Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզին այրելը փող վառելու պես բան է

Հուլիս 24,1999 00:00
benzin

Ուկրաինական տնտեսությունը հերթական ճգնաժամն է ապրում։ Պատճառն այս անգամ էներգակիրներն են։ Այս շաբաթ «անակնկալ» թանկացավ բենզինը։ Կիեւում բենզինի գինն աճեց 4 անգամ։ Բենզալցման կայանների հարակից տարածքներում բազմաթիվ «լքված» մեքենաներ կան։ Վերջին մի քանի կաթիլով հասնելով բենզալցման կայան, համոզվելով, որ բենզին չկա, տարաբախտ վարորդները մեքենաները բրախում ու գնում են։ Հույսը մեկն է՝ առաջիկա օրերին կհաջողվի մի քանի լիտր բենզին լցնել։

Պետական եւ հասարակական տրանսպորտի համար հատուկ կտրոնային համակարգ է մշակված։ Նույնիսկ նման լցակայաններում հերթը մի քանի ժամ է տեւում։ «Բենզինային» ճգնաժամը հանգեցրեց ազգային դրամի՝ գրիվնայի արժեզրկման։ Ուկրաինական թերթերը չեն հասցնում հրապարակել դոլարի նոր արժեքը։ Հուլիսի 22-ին բոլոր թերթերի առաջին էջերին փոխանակման կետերի ցուցատախտակներ էին, որոնց վրա նշված էր, թե դոլարը գնվում է 4,2 գրիվնայով եւ վաճառվում 4 գրիվնա 50 կոպեկով։ Բայց հենց նույն օրը, ես, օրինակ, դոլարը փոխանակեցի 4,3 կուրսով։ Վաճառքի գինն արդեն 4,65 էր։ Գնման եւ վաճառքի կուրսի տարբերությունը բացատրվում է նրանով, որ տարադրամ գնողները պարտավոր են որոշակի գումար փոխանցել կենսաթոշակային ֆոնդ։ Հաշվարկի տրամաբանությունն այն է, որ տարադրամ վաճառում են «աղքատները», գնում՝ «հարուստները»։ Արժեզրկման սպասումները լուրջ են։ Ուկրաինայի արտաքին պարտքը կազմում է 12,4 մլրդ դոլար, որից 3 մլրդ դոլարը՝ Ռուսաստանին։ Ուկրաինան հիմնականում Ռուսաստանից է նավթ գնում։ Չվճարումների պատճառով Ռուսաստանը դադարեցրել է նավթի մատակարարումը։ Դրությունը չի փրկում անգամ Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածությունը՝ 500 հազար տոննա հում նավթ գնելու մասին (150 հազարն արդեն ներկրվել է)։

Կիեւում հուլիսի 22-ին բենզինը վաճառվում էր 1 լիտրը 1 դոլարով։ Երեկ արդեն նմանատիպ խուճապային վիճակ էր Երեւանում։ Բենզալցման կրպակների մեծ մասը դադարեցրել էր վաճառքը։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031