Հարցազրույց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրայի հետ
-Լրացավ Հայաստանում ձեր գործունեության երրորդ տարին։ Ինչպե՞ս կամփոփեք այս ժամանակահատվածը եւ այսուհետ շարունակելո՞ւ եք ձեր գործունեությունը, թե՞ ձեզ կփոխարինեն։
-Ձեր հարցն առիթ է տալիս մտածելու արվածի մասին։ Երբ ես եկա Հայաստան, խոսելով հայ-ֆրանսիական հարաբերություններից, գրեթե բոլորովին չէին խոսում տնտեսության մասին։ Իսկ այսօր բոլորին մտահոգում է տնտեսությունը, ինչը նշանակում է, որ փոխվել է մարդկանց մենթալիտետը։ Թեպետ տնտեսական հարաբերությունները դեռեւս այն մակարդակին չեն, որ ես կցանկանայի տեսնել, սակայն լավ է, որ տնտեսության խնդիրներով մտահոգված են բոլորը։ Իհարկե, այստեղ կա նաեւ իմ աշխատանքը, բայց չեմ ուզում ասել, որ միայն ես եմ հիմնական պատասխանատուն եւ միայն իմ ջանքերի շնորհիվ է։
Հաջորդ, նկատելի փոփոխությունը քաղաքականության եւ տնտեսության շարժն է։ Նախկինի համեմատ այսօր հասարակությանն առավել շատ հուզում է Հայաստանի ապագան։ Կարծում եմ, վերջին երեք տարում Հայաստանը կարողացավ ճիշտ ըմբռնել միջազգային ոճը եւ շարժվում է ճիշտ ուղղությամբ, բայց ճանապարհը դեռ երկար է եւ դժվար։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ինձ փոխարինելուն, ապա Ֆրանսիայի նախագահն ու կառավարությունն են նշանակում եւ ազատում դեսպաններին։ Ես հնարավորություն չունեմ ազդելու այդ որոշման վրա։
-Եթե, այնուամենայնիվ, ձեր համաձայնությունը հաշվի առնվեր, դուք կշարունակե՞ք Հայաստանում ներկայացնել Ֆրանսիան։
-Եթե ես զգամ, որ պետք եմ, այո, կշարունակեմ, իսկ եթե նկատեմ, որ իմ ներկայությունն օգտակար չէ՝ ոչ։ Աշխատանքի իմաստը նրանում է, երբ օգուտ ես բերում, բայց մյուս կողմից պետք է նոր դեսպան գա, որպեսզի նոր հայացքով գնահատի իրավիճակը, նոր շունչ հաղորդի հայ-ֆրանսիական հարաբերություններին։
-Որպես դիվանագետ, չե՞ք գտնում, որ խիստ կասկածելի էր Ժնեւյան հանդիպումը, քանի որ դիվանագիտության մեջ այսօրինակ հապճեպություն չի լինում։
-Հապճեպություն չի եղել։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն ուղղակի հասկացան, որ գործնական քայլ կատարելու պահը հասունացել է։ Հայաստանի նախագահի ՆԱՏՕ-ի 50-ամյա միջոցառումներին մասնակցելը լավ է գնահատվել միջազգային ատյաններում եւ դա գործընթացի առաջին քայլն էր։
-Բայց Ժնեւի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ Ալիեւը հայ լրագրողներին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղին կտրվի լայն ինքնակառավարում Ադրբեջանի կազմում։
-Որեւէ հակասություն չկա։ Քաղաքական գործիչները ոչ թե մամուլի միջոցով պետք է բանակցություններ վարեն, այլ իրար հետ բանակցեն։ Այսինքն նորմալ է, որ նա լրագրողներին ասում է մի բան, իսկ իր գործընկերոջ հետ այլ բան պայմանավորվում։ Եթե մամուլին հայտարարություններ անելը բավարար լիներ, խնդիրները լուծվեին, շատ հեշտ կլիներ։ Եթե դիրքերի փոփոխություն է տեղի ունեցել, ապա Ադրբեջանի նախագահն առաջինը կխոսեր ոչ թե մամուլի, այլ իր հայ գործընկերոջ հետ։
-Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց հայոց ցեղասպանությունը, որին հաջորդեց Թուրքիայի արձագանքը, թե կդադարեցնի տնտեսական եւ մասնավորապես ռազմական համագործակցությունը։ Ա՞յդ էր պատճառը, որ Սենատը շրջանցեց հարցի քննարկումը։
-Իսկապես, Թուրքիայի կառավարությունը դրսեւորեց իր վերաբերմունքը ԱԺ-ի որոշման հանդեպ։ Յուրաքանչյուր կառավարություն իրավունք ունի ցույց տալու իր վերաբերմունքը։ Դա բնական է։ Ինչ վերաբերում է ռազմական ոլորտին, ապա Թուրքիան համագործակցում է Ֆրանսիայի հետ ոչ թե հաճույքի համար, այլ ուղղակի նա պահանջ ունի։ Երբեք չպետք է մտածել, որ եթե մի երկիր համագործակցում է մեկ այլ երկրի հետ, ինչ-որ սկզբունքների պատճառով կհրաժարվի ձեռնտու համագործակցությունից։ Այդպիսի բաներ միայն գրականության մեջ է գրված։ ԱԺ-ի եւ Սենատի խնդիրը բոլորովին այլ բնույթի է եւ ամենեւին կապ չունի Թուրքիայի հետ։ Ֆրանսիայում ոչ ոք չի անտեսում ցեղասպանության փաստը։ Դա անժխտելի պատմություն է։ Բայց խնդիրը ոչ թե սկզբունքի, այլ ձեւի մեջ է։ Իրավաբանները ԱԺ-ին եւ Սենատին հարցնում են՝ ի՞նչ է նշանակում մի օրինագիծ, որով հաստատվում է պատմական փաստ։ Իրավական ուժ չի կարող ունենալ մի նախադասություն, որն ընդամենն ամրագրում է, թե այդպիսի պատմական փաստ տեղի է ունեցել։ Կարող ենք ենթադրել, օրինակ, թե Ֆրանսիան ճանաչում է, որ պատմության մեջ ստրկատիրություն է եղել։ Սա նշանակում է, որ կարող ենք ունենալ մի շարք օրենքներ, որոնք ուղղակի կամրագրեն պատմական փաստեր եւ իրավական ուժ չեն կարող ունենալ։ Ֆրանսիայում բանավեճը չի ընթանում ցեղասպանության ճանաչման կամ չճանաչման մեջ, այլ հարց է, թե ինչ ձեւով այն պետք է ճանաչել։ Որպես քաղաքացի, ես դեմ չեմ օրենքին. մեկ նախադասությամբ Ֆրանսիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, բայց ուղղակի անհասկանալի է, օրենքն ինչպե՞ս կարող է իրագործվել։
-Եվրամիությանն անդամակցելու հարցում Ֆրանսիան Թուրքիայի աջակիցն է, բայց Հայաստանն էլ Եվրակառույցներում ինտեգրվելու ճանապարհին է, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են Հայաստանի շրջափակումը։
-Իհարկե, շրջափակում կա եւ խանգարում է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը։ Բայց պետք է ռեալ գնահատել՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրը լավ է զարգանում։ Ես տոմս գնեցի «Հայկական ավիաուղիներով» Ստամբուլ մեկնելու եւ որեւէ խնդիր չառաջացավ։ Պետք չէ չափազանցնել. շրջափակումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով եւ խանգարում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Թուրքիային եւ Ադրբեջանին եւս։ Հետեւաբար, խնդիրը պետք է տեսնել միայն Ղարաբաղի հարցի լուծման շրջանակներում։ Ֆրանսիան լիովին աջակցում է Հայաստանի անդամակցմանը ԵԽ-ին, քանի որ Հայաստանը որդեգրեց ժողովրդավարության, շուկայական տնտեսության, մարդու իրավունքների պաշտպանության ուղին, որոնք ԵԽ-ին անդամակցելու անհրաժեշտ պայմաններն են։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա տնտեսապես զարգացած անկախ պետություն է, բայց ունի մի շարք խնդիրներ՝ մարդու իրավունքների պաշտպանության, ազգային փոքրամասնությունների եւ այլն։ Այդ խնդիրների լուծմանը կնպաստի ԵՄ-ին անդամակցելը։
-Տարածաշրջանում ստեղծվող ռազմական դաշինքները՝ ՎՈՒԱՄ-ը, թուրք-իսրայելյան, Վրաստան-Իսրայել, չեն կարող չմտահոգել Հայաստանին, քանի որ բացառված չէ, որ Հայաստանը հայտնվի քաղաքական մեկուսացման շրջանակներում։
-1914 թվականին էր, երբ ռազմական դաշինքներ էին կնքվում եւ պատերազմի ժամանակ մի երկիր աջակցում էր մյուսին։ Հիմա այդպես չէ։ Չկա թուրք-իսրայելյան դաշինք, կա համագործակցություն։ Իսկ ՎՈՒԱՄ-ը ծնվեց ԱՊՀ երկրների ընդհանուր ձգտումից։ Սկզբում բոլոր երկրների հետ ռազմական համագործակցության ցանկություն կար։ Հետագայում պարզվեց, որ տարբեր երկրներ տարբեր ձեւով են պատկերացնում համագործակցությունն ու անվտանգությունը։ ՎՈՒԱՄ-ը, որին մոտեցավ նաեւ Ուզբեկստանը, հասկացան, որ իրենց անվտանգությունը գերադասելի է Ռուսաստանի անվտանգությունից, բայց դա չի նշանակում, որ իրենք ռազմական ոլորտում դաշինք են ստեղծել։ Իսկ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Կիրգիզիան հակառակը, իրենց անվտանգությունը կապում են դեռեւս Ռուսաստանի հետ։ Կարելի է ասել, որ գոյություն ունի երկու մեծ խումբ, որոնք ապրում են միասին, բայց անվտանգության մասին տարբեր պատկերացում ունեն։ Հայաստանը ոչ վտանգված է, ոչ էլ մեկուսացված։
-Բայց Ադրբեջանը հայտարարում է, որ հարկ եղած դեպքում ԼՂ-ի հարցը կարող է լուծել ռազմական ճանապարհով։
-Իրականում այդպիսի բաներ չկան։ Մենք նորից ընկնում են գրականության գիրկը։ Պետք է տեսնել, թե ինչ ենթատեքստում է արվում հայտարարությունը։ Ես միշտ փորձում եմ վտանգավոր հայտարարությունները նվազեցնել եւ տեսնել ինչին կարող են համապատասխանել։ Պետք չէ հավատալ ամեն մի հայտարարության։ Եթե մենք լսենք քաղաքական գործիչների հայտարարությունները եւ հավատանք՝ ապա ուղղակի կխելագարվենք։ Պատերազմ վարելու համար փող է պետք, իսկ Անդրկովկասի երեք երկրներն էլ չունեն այդ հնարավորությունը։ Պատերազմ իրականացնում են հարուստ երկրները։
-Այո, բայց չանտեսենք, որ Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան, իսկ Թուրքիայի թիկունքում՝ ԱՄՆ-ը։
-Շղթան չի համապատասխանում իրականությանը։ Պետք է փորձել իրադարձությունները գնահատել այլ տեսանկյունից։ Օրինակ՝ վերջերս ո՞վ ՄԻԳ-եր ստացավ, ո՞վ է ստանում ժամանակակից զենքեր՝ իհարկե Հայաստանը։ Եթե Ադրբեջանի տեսանկյունից նայենք, նա ոչինչ չի ստանում եւ մտահոգվում է, որ Հայաստանն է պատերազմի պատրաստվում։
-Դուք լավատես եք, բայց իրավիճակը պետք է ռեալ գնահատել։ Չի կարելի նստել եւ հուսալ, թե ոչինչ չի կարող լինել։ Աշխարհում ընթացող գործընթացները փաստում են, որ ամենուր տարածքային ամբողջականության պայքար է։
-Վտանգավոր է հայտարարությունների մեջ գտնել միայն թշնամություն ստեղծող կետեր։ Անհրաժեշտ է ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի բոլոր երկրները կարողանան զարգանալ։ Եթե հարաբերությունները կառուցվեն թշնամական սերմերի վրա, ոչ մի արդյունք չի լինի։ Բացասականին համարժեք պետք է տեսնել նաեւ դրականը։ Մեր զրույցից տեսնում եմ, որ անելիքներ շատ կան՝ վստահության վերականգնման առումով։ Դա դժվար գործընթաց է, եւ շատ ջանքեր են պետք։ Իհարկե, առայժմ վաղ է խոսել համագործակցության մասին, բայց թշնամությունը գոնե պետք է վերացնել։ Եվ հարաբերություններում պետք է գտնել ոչ թե հակադրություններ, այլ համադրություններ։ Համոզված եմ, որ վերջիններն ավելի շատ են։ Մեր հարցազրույցի սկզբում դուք հարցրիք, թե որքան եմ մնալու Հայաստանում։ Կարծում եմ, եթե ինձ հաջողվեր վստահության ձեռքբերման, թշնամության վերացման գործում մի քար դնել, ապա ես կհամարեմ, որ կյանքում մեծ գործ եմ արել։ Պատմության բերումով ստիպված եք Ադրբեջանի հետ ապրելու կողք-կողքի։ Ուրեմն, պետք է ելք գտնել։
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ