Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանում երեկ լսվեց ՀՀ պետական եկամուտների նախարարության հայցն ընդդեմ հունական հեռահաղորդակցության կազմակերպությունների (OTE, TWT, TWTH)։
Նախքան 1998 թ. մարտի 3-ը ԱրմենՏելի բաժնետերերն էին Հայաստանի Հանրապետությունը՝ կանոնադրական հիմնադրամի 51 տոկոսը կազմող բաժնեմասով, եւ TWT-ն՝ կանոնադրական հիմնադրամի 49 տոկոսը կազմող բաժնեմասով։ 1998 թ. մարտի 3-ին ԱրմենՏելի բաժնետոմսերի 90 տոկոսը գնվել է OTE-ի կողմից, ընդ որում՝ TWT-ն OTE-ին է վաճառել իր բոլոր բաժնետոմսերը։ Իսկ ՀՀ-ն՝ գործելով պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության միջոցով, OTE-ին է վաճառել ԱրմենՏելի բաժնետոմսերի 41 տոկոսը, պահպանելով՝ 10-ը։ Գործարքի արդյունքում TWT-ն ստացել է գումարներ, որոնք զգալի հավելաճ են ներկայացնում ԱրմենՏելի կանոնադրական հիմնադրամում TWT-ի ներդրման նկատմամբ։ Այս հավելաճն իրենից ներկայացնում է շահույթ, որը ՀՀ օրենսդրությամբ ենթակա է հարկման «Շահութահարկի մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքների համաձայն։ Այսպիսով, TWT-ն վաճառելով Հայաստանում գրանցված իր բաժնետոմսերը, հարկվող շահույթ համարվող պասիվ եկամուտ է ստացել հայաստանյան աղբյուրից եւ պարտավոր էր այդ եկամտից շահութահարկ վճարել։
«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի առաջին կետի համաձայն, ոչ ռեզիդենտի կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտների հարկում է կատարվում եկամտի վճարման աղբյուրի մոտ 15 տոկոսի չափով։ ԱրմենՏելի բաժնետոմսերի վաճառքից TWT-ի ստացած ընդհանուր հարկվող շահույթը հարկային տեսչության հաշվարկով կազմում է 52 միլիոն 982 հազար 206 ԱՄՆ դոլար, իսկ շահութահարկի գումարը՝ 7 միլիոն 947 հազար 350 դոլար 50 ցենտ (կամ 3 միլիարդ 980 միլիոն 897 հազար 500 դրամ)։
Հայաստանի Հանրապետությունը TWT-ին ներկայացրել է հարկի վճարման պահանջ, որը, սակայն, մերժվել է։ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողից գանձվում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի նկատմամբ օրենքով սահմանված տոկոսադրույքով՝ վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար։ Բայց՝ ոչ ավելի, քան՝ 365 օրվա համար։ Այդ գումարը կազմում է 3 միլիարդ 114 միլիոն 654 հազար 200 դրամ։ Այսպիսով՝ TWT-ի, TWTH-ի եւ OTE-ի ընդհանուր պարտավորությունը կազմում է 9 միլիարդ 86 միլիոն 400 դրամ՝ այդ թվում՝ շահութահարկի 3 միլիարդ 980 միլիոն 897 հազար 500 դրամ կետանցված ու չվճարված գումար, 3 մլրդ 114 մլն 654 հազար 200 դրամ տույժ եւ 1 մլրդ 990 մլն 448 հազար 700 դրամ տուգանք։
Կարդացեք նաև
Վերոնշյալի հիման վրա ՀՀ պետական եկամուտների նախարարությունը դատարանից խնդրում էր պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել 9 մլրդ 86 մլն 400 դրամ։
Այս հայցով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարան էր դիմել ՀՀ պետական եկամուտների նախարարությունը (նախկինում՝ հարկային տեսչություն)։ Պատասխանողները՝ OTE, TWTH եւ TWT ընկերությունները, ակնհայտորեն համաձայն չեն հայցի բովանդակությանն ու իրավական հիմքերին։ Իր անհամաձայնությունն ու դժգոհությունը հունական կողմը երեկ դատարանում արտահայտեց պլակատների ցուցադրմամբ, որոնց վրա խոշոր տառերով մեջբերումներ էին արված պայմանագրից։ «Անկախ Հայաստանի կառավարության՝ OTE-ի դեմ Հայաստանում հայց հարուցելու հնարավոր իրավասությունից, Հայաստանի օրենսդրության, Սահմանադրության, իրավական ուժ ունեցող միջազգային պայմանագրային եւ համաձայնագրային պարտավորություններով՝ կառավարությունը՝ ներառյալ բոլոր նախարարությունները, պարտավոր է TWT-ի եւ TWTH-ի դեմ ուղղված ցանկացած հայց ուղղել Անգլիայում Լոնդոնի միջազգային առեւտրի պալատի արբիտրաժային դատարանի բացառիկ իրավասությանը։ Այդ դատարանում գործի վարույթը սկսվել է 1999 թ. փետրվարի 10-ին»,- ասվում է դատարանին ուղղված OTE-ի հակընդդեմ հայցում։ Հունական կողմը կարծում է, որ «այս դատարանի կողմից TWT-ի եւ TWTH-ի նկատմամբ իրավասություն ճանաչելը կնշանակի, որ այս դատարանը նախեւառաջ պետք է անվավեր ճանաչի ԱրմենՏելի բաժնետոմսերի վաճառքի պայմանագիրը։ Իր հայցապահանջը TWT-ի եւ TWTH-ի դեմ ներկայացնելով՝ ՀՀ կառավարությունը բացարձակապես արհամարհել է իրավական պարզ պարտավորությունները։ Դատարանը ազատ չէ արհամարհելու օրենքը»,- եզրակացրել է պատասխանող կողմը։
Դատարանը երեկ չշտապեց եզրակացություններ անել, եւ դատը հետաձգվեց։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ