Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ «ՍԵՂԱՆՆԵՐԸ» ԿՇՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Հուլիս 28,1999 00:00
Suren Sahakyan

Ռուսաստանում ՀՀ նոր նշանակված դեսպան Սուրեն Սահակյանի մասին տպագրված առաջին տեղեկատվությունը հայտնեց դեսպանի նախկին աշխատանքներից միայն մեկի՝ ՀՀ հարկային տեսչության նախարար լինելու մասին։

Այնինչ նա, որ առաջին մասնագիտությամբ ֆիզիկոս է, 1980-87 թթ.՝ ՀՀ գիտությունների ակադեմիային կից ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտական աշխատող էր։ 1990-91թթ.՝ ՀՀ բարձրագույն կրթության նախարարության վարչության պետ։ 1991 թ.՝ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, 1994-96 թթ.՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար։ Իսկ 96-99 թթ. ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեում ՀՀ լիազոր ներկայացուցիչն էր։ Դեսպանի առաջին հարցազրույցը «Առավոտի» ընթերցողներինն է։

-Ե՞րբ իմացաք Ձեզ ՌԴ դեսպան նշանակելու մասին։

-Դեսպանի նշանակումը միակողմանի արարողություն չէ. այն երկիրը, ուր ուղարկվում ես, նա էլ պետք է իր վերաբերմունքը քո անձի հանդեպ ցույց տա։ Ինձ Մոսկվայից կանչեցին Երեւան, խոսեցի ՀՀ նախագահի հետ, առաջարկվեց այս պաշտոնը, եւ ես ինձ համար պատիվ համարեցի այս պաշտոնը ստանձնելը։ Երեւան գնալիս անգամ չգիտեի՝ ինչի համար են կանչում։

-Ինչպե՞ս եք պատկերացնում դեսպանի աշխատանքը, մանավանդ Ռուսաստանի պես երկրում, որի հետ կապերն ու համագործակցությունը գրեթե ամենակարեւոր նշանակությունն ունեն Հայաստանի համար։

-Ես գտնվում եմ ավելի բարենպաստ պայմաններում, քան իմ կոլեգաներն այլ երկրներում։ Ինչպես նշեցիք, Ռուսաստանի կապերը մեզ համար շատ կարեւոր են եւ Ռուսաստանի համար էլ կարեւոր են Հայաստանի հետ կապերը։ Ես զրոյից չեմ սկսում, Ռուսաստանի հետ մեր կապերը հարյուրավոր տարիների պատմություն ունեն, իմ գործն ավելի հեշտ է։ Իսկ իմ կոլեգաները, որոնք ուրիշ երկրներում են աշխատում, ամբողջ աշխատանքը միայն իրենց ուսերին է՝ մեր պետությունը ներկայացնել երկրներում, որտեղ այնքան էլ լավ չեն ճանաչում Հայաստանը։ Նրանց վրա դրված է խնդիր՝ փաստորեն սկզբից կառուցել որակյալ միջպետական փոխհարաբերություններ։

-Կա՞ն արդեն կոնկրետ ծրագրեր, որ պատրաստվում եք իրականացնել։

-Դեսպանությունն առանձին մարմին չէ, ծրագրերը քննարակվում են, այդ ծրագրերի համար ռեսուրսներ ենք փնտրում, որովհետեւ ցանկացած ծրագիր պետք է ունենա իր ապահովումը։ Իմ առաջին մասնագիտությունն ինձ սովորեցրել է, որ այն խնդիրը, որը չես կարողանամ լուծել, ավելի լավ է ձեռք չտալ, այլապես կարող ես փչացնել։ Եվ եթե ուրիշները, ովքեր ի վիճակի են զբաղվել-լուծել, այդ խնդիրն արդեն ստանում են փչացած վիճակում։ Ափսոս է…

Դեսպանատան հիմնական գործունեությունը, բացի բոլորին քաջ ծանոթ դիվանագիտական ֆունկցիաներից, նաեւ հումանիտար կապերն են։ Մենք Ռուսաստանում ունենք հայկական համայնք, որը դեռեւս այնքան էլ չի կտրվել Ռուսաստանից։ Իհարկե, մարդիկ դեռ մտածում են՝ նույն երկիրն է, առանձնապես տարբերություն չկա՝ Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում են ապրում։ Կամաց-կամաց դա էլ իր բնական տեղում կկանգնի, ի վերջո տարբեր երկրներ են։ Համայնքը կբյուրեղանա, մեր ազգին բնորոշ համն ու հոտը պահպանելու համար մեր սուրբ պարտքն է՝ օժանդակել ու աջակցել Ռուսաստանի քաղաքացի հայերին։

-Ռուսաստանի քաղաքացի, սակայն ազգությամբ հայ գործարարների հետ համագործակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում։

-Ռուսաստանի քաղաքացիներ կան ազգությամբ հայ, որոնք տնտեսական ոլորտում մեծ հաջողությունների են հասել։ Ցանկացած մարդ, ով ունի մեծ կապիտալ, նա շատ անհանգիստ մարդ է։ Նա աշխատում է զարգացնել իր ունեցածը։ Պետք է փորձենք համոզել եւ ստեղծել պայմաններ դա զարգացնել Հայաստանի տնտեսական դաշտում՝ օգուտ բերելով նաեւ մեր երկրին։

-Դեսպանատան շենքն անմխիթար վիճակում է թեկուզ արտաքնապես՝ ցուցանակից սկսած… Այնքան անշուք է, որ անցնում ու չես նկատում, թե դեսպանատուն է։

-Ընդունում եմ, որ ընդհանուր տեսքն այնքան էլ լավը չէ։ Մենք մեր ուժերով վերանորոգչական ընթացիկ աշխատանքներ անում ենք, փորձում ենք մի կերպ շենքը պահպանել։ Բայց դրա համար բավական մեծ գումարներ են անհրաժեշտ։ Եթե որպես պետություն հազիվ քո ընթացիկ ծախսերն ես հոգում, շքեղության վրա մեծ գումարներ ծախսելը, իմ կարծիքով, նպատակահարմար չէ։ Կա մի ուրիշ ճանապարհ. դեսպանատան շենքի կողքին կան տարածքներ, կիսակառույց շինություններ։ Եթե ՀՀ կազմակերպությունները կցանկանան Մոսկվայում իրենց ներկայացուցչություններն ունենալ եւ պատրաստ կլինեն գումարներ տրամադրել վերականգնելուն, այդ շինությունները կարելի է տրամադրել նրանց։ Նշված տարածքները Հայաստանի սեփականությունն են, եւ այդ կազմակերպությունները կարող են մասնակցել վերակառուցմանը, տնօրինել-օգտագործել՝ առանց սեփականության ձեւի փոփոխման։

– Հայ մշակույթի գործիչները, որոնք մասնակցում էին Ռուսաստանում կայացած որեւէ փառատոնի կամ միջոցառման, հաճախ բողոքում էին, որ մեր դեսպանության ներկայացուցիչները չէին մասնակցում (գոնե ներկա գտնվում)։ Իսկ Ադրբեջանի կամ Վրաստանի ներկայացուցիչները ներկա էին լինում ու աջակցում էին։

– Որպես նոր նշանակված դեսպան ես տեղյակ չեմ, իրենց բողոքներին պատասխանել չեմ կարող եւ չեմ էլ կարող ասել՝ բողոքներն արդարացի՞ են, թե՞ ոչ։ Հիմա մենք պատրաստ ենք բոլորին աջակցել։ Գուցե այն ժամանակ ֆինանսական սուղ միջոցները չեն ներել. դա էլ է բնական։

-Դեսպանի աշխատանքի մասին Հայաստանում պատկերացում կա՝ թե ամենահեշտ գործն է, ֆուրշեթների-բանկետների են մասնակցում, մի խոսքով՝ հանգստանում են…

-Դուք չեք կարող ապրել մի տան մեջ եւ չշփվել հարեւանների հետ, չմասնակցել իրենց տոներին եւ ձեր մասնակցությունը չցուցաբերել ծանր պահերին։ Պետք է իմանալ՝ ինչ է կատարվում հարեւանի տանը, որպեսզի նախօրոք պատրաստ լինես օգնություն ցուցաբերել եւ իմանաս՝ ինչ չափի օգնություն կարելի է ակնկալել նրանցից։ Եթե բակում լարվածություն կա, պետք է հարթել այն, եւ ցանկալի է՝ քաղաքակիրթ ձեւերով՝ խոսելով, միջնորդություններով, դիվանագետի լեզվով ասած՝ բանակցելով։ Ով իր կյանքի ընթացքում մասնակցել է երկու ընտանիքների միջեւ տարվող «բանակցություններին», լավ գիտի, որ այն վարվում է գցած սեղանի շուրջ։ Բայց դժվար թե բանակցող կողմերից որեւէ մեկը նստում է վերոնշյալ սեղանի շուրջ՝ կշտանալու նպատակով։ Պետությունների ներկայացուցիչների մակարդակով շփման ընթացքում սեղանները մի քիչ ավելի ճոխ են, բայց խնդիրներն, իհարկե, մի քիչ ավելի բարդ են։

-Ռուսաստանի պետական մարմինները, ձեր կարծիքով, ինչպե՞ս են վերաբերվում Հայաստանին։

-Հուլիսի 19-ից պաշտոնական այցով Ռուսաստանում էր ՀՀ վարչապետը։ Կուզեի նշել, որ Վազգեն Սարգսյանի, որպես վարչապետ, առաջին պաշտոնական այցն էր։ Մեր վարչապետի ընդունելությունից, շոշափված հարցերից եւ փոխադարձ վստահության պայմաններում ընդունված որոշումներից բացարձակ ակնհայտ էր, որ Ռուսաստանն իրեն համարում է մեզ եղբայր պետություն։ Բացի Ռուսաստանի առաջին դեմքերի՝ մեր վարչապետի հանդեպ անհատական մեծ հարգանքից, մեր պետության նկատմամբ նույն այդ վերաբերմունքը կա նաեւ Ռուսաստանի մյուս պետական այրերի մակարդակով։

-Դեսպանատան աշխատակիցների փոփոխություններ սպասվո՞ւմ են։ Ինչպիսի՞ն է կարգը։

-Դիվանագետը երկու տարի աշխատելուց հետո կարող է եւս մեկ տարի աշխատել՝ հաշվի առնելով տվյալ անձի անավարտ աշխատանքները, ստեղծած կապերը, ինչպես եւ աշխատանքի որակը։ Ցանկալի կլինի, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն աշխատելու գան ՀՀ արտգործնախարարության մասնագետ աշխատակիցներ։

Դիվանագետներ կան, որոնց աշխատանքային ժամկետները լրացել են եւ կան, որոնք նոր են նշանակվել։ Դա ՀՀ արտգործնախարարության կադրային քաղաքականությունն է եւ դեսպանն իրավունք չունի նախասիրություններ թելադրել։

-Իսկ իրավունք չունի՞ որեւէ մեկին աշխատանքի հրավիրել կամ հեռացնել։

-Դեսպանն իրավունք ունի լավ աշխատանքի համար աշխատողին պարգեւատրման ներկայացնել կամ հակառակը՝ պատժել։ Դեսպանի կարծիքը կարեւոր է, բայց ՀՀ արտգործնախարարության հրամանով է կադրային քաղաքականությունը տարվում։

Հարցազրույցը վարեց

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Մոսկվա,

«Առավոտի» թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031