Հուլիսի 22-ին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը Ուկրաինայի մայրաքաղաքում մասնակցեց INOGATE ծրագրի գագաթաժողովին։
Այս ծրագիրը գործում է 1995 թվականից։ Ձեւավորման համար հիմք դարձած փաստաթղթի անունն ինքնին բացահայտում է ծրագրի նպատակը. «Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի էներգիա միջազգային միջանցքի անհրաժեշտությունը»։ Նպատակը նշված տարածաշրջան էներգակիրների պաշարների ուսումնասիրությունն է ու փոխադրման ուղիների հետ կապված հարցերը։
Այս ծրագիրն այսօր կարելի է գնահատել որպես գոնե խիստ հեռանկարային։ Գործնական արդյունքներն առայժմ շոշափելի չեն եւ դժվար թե գոհացնեն անգամ հեղինակներին։ Յուրաքանչյուր գագաթաժողովի մասնակից պետության ներկայացուցիչ ներկայացնում է իր պատկերացումներն ու սպասելիքները։ Կիեւյան համաժողովի փաստաթղթերում առաջին անգամ Հայաստանով անցնող նավթատարների ու գազամուղների հնարավորությունն էր արձանագրվում։
Համաժողովում ելույթ ունեցավ նաեւ ՀՀ վարչապետը։ Նա ներկայացրեց մեր երկրի էներգահամակարգը, վերակառուցման քաղաքականությունը։ Հայաստանն ունի տարածաշրջանի համեմատ շատ լուրջ էներգետիկ հզորություններ։ Ասենք, որ մեր էներգահամակարգը կարող է արտադրել մի քանի անգամ ավել հոսանք, քան ի վիճակի է սպառել երկրի տնտեսությունը։ Հետեւաբար, «միացյալ էներգետիկ համակարգի ստեղծման գործում Հայաստանը կարող է լուրջ ներդրում ունենալ»։ Վարչապետ Վազգեն Սարգսյանը նաեւ նշեց, որ էներգակիրների տեղափոխման, պահեստավորման կառույցների ստեղծման հարցերը նախագծում են այսօր առկա միջպետական հարաբերությունները, միջազգային ներկա իրադրությունը եւ ազգային շահերն ու պահանջները։ Նման նախագծերն ու ներդրումները մեծ ռիսկի եւ մեծ խնդիրների հետ են կապված։ «Նավթի եւ գազի տեղափոխման ուղիների ընտրության հարցում հարկավոր է առաջնորդվել տնտեսական փոխշահավետ հարաբերությունների, երկարաժամկետ եւ հեռանկարային ծրագրերի իրականացման մտադրություններով»։
Կարդացեք նաև
Միջազգային համաժողովի շրջանակներում Վազգեն Սարգսյանը հանդիպեց Ուկրաինայի վարչապետ Վալերի Պուստովոյտենկոյի հետ։ Վերջինս առաջարկեց քննարկել երկարաժամկետ (տաս տարի ժամկետով) տնտեսական համագործակցության պայմանագիր։ Ուկրաինան ավելի շուտ հեռանկարային, քան իրական գործընկեր է Հայաստանի համար։ Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 13 մլն դոլար, որից 4 մլն՝ արտահանում, 9 մլն՝ ներմուծում։ Տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովը նիստ է գումարելու Երեւանում նոյեմբեր ամսին։ Հայաստանում պատվիրակության այցի շրջանակներում Կիեւում հանդիպեցին ՀՀ եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ