Բուհերի ընդունելության քննություններում ԶԼՄ-ներին, այդ թվում՝ «Առավոտին», հատկացված է դիտորդի համեստ դերը։ Ու չնայած «Առավոտը» բողոքարկման հանձնաժողով չէ, ու առավել եւս՝ բողոքարկմամբ գնահատական փոխելու լծակներ չունի, սակայն մեզ մոտ էլ են գալիս բողոքարկման։ Դրանք հիմնականում այն ծնողներն են, որոնք այլեւս դիմելու տեղ չունեն ու միակ մխիթարանքը մնում է իրենց բողոքը հրապարակավ արտահայտելը։ Այս տարի նման բողոքները ենթադրում ենք, որ ավելի շատ կլինեն, քանի որ կանոնակարգով, ինչպես միշտ, կրկնակի բողոքարկում չի նախատեսվում, սակայն բողոքարկման հանձնաժողովների հետ ծնողների հանդիպումներն էլ արգելվել։ Զուտ հոգեբանորեն այդ վերջինը նախորդ տարի զգալիորեն կրճատում էր դժգոհների թիվը, քանի որ բանավիճելու, միմյանց համոզելու ու հանգստացնելու հնարավորություն կար։ «Առավոտի» կրթության էջի պատասխանատուն բոլոր առարկաների գծով մասնագետ չէ ու չի էլ կարող եւ չի էլ հավակնում մասնագիտական գնահատականներ տալ աշխատանքների ստուգմանը՝ չնայած խմբագրություն բերված այս մի աշխատանքը նայելուց հետո առաջին զգացողությունը տարակուսանքն էր, թե ինչպես կարող էր նման գրավորը գոնե բավարար գնահատական չստանար, եթե ճիշտ են այն պնդումները, որ դպրոցական շրջանակներից դուրս բաներ չեն պահանջում։ Ինչեւէ, մասնագիտական բանավեճի մեջ չենք մտնում, եւ աշխատանքը խմբագրություն բերած ծնողը՝ Գագիկ Դանիելյանը, նման պահանջով չէր եկել։
Ի դեպ, ցանկալի կլիներ, որ որեւէ անկախ պատմաբան համաձայնվեր գնահատել այդ աշխատանքը (պատճենը խմբագրությունում է)։ Մասնագիտական համերաշխությունից ելնելով՝ նրանցից ոմանք մերժել էին պրն Դանիելյանին։ Վերջինս միայն մի խնդրանքով էր եկել՝ ցույց տալ իր աղջկա՝ Գայանե Դանիելյանի հայ ժողովրդի պատմության գրավոր քննության (տարբերակ 66) աշխատանքը ստուգած դասախոսի սխալները, եթե դիմորդների սխալների նկատմամբ այդքան խիստ են։ Առանց մեկնաբանության մատնանշում ենք այն նշումները, որ մեզ էլ տարօրինակ թվացին։
Գտի՛ր տարբերությունը (հաղթողին՝ մրցանակ)
Երեխան գրել է. «Դավիթ Բեկը իր շուրջը հավաքեց տեղի զինված ուժերին եւ ստեղծեց ռազմական խորհուրդ։ Նա աչքի ընկնող զինվորականներից Մխիթարին նշանակեց սպարապետ, իսկ առանձին զորաջոկատների հրամանատարներ՝ Տեր-Ավետիսին, Փարսադանին, Թորոսին»։ Ստուգողը լուսանցքում «ճշտել է». «Դավիթ Բեկը ստեղծեց ռազմ. խորհուրդ, Մխիթարին նշանակեց սպարապետ, հրամանատարներ՝ Տեր-Ավետիսին, Թորոսին, Փարսադանին»։ Իսկ երեխայի նշած՝ «1725թ.»-ի 2 տարվա սխալը շտկելիս ինքն էլ է սխալվել եւ «1727 թ.»-ի փոխարեն «1927 թ.» գրել։ Կասեք՝ դե լավ, շփոթվել է, իսկ ինչ-որ մեկը ստուգե՞լ է, թե հուզված երեխաների սխալների ո՞ր մասն է պարզ շփոթմունքի պատճառ։ Նկարագրելով Հալիձորի բերդի պաշարումը եւ ներկայացնելով, որ հայկական կողմի մեծամասնությունը «ընտրում է թուրքերի հետ բանակցելու եւ հանձնվելու ուղին»՝ երեխան ավարտում է միտքն այսպիսի նախադասությամբ. «Այսպիսով Հալիձորը հպատակվում է թուրքերին»։ Ինչը լուսանցքում այսպես է ուղղվել. «Թուրքերը գրավում են բերդը, կողոպտում ու կոտորում հայ բնակչությանը»։
Կարդացեք նաև
«Վաղ միջնադարյան Հայաստանի մշակույթը (5-9-րդ դդ.)» հարցի պատասխանը երեխան սկսել է «5-9-րդ դդ մեծ թափ է առնում պատմագրությունը» ու հետո էլ հավելում՝ «մեսրոպատառ I «Հայոց պատմությունը» շարադրել է Ագաթանգեղոսը (…)»։ Բայց ստուգողը հարկ է համարել նշել, որ պատասխանը պետք էր սկսել «Վերելքը սկսեց գրերի գյուտից» բացումով։ Իսկ այս մի «բացումը» այդպես էլ չհասկացանք. «Քրիստոնեությունը մեծարելով պաշտպանում էր հայ ժողովրդի ազգային ինքնուրույնությունը»։ Այսքանով թերեւս բավարարվենք՝ չնայած եթե մենք էլ ստուգեինք ստուգողի լրացումներն այնպես, ինչպես աշխատանքն է ստուգված, էլի նման օրինակներ կգտնեինք։
Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ