Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՃԵՐՈՒՄ ԼՈՂՈՒՄ ԵՆ ՇՆԵՐԸ

Հուլիս 24,1999 00:00
shner

Երեւանյան շոգն աստիճանաբար մտնում է իր իրավունքների մեջ։ Սնդիկի սյան բարձրությունն անցնում է 36-ից։ Հրավառ արեւի տաք օդը գնալով վերածվում է տապի, օդը դառնում է հեղձուցիչ, որին դժվարությամբ են դիմանում թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները։ Բնությունն իր «դաժանությամբ» կարծես մի նոր հոգս է ավելացնում առանց այդ էլ հոգսաշատ մարդկանց համար։

Սոցիալական պայմաններն այսօր այնքան ծանր են, որ շատերը հնարավորություն չունեն Երեւանից դուրս գալ, շոգ ամիսներին իրենց հանգիստն անցկացնել ծովափնյա վայրերում, ամառանոցներում, լեռնային կամ կիսալեռնային գյուղերում, ուր շատերը նույնիսկ ունեն բարեկամներ, հարազատներ, մոտիկ ընկերներ։

-Եղբայրս բնակվում է Վարդենիսում, սակայն հնարավորություններս չեն ներում, որ գոնե այս տոթ օրերին դպրոցական արձակուրդում գտնվող երեք երեխաներիս ուղարկեմ նրանց մոտ՝ մի փոքր հանգստանան,- ասում է թիվ 79 դպրոցի ուսուցիչներից մեկը,- ոչ ես եմ նորմալ աշխատավարձ ստանում, ոչ կինս, մանկավարժի աշխատավարձն ինչքա՞ն կլինի։ Եղբայրս էլ մի լավ օրի չի, որ դրամ ուղարկի ճանապարհածախսի համար։

Ինչ արած, այդպես է կյանքը, երկու երնեկ միասին չի լինում։ Անկախությունն իր հետ բերում է նաեւ ժամանակավոր դժվարություններ (տա Աստված, որ ժամանակավոր լինի)։

Հավանաբար այդպես է բոլոր այն երկրներում, ուր շուկայական բիրտ հարաբերությունները նոր են մուտք գործում, ուր կան գործազուրկներ, ընչազուրկներ, մի կերպ հանապազօրյա հաց վաստակողներ։ Պետությունն էլ այնքան հարուստ չէ, որ կարողանա բոլոր երեխաների հանգիստը կազմակերպել առողջարաններում, հանգստյան տներում եւ այլուր։

Երեւանում բնակվում է մոտ 1,5 միլիոն մարդ։ Դա հաշվի առնելով, ժամանակին կառուցեցին ջրավազաններ ու արհեստական լճեր, որպեսզի օդը զով լինի եւ անհրաժեշտության դեպքում, երեխաները, ինչու չէ, նաեւ՝ մեծերը, լողային այդ լճերում, թարմանային զովացուցիչ ջրերում։

Սակայն այսօր ամենուրեք, զբոսայգիների մեծ մասում այդ արհեստական լճերն ու ջրավազանները, որոնց կարիքն ավելի շատ է զգացվում, պետական այրերի ուշադրությունից դուրս են մնացել. կա՛մ դատարկ են, կա՛մ աղտոտ, կա՛մ քարուքանդ։

Տարիներ առաջ երկաթգծի վարչության շենքի դիմաց արհեստական գեղեցիկ լիճ կառուցվեց։ Ամռան ամիսներին այն լիովին բավարարում էր շրջապատի երեխաներին։ Երեխաներն այնտեղ էին անցկացնում իրենց հաճելի ժամանակը, ջրից դուրս չէին գալիս։ Այսօր այնտեղ լիճ գոյություն չունի, անտերության, անտարբերության պատճառով քարուքանդ է եղել, դարձել աղբանոց, առանձին տեղերում ջուրն այնքան է մնացել, որ նեխել է, նպաստավոր պայմաններ են ստեղծվել անկենդան կամ կենդանի թափառող շների, կատուների եւ այլ կենդանիների համար։

65-70-ական թվականներին էլեկտրալամպերի գործարանի հարեւանությամբ մի գեղեցիկ լիճ կառուցվեց։ Երկար տարիներ այն դարձել էր դպրոցականների, ինչպես նաեւ մեծահասակների հանգստի հաճելի վայրերից մեկը։ Արձակուրդների ամիսներին դպրոցականներն առավոտից մինչեւ ուշ երեկո այնտեղ էին անցկացնում իրենց բովանդակալից ու հետաքրքիր ժամանակը։ Լճում գործում էին նավակներ, բարձր մակարդակի սպասարկում, ջուրը շատ մաքուր էր՝ ամենօրյա ուշադրության եւ հսկողության շնորհիվ։

Ճիշտ է, այսօր լիճը կա, կան նաեւ լողացողներ, սակայն չկա նախկին մաքրությունն ու սպասարկումը։ Նավակները վաղուց անհայտ կորել են։ Թեկուզեւ ջուրը կարծես դանդաղ ընթանում է, սակայն ջրի երեսն այնպես է մամռակալված, ջրիմուռներով լցված, որ վտանգավոր է լողանալու համար։ Լճի ներքեւի մասում հավաքված մամուռներից, ջրիմուռներից նեխած հոտ է գալիս, իսկ ջրիմուռներից առաջանում են ճահիճներ։ Ինչպե՞ս կարող է դա լողացողների վրա բացասական հետեւանք չթողնել։

– Թոռնիկս գրեթե ամեն օր այստեղ լողում է, բայց երբեմն մարմնի վրա բշտիկներ են երեւում,- ասում է կանգնածներից մեկը,- շոգ է, երեխան ուզում է լողալ, զովանալ, ի՞նչ կարող եմ անել։

– Մի ժամանակ անբարեխիղճ մարդիկ կենցաղային աղբ էին լցնում ջրի մեջ,- ասում է մեկ ուրիշը,- իմանալով, որ իրենց երեխաներն էլ են այդտեղ լողում։

– Քանի տարի է, հատակի տիղմը չի մաքրվել,- ասում է Ռուբենը,- մի ժամանակ նույնիսկ ասֆալտում էին հատակը, հիմա դա վերացել է։

Զարմանալի է, որ այս լճի ջուրը իջնում է ցած, դեպի քաղաքի կենտրոն, սակայն կարծես դիտավորյալ շրջանցում է իրենից քիչ ներքեւ գտնվող «Լամբադա» կամրջի կողքի դատարկ, ջրակարոտ լիճը։ Այն դարձել է աղբանոց, առանձին ջրափոսերում հավաքված ջրերը նեխել են, դարձել հիվանդության տարածող օջախներ։

Ասում են, այդ ջուրը ոռոգման նպատակների համար գնում է հեռո՜ւ-հեռու։

Բայց ինչը կխանգարեր, որ ինչպես առաջներում, ջուրը «մտներ» «Լամբադա», շունչ տար ծարավից պապակած լճին, զովացներ շրջապատը, կյանք ու աշխուժություն տար երեխաներին, ապա շարունակեր ճանապարհը։ Մի ժամանակ այդ ջուրը հասել է նույնիսկ Թոխմախի լիճ. որը նույնպես, ավաղ, քանի տարի դատարկ է, ջրակարոտ ձկներն էլ չորացել-կպել են հատակին։

Վերնիսաժի ամբողջ երկարությամբ կառուցված արհեստական ջրավազանների մեջ ջրի հետք անգամ չի մնացել, չեն գործում շատրվանները։ Բնակիչների հույսը մնացել է երեւանյան մեղմ զեփյուռը, հաճախ բնության «դաժանության» հետեւանքով այն էլ չի լինում։

Դժբախտաբար, քաղաքի կենտրոնում գտնվող Կարապի լիճն է կորցրել իր նախկին հմայքը՝ տեղը զիջելով օրավուր ծլարձակող պաղպաղականոցներին ու սրճարաններին, որոնց դեմն առայժմ ոչ ոք «չի կարողանում» առնել, հաղթարշավը անարգել շարունակվում է ամբողջ քաղաքի զբոսայգիներում։ Մեր քաղաքի այրերը գոնե շոգ ամիսներին գործի գցեին արհեստական լճերն ու շատրվանները, հնարավորություն ստեղծեին երեխաներին լողալու, զովանալու, թեթեւացնեին իրենց «օրը» զբոսայգիներում անցկացվող կենսաթոշակառուների, փոքրահասակ երեխաների ու նրանց մայրերի հոգսերը։

Հետո էլ ասում են, թե ամեն ինչ անում են ժողովրդի բարօրության, առողջ սերունդ աճեցնելու համար։

– Մեր երեխաներին հաց ու ջրի պես անհրաժեշտ է լողալ իմանալը,- ասում է ծնողներից մեկը,- ամեն տեղ այն պետք է գալիս, նույնիսկ ինքնապաշտպանական, ռազմավարական նշանակություն ունի, գոնե արհեստական լճերում ինքնուրույն լողալ կսովորեին, քանի-քանի դժբախտ դեպքեր են եղել լողալ չիմանալու պատճառով, երեխաներ են խեղդվել ջրերում։

Վերջապես, սա էլ հո հանապազօրյա հաց չի՞, որ թանկ է, դժվար է ձեռք բերել։ Թե՞ «մերն ուրիշ է»։

ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031