Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԻՆՆԵՐԸ, ԵՐԲ ԴԱՐՁԱՆ ԱՌԱՋԻՆ

Հուլիս 27,1999 00:00
qvearkutuyn

Իմ զրուցակիցն է Էրեբունի շրջանի 9-րդ ընտրատարածքի ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Մանվել Եղիազարյանի (Արաբոյի) քույրը՝ տիկին Սեդա Եղիազարյանը։ Զրուցակիցս իր խոսքը ուղղում է ժողովրդին։ Խնդրում, որպեսզի կարդան եւ ընկալեն ամեն մի տողը, ամեն մի բառը։

-Տիկին Սեդա, արդեն բավականին ժամանակ է անցել ընտրություններից, ոմանք իրենց բողոք-ճիչերը լռեցրել են, հարմարվել են այն մտքին, որ մեր խորհրդարանը ստեղծվեց ժողովրդավարական արդար ընտրությունների շնորհիվ, սակայն դուք, ինչպես նկատում եմ, բորբոքված եք եւ հուզված։ Ո՞րն է ձեր դժգոհության պատճառը։

– Մեր առջեւ նոր ընտրություններ են, եւ ես ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը սթափվի, հիշի այժմյան թաղապետարանների լավ ու վատ աշխատանքները, ճանաչի մարդկանց, գոնե այս անգամ լինի խոհամիտ, ամենակարեւորը՝ չծախվի, հասկանա, թե ինչքան թանկ է իր մի ձայնը։ Այն փաստերը, որոնք ես պետք է բերեմ, բնականաբար իրավական փաստաթղթեր են, արձանագրություններ, որոնք ստորագրված են բոլոր թեկնածուների եւ կուսակցությունների վստահված անձանց կողմից։ Առաջին դժգոհությունը եղավ այն, որ մայիսի 29-ին, ժամը 17.30-ին նոր ընտրացուցակները, իհարկե, խոսքը երկրորդ ցուցակների մասին է, հանձնաժողովի նախագահը բերեց։ Չգիտես ինչու՝ այդ ցուցակներն ուղղակի ամրակներով էին ամրացված։ Որոշ ցուցակներ պատճենահանված էին, կային նաեւ այնպիսիները, որոնք կնքված չէին թաղապետարանի կողմից։ Ընտրություններից հետո, քանի որ շատ քաղաքացիներ բողոքարկում էին, որ իրենց անուններն ընտրացուցակներում չեն գտել, մենք մեր նախընտրական շտաբով սկսեցինք փողոց առ փողոց, շենք առ շենք, բնակարան առ բնակարան շրջել եւ պարզել վերը նշված փաստը։ Որոշ մարդիկ նաեւ վախենում էին ասել ճշմարտությունը, քանի որ չէին ցանկանում այս անօրինապահ երկրում շփվել իբր թե օրինապահ մարմինների հետ։ Երկու օրում ընդամենը երկու-երեք փողոցից հավաքվեց մոտ 1000 ստորագրություն։ Ես անձամբ եղա Էրեբունու թաղապետարանում, որպեսզի պարզեմ քաղաքացիների բողոքը։ Պարզվեց հետեւյալը, մեր կողմից հավաքված 1000 ստորագրությունները ստուգվեցին չգիտեմ ինչու մի քանի ցուցակներում։ Հետո մեզ խնդրեցին ստուգել նաեւ համակարգչի մեջ։ Կային այնպիսիները, որոնք տարբեր ցուցակներում էին, այսինքն մի ընտանիքի վեց անդամը բաժանվել էր չորս տեղամասերի վրա։ Պարզ երեւում էր, որ միտումնավոր բնակչությունը ցաք ու ցրիվ էր արվել։ Ամենասարսափելին այն էր, որ ընտրացուցակներում մեծ բանակ էին կազմում 01.01.1900 թ. ծնվածները։ Պարզվել է, որ միայն մեկ շենքում բնակվում են 154 իննսունինը տարեկան տատիկներ ու պապիկներ։

– Այնուամենայնիվ ի՞նչ տեղի ունեցավ մայիսի 30-ին։

– Տեղի ունեցավ այն, ինչ-որ մենք արդեն սպասում էինք։ Նախընտրական քարոզչության ժամանակ եղբայրս պետք է հանդիպում ունենար Էրեբունի շրջանի թիվ 43 դպրոցում, նախնական պայմանավորվածությամբ։ Սակայն հանդիպման իսկ օրը նա մերժվեց եւ պարզվեց հետեւյալը։ Դպրոցի տնօրեն Ռուզան Մուրադյանը որքան ցանկանում էր թաքցնել իր կաշառված լինելը Էդուարդ Մադաթյանի (Խուճուճ Էդոյի) կողմից, չէր կարողանում, քանի որ պարզ երեւում էր, որ դպրոցի տնօրենը ամբողջ ծնողական անձնակազմին հակաքարոզչություն էր տարածել։

Թիվ 68 դպրոցի տեղամասի վստահված անձ էի։ Առավոտյան ըստ օրենքի պահանջեցի հանձնաժողովի անդամների վկայականները, որպեսզի ճշտեմ, թե որ կուսակցությունն են ներկայացնում։ Պարզվեց հետեւյալը, որ վկայականի վրա բացակայում է կուսակցության անվանումը կամ ըստ վկայականի անձը ներկայացնում է «Շամիրամ» կուսակցությունը, սակայն արձանագրության մեջ այդ նույն մարդը ներկայացնում էր կառավարությանը։ 9-րդ ընտրատարածքում փաստ դարձավ հետեւյալը, որ հանձնաժողովների մեծամասնությունը կամ ԱԺՄ-ից էր, կամ ՀՅԴ-ից, որոնք ատամներով պաշտպանում էին Խուճուճ Էդոյի շահերը։ Եվ երբ վստահված անձերից մեկը, ճանաչելով եզդի տղամարդուն, ասաց. «Առավոտ շուտ եկել եք, բա ձեր ոչխարներն ո՞վ է սար տանելու», եզդի եղբայրը պատասխանեց. «Խուճուճը 50$ փող է տվել, չգայի՞, բա։ Դու տայիր՝ քեզ ընտրեի։ Եզդու համար խայը խայ է»։ Եզդիներից հետո նույն ավտոբուսները բերեցին արդեն հայ տատիկների ու պապիկների, որոնք այնքան զառամյալ էին, որ մոռացել էին պատվիրատուի անունը. «Բալա ջան, ո՞ւմ ընտրեմ»։ Դպրոցի տնօրենը մոտեցավ քվեախցին եւ ասաց՝ «վերջինին», իսկ վերջինը, պարզ է, Խուճուճ Էդոն էր։

ՆԱՐԻՆԵ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031