Բենզինային ճգնաժամը կարծես թե կարգավորման ճանապարհին է։ Երեկ արդեն առանց հերթի կարելի էր բենզին գնել 3800-4000 դրամով։
Հայաստան բենզին ներմուծողները դա բացատրեցին. մեկ՝ Սեւ ծովում սկսված փոթորիկով, մեկ էլ՝ մանրածախ առեւտրականների մանր ինտրիգներով։
Նախ՝ Սեւ ծովում սկսված փոթորկի մասին, որը խանգարում է դատարկել բենզինով բեռնված տանկերները։ 1994 թվականից սկսած, հայաստանյան բենզինի շուկան մշտապես կայուն է եղել եւ բենզինի 20 լիտրի արժեքը տատանվել է 6 դոլարի սահմաններում։ Մտածել, որ այդ ընթացքում Սեւ ծովում փոթորիկներ չեն եղել՝ միամտություն կլինի։
Բենզինի մանրածախ առեւտրականների մի զգալի մասը ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչ է կատարվում. «Բազայում բենզին լինում է՝ բերում ենք, չի լինում՝ չենք բերում։ Մերը 400 դրամն է ամեն լիտրից։ Դրա մեջ մտնում է աշխատողի աշխատավարձը, տեղի վարձը, հոսանքը, էկոլոգիան։ Մեզ ինչ գնով տալիս են, մենք դրան 400 դրամ ավելացնում ենք, ոչ մի կոպեկ ավելի։ Դա իրենք էլ լավ գիտեն»,- ասաց բենզին վաճառողներից մեկը։ Բենզակայաններից մեկի տերը շատ ավելի ինֆորմացված գտնվեց. «Նախ ասեմ, որ Հայաստան բենզինը գալիս է Բուլղարիայից, Բաթումիում բեռնաթափվում է ու այնտեղից երկաթգծով՝ Հայաստան։ Ռուսաստանից Հայաստան ոչ մի լիտր բենզին չի գալիս, այնպես որ, Ռուսաստանի բենզինի ճգնաժամը Հայաստանի հետ կապելը ճիշտ չէ։ Որ Հայաստանում բենզինի հետ կապված դժվարություններ են լինելու՝ ես իմացել եմ ամսի 2-ին։ Մտածեցի, մի 3 հազար դոլար պարտք ունեի, հավաքեմ, էլի մի 10 տոննա բենզին կառնեմ, լավ կօգտվեմ։ Բայց փողս տեղ հասավ ամսի 19-ին, այդ ժամանակ արդեն բենզին չկար, չնայած մենք մեր ունեցածը մինչեւ ամսի 22-ը իներցիայով ծախում էինք։ Ուզում եմ ասել, որ հիմա էլ բենզին չկա։ Էդ որ ասում են մի քանի օրից կլինի՝ սուտ է։
Կարդացեք նաև
Իմ իմանալով, նավահանգստում տանկեր չկա, էս բենզինն էլ որ ծախում են՝ չգիտեմ որտեղից է։ Մի մասն իր ունեցածն է ծախում, մյուսները՝ երեւի ինչ-որ պահեստներից։ Ամենալավագույն դեպքում՝ Հայաստան բենզին կմտնի ամսվա վերջին»։ Այն, որ բենզին, իրոք քիչ կա, կարելի է համոզվել նաեւ փակված բենզալցման կայանների թվից։ Արշակունյաց փողոցում գտնվող այդպիսի մի լցակայանի վաճառող կրկնեց նույնը. «Ես ծախող եմ, բենզին կբերեն՝ կծախեմ, չեն բերի՝ կնստեմ»։ «Ինչ են ասում, ե՞րբ կբերեն» հարցիս պատասխանեց շատ հստակ՝ չգիտեմ։ Լցակայաններից մեկի աշխատողն էլ շատ հետաքրքիր դիտարկում ներկայացրեց. «Մի 20 օր առաջ բենզինը ծախում էինք 3400 դրամով։ Հետո բիրիքի գինը բարձրացրին, մենք էլ դարձրինք 3600 դրամ։ Հաճախորդները գալիս էին, անհանգստանում էին, թե այ մարդ, փոխանակ գինը իջեցնեք, բարձրացնում եք, էս գնով քշել չի լինի։ Ամեն մեկին բացատրում էինք պատճառները։ Հիմա որ 4000 դրամով ենք վաճառում, մարդիկ գալիս են 5 լիտրի տեղը 10-20 լիտր են լցնում, հետո էլ հարցնում են, թե կարող է վաղը չլինի։ Երբ ասում ենք, որ լինելու է, թեթեւացած շունչ են քաշում եւ գնում»։
Բենզակայանների տերերից մեկն էլ մի քանի անգամ պահանջելով, որ իր անունը չնշեմ, ասաց, որ փոթորիկը տեղի է ունեցել ոչ թե Սեւ ծովում, այլ Հայաստանի մաքսային սահմանում։ Այս դեպքերի պատճառը, ըստ մեր զրուցակցի, բենզինի ներմուծման մենաշնորհը «Միկա Արմենիայից», այսինքն՝ Սերժ Սարգսյանից վերցնելու Վազգեն Սարգսյանի պայքարի պատճառն է։ Նախկինում Սերժ Սարգսյանը, Հուսիկ Գեւորգյանի միջոցով վերահսկում էր Հայաստանի մաքսային սահմանը եւ «Միկա Արմենիան» կարողանում էր անարգել ներմուծել բենզինը, ներկայացնելով իր ցանկացած գինը եւ քանակությունը։ Այժմ, երբ Հայաստանի մաքսային սահմանը վերահսկվում է Վազգեն Սարգսյանի վստահելի Սմբատ Այվազյանի կողմից, «Միկա Արմենիան» ներկրում է այնքան, որքան նա նախկինում ցույց է տվել փաստաթղթերով։ Այժմ շուկայում բացակայող բենզինի քանակությունը հենց այնքան է, որքան նախկինում ներմուծվում էր առանց հարկման։ Կարելի է ասել, որ շատ խուճուճ է, բայց նաեւ հետաքրքիր է եւ տրամաբանորեն կարող է մոտ լինել իրականությանը։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ