Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 27,1999 00:00
namak

Բաց նամակ Լոռու մարզպետ պրն Հ. Քոչինյանին

Պարոն մարզպետ, դուք շատ հմուտ խաղ կազմակերպեցիք, ինձ՝ Շամուտի դպրոցի տնօրենիս ազատելու աշխատանքից։ Ճիշտ է, իմ աշխատանքի մեջ թերություններ կան, սակայն թերությունը շտկելու, սխալը չկրկնելու համար կարելի՞ էր խիստ նկատողությամբ որոշ ժամանակ տալ աշխատելու։ Հավանաբար, դուք չգիտեք, որ ինձ վտարելով դպրոցից, բարոյական հարված եք հասցնում ոչ միայն դպրոցին, այլեւ՝ գյուղին։ Դուք ինչո՞վ եք համոզված, որ Ղազարյանը՝ ձեր աշխատակից Վռամի մորաքրոջ տղան, ավելի լավ է ղեկավարելու։ Չէ՞ որ բամբասանքի ձեւով գյուղում շրջում է այն իսկությունը, որ իր աշխատած տարիներին, 1992-94 թթ., Ղազարյանը բնակվել է դպրոցի վթարային համարվող շենքում եւ շենքից վերցրել այն, ինչ անհրաժեշտ է եղել իր կիսակառույց բնակարանին, այն է՝ սենյակների հատակի համար՝ որպես ակումբ ծառայող դահլիճի բեմը, դահլիճի պատուհանների ապակիները, դռների բռնակները, անջատիչներն ու վարդակները։ Խոհանոցի համար օգտագործել է դպրոցի տնօրինության տակ գտնվող տնակի ազբոշիֆերները եւ այլն։ Իր բնակության տարիներին հավերը պահել է դպրոցի առաջին հարկի զուգարանում եւ խցանել կոյուղին, խափանել դպրոցի ջրագիծը։ Հիմա եթե նա խոստանում է երկու օրում վերականգնել ջրագիծը, դուք բավարար պայման եք համարում նրան տնօրեն նշանակելու համար, խոստանում օգնել, խողովակի հարցը լուծել։ Ես ձեզ ապակիների համար դիմել եմ 1998 թ. հուլիսի 9-ին։ Ճիշտ է, մակագրել եք, սակայն առ այսօր ոչնչով չի փոխվել դպրոցի վիճակը։ Այդ ինչպե՞ս է, որ կարճ ժամանակում կարող եք բավարարել Ղազարյանի դիմումը։

Դուք ձեզ ներկայացրիք որպես օբյեկտիվ մարդ։ Նույնը կրկնեց պրն Կարապետյանը ստուգումից առաջ։ Դուք ինձ ասացիք, որ ես այս դրությունը չկապեմ ընտրությունների հետ։ Սակայն դա հնարավոր չէ, քանի որ իմ դեմ բողոք-դիմումը գրվել է 1999 թ. մայիսի 12-ին։ Դրանից մի քանի օր առաջ Վռամ Վանյանի փոքր եղբայրը մեր գյուղում, իր մտերիմներին հայտնել էր, որ դպրոցի տնօրենին ազատելու են։ Այդ փաստը հաստատել է Վռամի հորեղբայր Միշան՝ մայիսի 18-ին, երբ Վռամի հետ գյուղ են եկել՝ ընտրարշավի։

Հունիսի 7-ին, երբ դեռ գյուղում ստուգում չէր եղել, Վռամի հայրը այնպիսի մեկի մոտ, որ ե՛ւ իրենց է մտերիմ, ե՛ւ ինձ, ասել էր, որ երկու օր հետո Էդոն (Ղազարյան) է աշխատելու։ Կարծում եմ, այս փաստերը բավարար են, որպեսզի համոզվեք, որ իմ ազատումը ընտրությունների հետեւանք է։ Բողոքի մեջ նշված փաստերի մեծ մասը (նավթի, գրադարանի, տնտեսվարի) ժխտվեցին։ Ո՞րն է հիմնականը. երկու ամիս, 1997 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մի քանի դասաժամ ուրիշը պարապել, գրել է իմ հարսի վրա։ Մի՞թե դա այնքան մեծ սխալ է, որի պատիժը աշխատանքից ազատումը պետք է լինի, այն էլ՝ հենց արձակուրդի օրերին։ Համոզված եմ, որ նման երեւույթ կգտնեք ցանկացած հիմնարկում։ Հենց մեր դպրոցում 1995 թ. մարտի 10-ին դպրոցի պաշտոնակատար նշանակված Աիդա Քոչարյանը (ներկայիս մաթեմատիկայի ուսուցչուհին) նույն թվի ապրիլի 1-ին երկու ամսով հիմնական հավաքարարին դիմումի համաձայն ազատել է, որպեսզի նրան փոխարինողը ֆիզարձակուրդ գնա եւ դրանից օգտվի։ Իհարկե, դուք նման բաների ավելի շատ տեղյակ կլինեք։ Չարժե երկարացնել։

Գուցե ձեզ թվա, որ ես կառչած եմ պաշտոնին։ Ո՛չ, ես պաշտոնամոլ մարդ չեմ։ Պարզապես ես ուզում եմ շարունակել անվրդով աշխատել իմ սիրելի աշակերտների հետ, իսկ նման ազատումից հետո դա անհնար կլինի։ Ցավն այն է միայն, որ դուք մեր գյուղի մասին պատկերացում ունեք Վռամի ներկայացրածով, իսկ նա խիստ սուբյեկտիվ է։ Ինչեւէ, եթե ձեզ պետք է, որ դպրոցից հեռացվի ինձ նման ուսուցիչը՝ հանուն որեւէ անհատի շահի, անտեսելով գյուղի շահը՝ արեք ինչպես ուզում եք։ Դուք մեր գյուղում ստեղծեցիք մի կաթիլ մեղրի պատմությունը, թեեւ ընտրությունը չի կարելի մեղր համարել։ Վերջում ցանկանում եմ, որ ձեր սերունդները՝ երեխաները, ձեզ նման «օբյեկտիվ» պաշտոնյաների իրենց կյանքի ճանապարհներին շատ հաճախ հանդիպեն։

Ցավագին ու տխրառիթ՝

ԱՐՈՒՍՅԱԿ ՇԱԽԿՅԱՆ

26.06.99 թ.

Հ. Գ. Ես այս նամակն ուղարկում եմ Երեւան՝ որեւէ խմբագրություն։ Պարզապես ցանկացա, որ իմ ձեռագրով կարդաք, որպեսզի պատկերացնեք այն տառապանքը, որ պատճառեցիք ինձ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031