» ընկերության հիմնադրման եւ գործունեության, ինչպես նաեւ նրա սեփականաշնորհման գործընթացի ՀՀ օրենսդրության համապատասխանությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի մամուլի ասուլիս, արդեն ավարտական»,- ասաց Դավիթ Վարդանյանը։
Ասուլիսը տեղի ունեցավ ՀՀ նախագահի նստավայրում։Որպես կատարած լուրջ ու ծանր աշխատանքի ապացույց, լրագրողներին ի ցույց էր դրված փաստաթղթերի մի մեծ կույտ։ Հետո Դավիթ Վարդանյանը անուն առ անուն նշեց ազգիս երախտավորներին՝ հանձնաժողովի անդամներին եւ հանձնաժողովի աշխատակազմին։ Հանձնաժողովը Հայաստանի կապի խնդիրներն ուսումնասիրելու համար 21 նիստ է գումարել։ Հարցազրույցի են հրավիրվել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, նախկին նախարարներ Վահրամ Ավանեսյանը, Գրիգոր Պողպատյանը, «ԱրմենՏելի» գլխավոր հաշվապահ Պապոյանը, իրավաբանական վարչության պետ Վլադիմիր Նազարյանը, սեփականաշնորհման նախարարի տեղակալ Աշոտ Մարկոսյանը։ Առանձնազրույցների են հրավիրվել բավական շատ անձինք։
Առանձնահատուկ նշվեց, որ հանձնաժողովի հետ «տհաճությամբ» է աշխատել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, «նյութեր չի տրամադրել, բավականին ուշացումով է տրամադրել եւ այլն, եւ այլն»։
Բանախոսի ներկայացրած փաստերը ինչ-որ իմաստով նորություն չէին, եւ դրանց մասին մամուլում բազմիցս գրվել է։Ըստ Դ. Վարդանյանի՝ «ԱրմենՏելի» ստեղծումը եւ սեփականաշնորհումն ընթացել է օրենքների կոպիտ խախտումներով։ Սեփականաշնորհման մրցույթում ամենավատ պայմաններն առաջարկել էր օֆշորային գոտում գրանցված TWT կազմակերպությունը։ Բայց հենց նա էլ հաղթում է։
Կարդացեք նաև
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ TWT-ի գործունեության ուսումնասիրությունն ապացուցում է, որ այդ կազմակերպության նպատակը առանց լուրջ ներդրումների գերշահույթ ստանալն էր։
Հանձնաժողովի եզրակացության մեջ արձանագրված է. «Այսպես, «ԱրմենՏել» ՓԲԸ՝ 37,5 մլն դոլարի կանոնադրական հիմնադրամ՝ TWT ընկերության կողմից, համաձայն ֆինանսահաշվարկային փաստաթղթերի ներդրում է կատարել 11,2 մլն դոլարի չափով»։ Այս գումարի մեջ հաշվարկված 3,5 մլն գումարի ներդրումն իրականում չի կատարվել։ Սարքավորումներ գնելու ընթացքում «Սիմենս» ֆիրման այդքան գնային զեղչ է կատարել։ Հանձնաժողովը նաեւ կասկածում է, որ TWT-ն մնացած գումարների հարցում եւս ազնիվ է։ Հանձնաժողովը միանշանակ չի կողմնորոշվել նաեւ՝ սեփականաշնորհման փաստաթղթերը կառավարության կողմից հաստատվել են, թե ոչ։
Ըստ Դավիթ Վարդանյանի TWT-ի հետ համատեղ ձեռնարկության «ռեգիստրում եղած հայերեն օրինակը բացարձակ անկապ հայերենով գրված օրինակ է։ Այսինքն՝ եթե դուք 10 անգամ կարդաք նախադասությունը, չեք հասկանա՝ ինչի համար է դա գրված։ Ուզում եք՝ 11 անգամ էլ կարդացեք»։
Անկեղծ լինելու համար ասենք, որ նույն որակով է գրված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը։ Տպագրելով, տառասխալներ ուղղելով, պրն Վարդանյանի նման առաջարկում ենք 11 անգամ կարդալ հետեւյալ (վերջնական) նախադասությունը.
«Հաշվի առնելով վերոհիշյալը, հանձնաժողովը եզրակացնում է, որ ՀՀ կառավարության եւ ՀՀ կապի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց՝ ՀՀ շահերին նպաստող գործունեության դեպքում, հեռախոսակապի համակարգը հանրապետության միջոցներով կապրեր լուրջ զարգացում եւ նրա տնօրինումը ներկայումս կպատկաներ Հայաստանի Հանրապետությանը»։
Առանց ավելորդ մեկնաբանությունների կրկնում ենք՝ եւս 11 անգամ կարդացեք։ Կարող է՝ հասկանաք, կարող է՝ ոչ։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ