Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՆԶԻՆԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑ

Հուլիս 27,1999 00:00
benzin

Տարածաշրջանում ընթացող բենզինի ճգնաժամը մեր ընկալումների մասշտաբով համաշխարհային է։ Ճգնաժամն ինչ-որ իմաստով կանխատեսելի էր։ Բենզինի ներկրումների մասին երբեք անհրաժեշտ քանակությամբ ինֆորմացիա չի եղել։

Բենզին ներկրող անհատների եւ կազմակերպությունների մասին լեգենդ հիշեցնող խոսակցությունները միշտ էլ ավելի շատ են, քան իրատեսական ինֆորմացիան։ Այս ամենը միշտ քողարկվել է բիզնեսի կամ կոմերցիոն գաղտնիքի քողի տակ։ Նույնիսկ հայտնի չէ, թե հիմնականում որ երկրի արտադրության բենզին է վաճառվում Հայաստանում։

Ռուսաստանի տարածքում սկսված բենզինային ճգնաժամը ենթադրվում էր, որ վաղ թե ուշ, ազդելու է ԱՊՀ անդամ երկրների վրա։ Ռուսական ճգնաժամը «պատկառանք» է ներշնչում թե՛ իր ծավալներով, թե՛ տնտեսության վրա թողած ազդեցությամբ։ Ռուսական 50 ռեգիոններում բենզինը միջին հաշվով թանկացել է 10 տոկոսի չափով։ «Առաջամարտիկը» Դաղստանն է՝ թանկացումը կազմել է 31 տոկոս, Բիրոբեջանում, օրինակ, ցուցանիշը կազմում է 20 տոկոս։ Այս թվերը վերաբերում են նախանցած շաբաթվան։ Անցած շաբաթ ճգնաժամն ավելի խորացավ։ Մինչ ՌԴ կառավարությունը փորձում է կարգավորել ստեղծված իրավիճակը, փորձագետները փորձում են պարզել ճգնաժամի պատճառները։ Ճգնաժամը գուշակելի էր, որովհետեւ ՌԴ կառավարությունը բարձրացրել է բենզինի արտահանման տուրքը՝ մեկ բարելը 7,5 դոլարի չափով։

Միաժամանակ, հարկավոր է հաշվի առնել, որ բենզինի արտադրությունը Ռուսաստանում կրճատվել է 8 տոկոսի չափով։ Բացի արտահանման տուրքը բարձրացնելը, կառավարությունն արտահանման նոր չափաբաժիններ է սահմանել։ Սա նշանակում է, որ բենզինի բիզնեսով զբաղվող խոշոր կազմակերպությունները լուրջ վնասներ են կրելու։ Նման մոնոպոլ դաշտում գործող կառույցները, բնականաբար, հեշտ չեն հաշտվում շահույթ կորցնելու փաստի հետ։ Արտաքին շուկայից ակնկալված եկամուտը չստանալով, նրանք այն փորձում են կոմպենսացնել ներքին շուկայում։ Ռուսական փորձագետների տվյալներով, վերջին շրջանում միջազգային շուկայում աճել է բենզինի պահանջարկը։ Սա պայմանավորված է հարավսլավական պատերազմով։Նման մասշտաբի ռազմական կոնֆլիկտից հետո պետություններն արագ-արագ փորձում են համալրել անհրաժեշտ պետական պահուստները։ Ռուսաստանում դա պետք է որ մի փոքր արտառոց բնույթ ունենա, որովհետեւ այս ամիսներին այդ պահուստներում կուտակված վառելիքն օգտագործվում է բերքահավաքի համար։

Ռուսական ճգնաժամից հետո նմանատիպ ծանր վիճակ ստեղծվեց Ուկրաինայում։ Եթե Ռուսաստանում, ասենք 20 ցենտանոց բենզինը տեղ-տեղ վաճառվում էր 26 ցենտով, Ուկրաինայում միանգամից նվաճեց «միջազգային» ցուցանիշ՝ 90 ցենտից մեկ դոլար։

Ի վերջո, դժվար է միանշանակ պնդել, որ հայկական ճգնաժամը միջազգային (կամ տարածաշրջանային) ցնցումների արդյունք է։ «Հայկական» բենզինի ծագումն անհայտ է։ Եթե անգամ այն հիմնականում Բուլղարիայից ներկրովի է, միեւնույն է, այդ երկրում ուկրաինական պահանջարկի աճը պետք է որ գների աճի հանգեցնի։ Ինչեւէ, Ուկրաինայում գործում է հակամոնոպոլային պետական կոմիտե։ Այդ կոմիտեին չհաջողվեց կառավարելի պահել բենզինի շուկան։ Հայաստանում նման կոմիտե չկա։

Փոխարենը հեռարձակվում են ռուսական հիմնական հեռուստաալիքները՝ OPT եւ PTP։ Դրանք մեկ շաբաթից ավելի «պատմում» էին բենզինի ճգնաժամի մասին։ Եթե անգամ Հայաստանում ճգնաժամի կամ աժոտիաժի համար օբյեկտիվ որեւէ պատճառ չկար, նման արհեստական իրավիճակ ստեղծելը բարդ չէր։ Հետեւյալ պատճառներով՝ նախ, բենզինի ներկրումը խիստ մոնոպոլացված ոլորտ է (հետեւաբար՝ բավական հեշտ է կառավարելը, գնային խաղեր տալը)։ Երկրորդ՝ բնակչությունը տեղեկացված է օտար (բայց՝ հարեւան) երկրներում ծագած ճգնաժամի մասին (հետեւաբար՝ հոգեբանորեն պատրաստ է պահի ազդեցության տակ գրպանները դատարկելու)։ Երրորդ՝ մեր հանրապետությունում ու Երեւանում գործող բենզալցման կայանները վաճառքի մեծ պաշարներ չունեն, դրանք լիցքավորվում են մեկից երկու օրվա վաճառքի պաշարով։ Ցանկացած պահի արհեստական աժիոտաժը կարող է գնային լուրջ աճի պատճառ դառնալ։ Բենզակայանները մեկ-երկու ժամում արագ վաճառում են իրենց պաշարները եւ մեքենաների երկար հերթերը «անակնկալ» թանկացումների հիմնավոր պատճառ են դառնում։ Արտասահմանում լցակայանները սովորաբար ունենում են երկու-երեք շաբաթվա պաշարներ։

Եթե բենզինի առեւտրով զբաղվող գործարարներն ու ոլորտը կարգավորող պաշտոնատարներն անկեղծ էին, եւ Հայաստանում ճգնաժամի հիմքեր չկային, ապա ինչ-որ մեկին հաջողվեց բավականին լավ խաղարկել ստեղծված իրադրությունը եւ լուրջ գումար աշխատել։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031