Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՀՊԱՆԵԱ ԶՄԻԿԱ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆՆ

Հուլիս 28,1999 00:00
miqayel hayrapetyan

Որպես եվ նա պաշտպանե զԳարեգին Ներսիսեանն

Մինչեւ երեկ միամտաբար ենթադրում էի, թե Բարձրյալի անունից բոցաշունչ ելույթների մենաշնորհը Արտաշես Գեղամյանինն է։ Սակայն ՀՀ պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետեանը պրն Գեղամյանի համար, պետք է նկատել, լուրջ մրցակից է։

Երեկ պահպանողականների առաջնորդ պրն Հայրապետեանը ի լուր աշխարհի հայտարարեց, թե իրենց կուսակցությունն «ամենանպատակահարմարն է նկատում» Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին տեսնել կաթողիկոսի գահին։ Քանի որ կուսակցության հայտարարությունը հայ ճոռոմաբանության պատմության մեջ նոր էջ է բացել, ուստի այս եզակի գոհարից ընթերցողին չզրկելու համար ուղղակի մեջբերումներ ենք անում. «Պետք է վերականգնել Հայաստանյա՛յց առաքելական սուրբ եկեղեցի կարգավիճակը եւ չստեղծել «գաղափարական կենտրոնացում, կազմակերպչական ապակենտրոնացում» ջայլամային մենթալությամբ հերթական արկածախնդրական կառույց. պետք է վերականգնել Ամենա՛յն հայոց կաթողիկոս եւ ոչ միայն հոգեւորականների առաջնորդ ունենալու վիճակը՝ առանց թաքնվելու ծեքծեքուն արտահայտությունների ու տոնական ասմունքախառը սիրազեղության թիկունքում՝ առանց մեր պետությունը հանձնելու զանազան աղանդների ու կոտորակումների հետեւում կանգնած տարբեր օտարերկրյա հատուկ ծառայությունների ողորմածությանը»։ (Հետո էլ ասում են, թե ամենաերկար նախադասության «հեղինակը» Հյուգոն է – Լ.Ա.)։

Երբ լրագրողներից մեկը մտավախություն հայտնեց, թե՝ ախր, Գարեգին Ներսիսյանը տեղապահի ընտրություններին միայն 10 ձայն ստացավ, պրն Հայրապետեանը աչքն էլ չթարթեց. «Դա Գարեգին Ներսիսյանի պրոբլեմն է»։ Երջանկահիշատակ Գարեգին Ա-ի կաթողիկոսության չորս տարիները Միքայել Հայրապետեանը համարեց «մեր պատմության համար կորած տարիներ»։ «Նոր Վեհափառ ունենալը նաեւ քաղաքական խնդիր է, եւ գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ առանց բացառության, զբաղված են կաթողիկոսական ընտրությունների հետ կապված գործերով։ Բայց պետք է տարրական պարկեշտություն ունենալ եւ դա անել բացահայտ։ Ինչը եւ մենք փորձում ենք անել»։ Ըստ հռետորի՝ մենք բոլորս 1995 թվականին ոգեւորված էինք եւ կարծում էինք՝ ա՛յ, հիմա «ամենաբարեպատեհ» առիթն է մեր երկփեղկված եկեղեցու (էջմիածնական եւ անթիլիասական) միացման, եթե ունենանք կաթողիկոս Սփյուռքից։ Բայց սա ռոմանտիկայի շարքից էր։

Ռուսաց լեզվով հնչած հարցին («Քանի՞ անդամ ունի կուսակցությունը եւ արդյո՞ք այն այնքան ծանրակշիռ ուժ է իրեն համարում, որ կաթողիկոսական թեկնածուին պաշտպանելու կոչ է անում»), հետեւեց այս պատասխանը. «Ես մի քիչ պարկեշտ կլինեի, եթե փորձեի հարգել օրենքը եւ չպատասխանել ոչ պետական լեզվով տրված ձեր հարցին։ Բայց ձեր սեռը հարգելով (հարց տվողը կին էր- Լ.Ա.), բնականաբար, պարտավոր եմ պատասխանել։ (Հիմա մի ցնցող միտք կասվի – Լ.Ա.)։ Մարքսիստական մոտեցում եմ համարում միանշանակորեն, կոմունիստական ավատիզմ եմ համարում այն, երբ Մարքսի «քանակական փոփոխությունը հանգեցնում է որակական փոփոխության» դրույթն է հետապնդվում»։ Այս գերմիտքը կուսակցության քանակի «վրա» ասվեց։ Ի դեպ, 20 օր առաջ կուսակցության կենտրոնական խորհուրդը 54 հոգու հեռացրել է կուսակցության շարքերից։ Փաստորեն, կուսակցության անդամների թիվը՝ ըստ առողջ տրամաբանության, անցնում է 55-ից։ «Մենք այն կարծիքին չենք, որ քանակն է որակ որոշում»։ Այն, որ ինքը՝ խոշոր քաղաքական գործիչ Միքայել Հայրապետեանը, «խառնվում» է հոգեւորականների գործերին, ուներ հետեւյալ արդարացումը. «Հայ եկեղեցու պատմության մեջ չի եղել կաթողիկոսի որեւէ ընտրություն, որին միջամտած չլինեն քաղաքական հոսանքները։ Սկսած՝ Գրիգոր Լուսավորչից»։

Պրն Հայրապետեանի վերոնշյալ հայտարարության մասին Գարեգին արքեպիսկոպոսը, ասում են, տեղյակ չէ։ Իսկ այն, որ նման պաշտպանությունը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ (ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երջանկահիշատակ կաթողիկոսի պաշտպանությունը), պրն Հայրապետեանի ինքնասիրությունը շոյեց. «Շնորհակալություն, մեծ պատիվ արեցիք՝ երկրի առաջին նախագահի քաշի հետ մեր կուսակցության ղեկավարի քաշը համեմատելով»։

Զարմանալի է, թե ինչու նման քաշի, նման պահպանողականության տերը եւ մարքսիստական գաղափարների նման անթերի գիտակն իր թեկնածությունը չի առաջադրում կաթողիկոսի թափուր գահը զբաղեցնելու համար։ Պրն Հայրապետեանը նշեց. «Ես հոգեւորական չեմ։ Բարեբախտաբար։ Ես աշխարհիկ եմ՝ սեփական հաճելի մեղքերով»։ Ենթադրում ենք, որ այս ասուլիսն էլ՝ ի պաշտպանություն Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, նրա փոքրիկ ու հաճելի մեղքերից մեկն էր։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031