Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ Է ԵՆԹԱԿԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՌԻՍԿԻ

Հուլիս 24,1999 00:00
Gagik Eganyan

Սա պաշտոնաթողությունից հետո ՀՀ սոցիալական ապահովության նախկին նախարար Գագիկ Եգանյանի առաջին հարցազրույցն է, որի սկզբում խնդրեցինք ներկայացնել իր նախարարական գործունեությունը։

-Երբ այս կամ այն նախարարն այլեւս չի աշխատում, ժողովրդի մեջ ընդունված կարծիք կա, թե ինչու չեն ասում՝ ինչ պատճառով չի աշխատում, ինչ ծրագրեր է ձախողել կամ, ժողովրդի լեզվով ասած՝ ինչ ալան-թալանի է մասնակցել։ Նման հարցադրումներ, կարծում եմ, շատերի մոտ կան։ Երբ ինձ նախարարի պաշտոնը վստահվեց Սոցիալական ապահովության նախարարությունում, վարչապետ Վլադիմիր Մարգարյանցի ժամանակներից սկսած, ութ տարվա աշխատանքի փորձ ունեի։ Մինչ այդ, ութ տարի էլ կառավարության ապարատում եմ աշխատել։ Դրանից առաջ էլ դասախոսական աշխատանք եմ տարել։

Ծանոթ լինելով սոցիալական ապահովության գործող համակարգին, նախարար դառնալիս առաջին հարցը որ ծագեց, բնականաբար, «ինչի՞ց սկսելն» էր։ Շատերը մինչեւ այժմ էլ Սոցիալական ապահովության նախարարության դերը պատկերացնում են իբրեւ սոսկ ծերանոցների, մանկատների, պրոթեզարանների աշխատանքների համակարգում եւ քաղաքացիների ընդունելություն։ Անշուշտ, դրանք էլ նախարարության գործն են, բայց ոչ՝ հիմնականը։ Նախարարությունը կոչված է ստեղծված իրավիճակին համապատասխան սոցիալական ապահովության համակարգ ձեւավորել։ Իսկ դրա համար անհրաժեշտ է պարզել, թե ինչ բան է սոցիալական ապահովությունը։ Յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքում կարող ենք հայտնվել սոցիալական դժվար կացության մեջ, երբ խաթարվում են մեզ համար սովորական դարձած կենսագոյության ձեւը եւ պայմանները։ Սոցիալական ուղղվածության պետության մեջ հասարակության եւ պետության խնդիրն է օգնել այդպիսի մարդկանց՝ դուրս գալ նման իրավիճակից կամ կանխարգելել այդպիսի իրավիճակները։ Այդ սահմանումից ելնելով, սոցիալական ապահովությունը կարելի է իրականացնել երկու ճանապարհով՝ սոցիալական ապահովագրության (սոցիալական զանազան ռիսկերից (իմ օրինակով ասեմ, ասենք՝ գործազրկությունից (Գ.Ե.) եւ ծերությունից), իսկ եկամուտ չունեցողների կամ քիչ ունեցողների համար՝ սոցիալական աջակցության։ Մենք հատուկ տարանջատել ենք այդ երկու եղանակները, սահմանել դրանց կիրառման սկզբունքները եւ որոշել, թե յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական ապահովությունը որ եղանակով պետք է կատարվի։

Պետությունը պետք է նպաստի նաեւ սոցիալական խոցելի խմբերի (օրինակ, հաշմանդամներ, որբ երեխաներ, փախստականներ) ինտեգրացմանը հասարակության մեջ։ Այս համակարգերի կառուցումն էլ սոցիալական ապահովության նախարարության հիմնական խնդիրն է։ Քայլերն սկսեցինք սոցիալական աջակցության ոլորտից։

– Ինչո՞ւ հենց դրանից։

– Բնակչության ծանր վիճակից ելնելով։ Բացի այդ, սոցիալական աջակցության ծրագիրն ավելի պատրաստ էր, չորս կառավարությունների ծրագրերում կար սոցիալական աջակցությունը հասցեականության հիմքի վրա կառուցելը։ Նախկին կառավարությունը այդ քայլի համարձակությունը վերցրեց իր վրա։ Իմ նախարար եղած ժամանակը համընկավ այդ վերցրած պարտավորության կատարման հետ։ Այդ ընթացքում հստակ պլանավորվել են մեր նախարարության առաջիկա տարիների անելիքները։ Ինձ թվացել է, որ սոցիալական ապահովության համակարգի կառավարման ճիշտ բանալին գտել ենք։ Դրան համապատասխան ծրագիր ենք մշակել մինչեւ 2002 թվականը, առանձին ոլորտներով՝ մինչեւ 2029 թվականը։ Սոցիալական ապահովության մոդելները ծրագրված էր մինչեւ 2002 թվականը ամբողջությամբ ներդնել։ Արդեն փոխվել է հաշմանդամների խմբորոշման համակարգը՝ հիմքում դնելով սոցիալական գործոնը, ապահովագրության առումով ծրագրել էինք հուլիսից սկսել բնակչության անհատական հաշվառման համակարգի ներդրումը։ Միջազգային փորձագետները մեր այս ծրագրերի մասին ամենաբարձր կարծիքն են հայտնել։

– Տեղյա՞կ եք, ձեր օրոք մշակված ծրագրերն այժմ շարունակո՞ւմ են իրագործվել, թե՞ ոչ։

– Մի ամիսը քիչ ժամանակ է դա ասելու համար։ Նոր նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը մի քանի անգամ հրավիրել է ինձ քննարկումների, որոնց մասնակցել եմ առանց փոքր-ինչ նեղվածության։ Համակարգը կատարելագործելը անվերջ պրոցես է։ Ոլորտում գոյություն ունի որոշակի իներցիոնություն. որոշակի ժամանակաշրջան է պետք, որ ընտրված ուղղությունն իր ճիշտ արդյունքը տա։

– Ձեզ աշխատանքի առաջարկություններ դեռ չե՞ն արել։

– Ինքս ձեւավորված եմ իբրեւ պետական ծառայող։ 26 տարեկանից աշխատել եմ պետական շինարարության ոլորտում՝ արդեն 17 տարի։ Դա իմ տարերքն է, թե պետությունը ինչ ֆունկցիաներ պիտի իրականացնի եւ ինչպես։ Ինչ վերաբերում է առաջարկություններին, սպասում եմ, որ լինեն։

– Հնարավո՞ր է, որ մնաք նույն նախարարությունում՝ իբրեւ փոխնախարար։

– Բացարձակապես նեղացածի կեցվածք չունեմ, անկեղծ եմ ասում։

– Դո՞ւք էլ եք գտնում, որ նախարարի փոփոխությունը քաղաքական որոշում էր։

– Այո, եւ այդպես էլ ներկայացվեց։ Նոր նախարարին ներկայացնելիս քաղաքական ղեկավարությունը ինձ շնորհակալություն հայտնեց իմ աշխատանքի համար։ Ես դրանք հերթապահ խոսքեր չեմ համարում։ Այդ ոլորտը խիստ կարեւորելով՝ «Միասնություն» դաշինքն այդտեղ էլ իր ներկայացուցիչը պիտի ունենար, որպեսզի ասեր, որ ինքն ամբողջությամբ դրության տերն է, պատասխանատու է նաեւ դրա համար։

– Մեր թերթին տված հարցազրույցում Հրանուշ Հակոբյանը ձեր գործունեության մասին այնքան էլ դրական չարտահայտվեց։

– Դա նեղ անձնական շահերով պայմանավորված զգացական գնահատական էր։ Նա առաջին անձնավորությունն է, որ բացասական, այն էլ հրապարակավ գնահատական է տալիս իմ՝ որպես նախարարի գործունեությանը։ Եթե տիկին Հակոբյանը շատ ազնիվ եւ անկեղծ էր եւ ինչ-որ խնդիրներ էր տեսնում, որոնցով կբարելավվեր մեր սոցիալական քաղաքականությունը, կարծում եմ, ազնիվ կլիներ, եթե տեղյակ պահեր դա այն ժամանակ, երբ ես նախարար էի։ Գուցե կարողանայի արձագանքել եւ որոշ հարցեր շտկել։ Եվ ինչպես ասում են, ճակատամարտից հետո սրեր չեն ճոճում։

Ես պատրաստ եմ մասնակցել նաեւ բանավեճերի, քննարկումների։ Լսարանի, տեղի, ժամանակի ընտրությունը թողնում եմ տիկին Հակոբյանին։ Քանի որ գործազուրկ եմ, ես կհարմարվեմ։ Այդ բանավեճերը օգտակար կլինեն նաեւ մեր նորընտիր ԱԺ այն պատգամավորներին, որոնց հետաքրքրում է ընտանեկան նպաստը եւ իրենց այդ բնագավառի գիտակներն են համարում՝ նոր ընտրվելով համապատասխան պաշտոններում։ Պատրաստ եմ նաեւ նրանց հետ քննարկումներ կազմակերպել. ամեն ինչ ամեն մարդ չի կարող իմանալ։ Ես էլ ուրիշ ոլորտներից շատ բան չգիտեմ։

Հարցազրույցը վարեց

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031