Թերեւս բնական էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը բավական ժլատ էր ձեւակերպումների մեջ, երբ հարցը վերաբերում էր քրեական այնպիսի գործերի, որոնց նախաքննությունն ընթացքի մեջ է։ Ասենք, Վահրամ Խոռխոռունու սպանության գործի շուրջ ընդհանրապես նպատակահարմար չգտավ խոսել։ Իսկ երբ հետաքրքրվեցինք (քանի որ լուրեր ունեինք, որ այս գործերում տեղաշարժ կա), թե կարելի՞ է գոնե ակնարկել՝ ինչ վարկածներ կան Համբարձում Գալստյանի եւ Վարդգես Պետրոսյանի սպանությունների վերաբերյալ, Աղվան Հովսեփյանը խիստ չոր ասաց. «Ո՛չ, չի կարելի։ Դուք շատ լավ գիտեք, որ չի կարելի, քանի որ դա նախաքննության գաղտնիք է»։
ՀՀ գլխավոր դատախազի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում:
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԲԵՐՈՒՄՈՎ
Կարդացեք նաև
Շաբաթ օրը Շիրակի մարզի դատախազի օգնական Վելիխան Տաշչյանն, ականատեսների ներկայությամբ, Աշտարակի կամրջից ցած է նետվել։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, այս ինքնասպանության դրդապատճառներն անձնական են։ Նա խիստ ծանր էր տանում կնոջ մահը եւ շատերին էր ասել. «Կարինան կանչում է ինձ», քանի որ ինքն էլ էր հիվանդ։ Դեպքից մի քանի օր առաջ դեղեր խմելու միջոցով փորձել էր վերջ տալ կյանքին։
Վելիխան Տաշչյանին ճանաչողները նրան բնորոշում են որպես համեստ ու ազնիվ մի մարդու։
ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՐՏԱԳԱՂԹ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունից ԱԺ ընտրություններից հետո հեռացել են մի խումբ մտավորականներ։ Նախ ասենք, որ Արամ Սարգսյանի տեղակալի պաշտոնից հրաժարական են տվել Արմեն Հովսեփյանն ու Արամ Սաֆարյանը։ Իսկ կուսակցությունից էլ հեռացել են Ազատ Եղիազարյանն ու Կարինե Դանիելյանը։
Վերջինիս հետ հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։