Լրահոս
Օրվա լրահոսը

Արագ արձագանքման ջոկատ

Հուլիս 27,1999 00:00
Armen Araqelyan

Պատմում է Ստեփանավանի «Լոռի» փրկարարական ջոկատի նախագահ Արմեն Առաքելյանը։

«Լոռի» փրկարարական ջոկատը բազմաթիվ պարգեւների եւ խրախուսանքների է արժանացել։ Փրկելու գործը հանրապետությունում նոր-նոր է սկսվում։ Մեր փրկարարներն առաջին հերթին սովորում են արտասահմանցի գործընկերներից եւ սեփական փորձով կատարելագործում են իրենց իմացածը։ «Ջոկատի կորիզն են Ստեփանավանի տուրիստական հավաքականի անդամները։ Ջոկատն իր ունեցածը ստեղծել է սեփական քրտինքով։ Աշխատել ենք Գերմանական կարմիր խաչի հետ, ամերիկյան շինարարությունում։ Աշխատավարձի փոխարեն օգտագործված գործիքները գերմանացիներն ու ամերիկացիները թողնում էին փրկարարներին։ Գործիքներով օգնել է նաեւ Հայկական կարմիր խաչը»։

Արագ արձագանքման ջոկատի աշխատանքը հետաքրքիր է եւ վտանգավոր։ Բոլոր այն տեղերում, ուր չեն կարող հասնել հրշեջները, շտապօգնությունն ու ՆԳ աշխատակիցները, հասնում են փրկարարական ջոկատի անդամները։ Ե՛վ հրշեջների, ե՛ւ շտապօգնության ու ՆԳ բաժինների հետ փրկարարներն աշխատում են հաշտ ու համերաշխ, մեկը մյուսին լրացնելով։ Այս ծառայությունը մոտավորապես նման է ամերիկյան «911» ծառայությանը, բայց մի շա՜տ լուրջ տարբերություն կա. նրանց սարքավորումները, աշխատանքային հնարավորությունները, աշխատավարձը՝ ո՜ւր, մերոնցը՝ ո՜ւր։ Սակայն նույնիսկ այսպիսի խոր տարբերությունների առկայության դեպքում, մերոնք իրենց աշխատանքով, ֆիզիկական պատրաստվածությամբ եւ համարձակությամբ բոլորովին հետ չեն մնում «911»-ից, հաճախ՝ մի բան էլ ավելին են անում։ Ստեփանավանի «Լոռի» փրկարարական ջոկատը վերջերս «Սպիտակ» փրկարարական ջոկատի հետ ուսումնական պարապմունքներ անցկացրեց Հայաստանի բոլոր մարզերում։ Այսօր հանրապետության բոլոր մարզերում կան առաջին արձագանքման ջոկատներ, որոնք իրենց գործը վտանգի վայրում կատարում են մինչեւ պրոֆեսիոնալ ջոկատների գալը։ Դարձյալ «Սպիտակ» ջոկատի հետ համատեղ «Լոռին» պատրաստել է փրկարարական ուսումնական ձեռնարկ, որը կարող են օգտագործել ե՛ւ բուհերում, ե՛ւ դպրոցներում։ «Լոռի» ջոկատը ներկայացրել է ուսուցողական ծրագիր, որը հավանության է արժանացել մարզպետարանի կողմից եւ արդեն կիրառվում է։ Մարզի բոլոր դպրոցներում ջոկատի անդամներն անցկացնում են ուսուցողական պարապմունքներ, եւ երեխաներին սովորեցնելով, թե ինչ է հարկավոր իմանալ հավանական աղետի դեպքում։

Վերջերս շվեդական կառավարությունը հատուկ «Լոռի» փրկարարական ջոկատին նվիրեց գործիքներ, հագուստ, եւ բոլոր սարքավորումներով «զինված» ավտոմեքենա։ Շվեդական կառավարությունը նվերը տվեց ոչ թե զուտ նվեր տալու նպատակով, այլ՝ կոնկրետ այն, ինչ անհրաժեշտ էր ջոկատին։ Իսկ հարազատ կառավարությունն իր հերթին հինգ հաստիք նվիրեց ջոկատին։ Հիմա ջոկատի 85 անդամներից 5-ը աշխատում են հաստիքով եւ հասկանալի է՝ աշխատավարձ են ստանում, իսկ մյուսները փրկում են հասարակական հիմունքներով։

Արմեն Առաքելյանին խնդրեցի (քանի որ ինքը լավ գիտի արտասահմանցի իր գործընկերների աշխատանքային պայմանները) մի թերթեւ համեմատություն կատարել մերոնց եւ նրանց միջեւ։ Հասկանալի է, համեմատությունը մեր օգտին չէր։ Մերոնք ամեն ինչ սեփական ձեռքերով են հայթայթում, սարքում, վերանորոգում, պահպանում, իսկ նրանք աշխատում են աշխատանքային լիակատար հարմարությունների պայմաններում, եւ երբեք բենզինի, գործիքի, հանգստի, սնունդի եւ այլնի խնդիրներ չեն ունենում։

Ցավոք, փրկարարական ջոկարը չունի վիճակագրական տվյալներ, թե ասենք, վերջին մեկ տարում կամ իր գոյության տասը տարիների ընթացքում քանիսի կյանքն է փրկել եւ քանի բարի գործ է կատարել։ Բայց գործ շատ է արված, պարզապես հաշվելու ժամանակ չկա։

Ջոկատը հերթապահում է ամբողջ գիշեր եւ ցերեկ, տարվա բոլոր եղանակներին։ Անձրեւ լինի թե ձյուն, միեւնունն է, «003» հեռախոսահամարը հավաքելով, կարող ես կանչել փրկարարներին եւ վստահ լինել, որ նրանք ոչ մի վայրկյան չեն ուշանա։

Պարզապես մենք այդ ծառայությունից օգտվելու կուլտուրա դեռ չունենք։ Բնակիչները հաճախ զանգում են այն ժամանակ, երբ կախվողն արդեն կախված է լինում, ինչպես Մարգահովտի այն պապիկը, որը մոտ 20 օր առաջ ի նշան բողոքի կախվել էր բարձր հաճախականության էլեկտրալարից, եւ կամ այն տատիկը, որը կարճ ճանապարհով գյուղ վերադառնալիս ժայռից ժայռ էր ընկել։ Փրկարարները, իհարկե, փրկեցին նրանց մարմինները։ Բազմաթիվ մարդկային կյանք են փրկել «Լոռի» ջոկատի տղաները, բայց համեստորեն չէին ուզում այդ մասին խոսել։ Նրանք գիշերային հերթապահության են նստում կազմ ու պատրաստ, պարզապես հարկավոր է վերցնել լսափողն ու հավաքել «003»։ Այս տղաների հետ երեւի կարելի է հետախուզության գնալ։ Թեպետ տղաները գոհ են ե՛ւ կառավարությունից, ե՛ւ մարզպետարանից ե՛ւ պետական բոլոր ատյաններից, բայց «Առավոտի» կարծիքով, օգնությունը բավարար չէ։ Էլեկտրաէներգիայի, վառելիքի, հեռախոսի վարձն ու գումարը եթե հարազատ իշխանությունները զեղչով ընդունեին, ապա խեղդվողին, մահամերձին եւ մեզ փրկելն ավելի հեշտ կլիներ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ.Գ. Հատուկ թողարկում. վերջին շրջանում Լոռու մարզում եւ հանրապետության բոլոր մարզերում (նաեւ՝ Երեւանում) կտրուկ աճել է ինքնասպանների թիվը։ Ինքնասպանության հիմնական ձեւը՝ կախաղան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031