ՀՅԴ ղեկավար մարմիններին մոտ կանգնած աղբյուրները «Առավոտին» հատուկ տեղեկացրին, որ Ռազմիկ Դավոյանի ՀՀ նախագահի խորհրդական նշանակվելու հարցում Դաշնակցությունը որեւէ դերակատարություն չի ունեցել։ Նախագահը սեփական ընտրությունն է կատարել։ Իբրեւ վկայություն, մատնանշվում է այն փաստը, որ Ռազմիկ Դավոյանը ՀՅԴ համամասնական ցուցակում բավականին համեստ դիրքերում էր։ Քանի որ հայտարարվել է, որ այսուհետ նախագահի խորհրդականների պաշտոններում կուսակցականներին փոխարինելու են մասնագետները, պետք է ենթադրել, որ անվանի բանաստեղծը մեծ հմտություններ ունի հասարակական կազմակերպությունների եւ ազգային փոքրամասնությունների բնագավառներում:
ՎԱՏ ԼՈՒՐ
Ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, օգոստոսի մեկից բարձրանալու է ակցիզային հարկը ծխախոտի եւ էներգակիրների վրա: Ըստ երեւույթին այդ քայլը ուղղված է բյուջեում առաջացած հսկայական ճեղքվածքը վերացնելուն: Դա անխուսափելիորեն կբերի նշված ապրանքների թանկացմանը եւ ընդհանրապես գների բարձրացմանը: Բայց դրա այլընտրանքը այս տարվա բյուջեի փաստացի ձախողումն է: Բացի այդ, Արժույթի միջազգային հիմնադրամը մեր կառավարության առջեւ դնում է բյուջեի եկամուտների եւ ծախսերի համապատասխանեցման միանգամայն բանական պահանջը: Կառավարությունն այսպիսով կանգնած է ծանր այլընտրանքի առաջ. կամ ուղղակիորեն բարձրացնել գները կամ էլ ակցիզային հարկի միջոցով փորձել մեղմել բյուջեի դեֆիցիտը: Հավանաբար, կընտրվի չարիքներից փոքրագույնը: