Մարդն իր ժամանակն անգամ չգիտե եւ, ինչպես ձկները, որ որսվում են նենգ ցանցերից, եւ թռչունները, որ բռնվում են ծուղակների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, որ հանկարծակի բռնում է նրանց:
ԺՈՂՈՎՈՂ 9.12.
Աստծո մեծագույն ստեղծագործությունը ժամանակն է:
Ոչ երկիրը, ոչ մարդը, ոչ էլ անգամ հոգին, այլ ժամանակը: Երկրային ժամանակը:
Կարդացեք նաև
Փորձեք պատկերացնել՝ ի՞նչ կլիներ առանց ժամանակի, որի մեջ էլ Տերը տեղադրել է զարգացումը: Մարդը կարող էր ծնվել, աճել, զարգանալ ու մեռնել, այսօրվա մեր չափանիշներով, գուցեեւ վայրկյանի ընթացքում: Կամ էլ ավելի կարճ միջոց կլիներ դա: Ու մարդը կզրկվեր իր մեծագույն՝ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ Աստվածատուր իրավունքից: Ու նաեւ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՄԱՆ հնարավորությունից: Ու ինքն իրեն ոչ մի կերպ չէր կարող նախապատրաստել իր հաջորդ գոյավիճակին:
Մինչդեռ մենք համառորեն չենք գնահատում մեզ տրված Աստվածային մեծագույն պարգեւներից գուցեեւ ամենակարեւորը՝ նույն այդ երկրային ժամանակը: Այն միայն առերեւույթ է հար եւ նման հատվածների, լույս ու մութի հերթագայություն: Իրականում ոչ մի լույս էլ նման չէ խավարով ընդմիջված հաջորդ կամ նախորդ լույսին, ու ոչ էլ մութն է նույնը: Եվ Երկնայինի սահմանած այս հերթագայությունը, որ ժամանակ է կոչվում, զարգացումից զատ մարդ արարածի կյանքը հնարավորինս համակարգված դարձնելու իմաստն ունի երեւի թե: Քանզի օրվա, անգամ պահի մեջ հաճախ մոլորվող մարդը վերջնականապես ու անդարձ կմոլորվեր, իր համար իհարկե, անվերջ ու անորոշ մի ժամանակահատվածում ու շատ հնարավոր է, որ կորցներ իր բոլոր, այսօր իրեն բնորոշ մարդկային հատկանիշները՝ նմանվելով հորդահոս գետի մեջ ընկած ու նրա ընթացքին ու տարուբերումներին հլու, անկամ մի տաշեղի:
Մինչդեռ Արարչի սահմանած այս ժամանակակարգը մարդուն հնարավորություն է տալիս ոչ թե իր համար ինչ-որ անորոշ ժամանակահատվածում գործել, այլ պարտադրում է ընդհանուրի փոքր հատվածներն իսկ արդյունավետ կազմակերպել եւ օգտագործել, որ հետո օրերի ու տարիների այդ օղակները միմյանց ագուցվելով դառնան կյանքի ընդհանուր շղթա: Ու թեկուզեւ փոքր գործ ու մտքերից քայլ առ քայլ հյուսվի ինչ-որ մի ընդհանուր ու կարեւոր գործ, որն էլ ապրված կյանքի իմաստ եւ իրականացված առաքելություն կոչվելու հավակնությունն ունի:
Մեծ հաշվով, ապրում ու գործում ես անցյալի, պատմության համար, քանզի ժամանակն ինքը ապագայի անընդմեջ ու անդառնալի հոսք է՝ ներկայի միջով դեպի անցյալը. քո յուրաքանչյուր արած կամ չարած գործ միանգամից անսրբագրելի պատմություն է դառնում: Սակայն հենց այդ պատմությունն ու անցյալն են, որ ի վերջո որոշելու են քո վաղվա օրը, քանզի այն դեռեւս ապագա է եւ միայն հաջորդ օրն է անցյալի վերածվելու:
Ու չարժե անիմաստ եւ իզուր վատնել ու կորստյան մատնել տրված ժամանակը՝ համակարգված ապրելու եւ զարգանալու այդ եզակի հնարավորությունը, քանզի ոչ ոք, Արարիչն անգամ, մեր երկրային կյանքին չի հավելելու մեր իսկ մեղքով կորցրած այդ օրերն ու տարիները:
Մինչդեռ մենք անխնա ենք վարվում մեզ տրված արտաքուստ միայն շատ թվացող, սակայն իրականում սահմանափակ, անկրկնելի ու անդառնալի ժամանակի հետ:
Եվ կորուստների պատճառը, ինչպես եւ գրեթե ամեն ինչ, փորձում ենք փնտրել ոչ թե մեր, այլ ուրիշների մեջ:
…Վերջին տարի ու կեսի ընթացքում, օրինակ, ի՞նչ գրավոր կամ բանավոր միտք կամ եզրակացություն է իրապես հաշվի առնվել իշխանությունների կողմից: Իմ հիշողության մեջ դրանք բազմաթիվ են, սակայն միայն մեկը գիտեմ, որ հաշվի է առնվել՝ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Մինչդեռ ո՞վ է պատասխան տալու այս տեղապտույտի համար: Ու եթե ամենադաժան պատասխանատվության անգամ ենթարկվեն մեղավորները, ի՞նչ կփոխվի այլեւս դրանից: Կարթնանա՞ մարդը, կկայանա՞ երկիրը, առաջ տանող քայլ կարվի՞: Ի՞նչ կտրվի ի տրիտուր մեր կորուսյալ ժամանակի:
Ժամանակն էլ է հարաբերական: Օրինակ, 800 միլիոն կմ/ժամ արագությամբ թռչող տիեզերանավի մեջ անցկացրած մեկուկես տարին հավասար է երկրային 80, 50-ը՝ արդեն իսկ 420 հազար տարվա: Իսկ երբեւէ մտածե՞լ ենք կամ չափե՞լ ենք, արդյոք, մտքի արագությունը: Ու կարո՞ղ ենք հաշվել երկրային մեր կորած տարիները՝ ոչ միայն մեր, այլեւ մեր երկրի, պետության, ժողովրդի համար: Ու խորհե՞լ ենք արդյոք՝ տուն ենք շինում, թե հանրակացարան:
Հաշվե՞լ ենք արդյոք այն կորուստները, որ ունենք մարդկանց մեջ իրենց իրական անմահության գաղափարը չսերմանելով: Չէ որ պարզից էլ պարզ է, որ ժամանակավորությունը առավելագույնս սպառում է ենթադրում, մինչդեռ հավերժությունը՝ արարում առաջին հերթին:
«Քաղաքակրթության կարեւորագույն խնդիրը մարդուն մտածել սովորեցնելն է» ,-ասել է Թոմաս Էդիսոնը: Հաշվե՞լ ենք չսովորեցնելու վնասները: Թե՞ պարզապես որոշել ենք ամեն անգամ սեղան նստելու համար նոր սեղան պատրաստել:
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ