Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նյութաբանները որոշեցին հրամանը չընդունել

Հուլիս 24,1999 00:00
nyut

50 տարվա պատմություն ունի «ՆԳԱՁ» (Նյութաբանության գիտա-արտադրական ձեռնարկություն) ՊՓԲԸ-ն, որը մինչեւ այսօր համարվել է Հայաստանի կարեւորագույն ձեռնարկություններից մեկը։ Այսօր, սակայն, նա որպես այդպիսին, կարելի է ասել՝ գոյություն չունի։

Կարո՞ղ ենք արդյոք պահպանել այն, ինչը ստեղծվել է տարիների ընթացքում, բազմաթիվ գիտաշխատողների ջանքերով, որը մինչ այսօր հանդիսանում էր Հայաստանի գիտության օջախներից մեկը։

Ոմանք, սակայն, դա չեն հասկանում, կամ էլ… չհասկանալու են տալիս՝ ցանկանալով անպատճառ իրականացված տեսնել իրենց կողմից մտահղացված ապօրինի քայլերը։

Օրեր առաջ «Առավոտը» ահազանգ ստացավ. նյութաբանական ինստիտուտից էր (Չարենցի 17 հասցեում գտնվող)։ Ինստիտուտի աշխատակիցները խիստ վրդովված հայտնեցին, որ շենք են ներխուժել (առեւտրի նախարարության կարգադրությամբ) մի խումբ մարդիկ եւ թալանի ենթարկել բազմաթիվ գիր ու գրականություն, ապա պահանջել մոտ օրերի (10 օրվա) ընթացքում ազատել շենքը եւ հանձնել Զարգացման հայկական գործակալությանը։

Շտապեցինք այնտեղ՝ պարզելու կատարվածը։

Նյութաբանների մեջ զայրույթի ալիք էր բարձրացել, քանի որ այդ արարքը, որը կարելի էր անմարդկային համարել, տեղի էր ունեցել առանց նախազգուշացման եւ որեւէ մեկի գիտության։ Հետեւաբար, ինստիտուտը պետք է տեղափոխվի «Հայգունմետնախագիծ» ՊՓԲԸ-ի շենք, որը չունի անհրաժեշտ հարմարանքներ եւ սարքավորումներ, իսկ տեղափոխման մասին առաջարկությունների հեղինակները ձեռնարկությունը դիտում են ընդամենը որպես մասնաշենք կամ գրասենյակ։ Մինչդեռ բացի յուրահատուկ սարքավորումներից գոյություն ունի մի ամբողջ ենթակառուցվածք (սնուցման ենթակայաններ, ուժային ձեւավորիչներ, բարձրհաճախային գեներատորներ, ջրագիծ եւ էներգետիկ համակարգեր, օժանդակ կառույցներ ու սարքեր եւ այլն), որի վերաբազավորումը անհնարին է, իսկ նորի կառուցումը կպահանջի հսկայական ծախսեր եւ զգալի ժամանակ։

– Ձեռնարկության տեղափոխման համար պետք է տրամադրվեն համապատասխան միջոցներ եւ ժամանակ՝ տեղափոխման մեխանիզմը, նախագիծը եւ նախահաշիվը կազմելու համար,- ահա սա էր նյութաբանների հիմնական պահանջը, որը նրանց կարծիքով ոչ ոք չի կարող իրագործել։

Ձեռնարկության աշխատակիցները համոզված են, որ մտադրության իրականացումը առաջ կբերի հսկայական նյութական կորուստներ, կատարվող եւ կատարվելիք աշխատանքների (այդ թվում՝ միջազգային ծրագրերի) խափանում, զգալի հարված կհասցնի Հայաստանի գիտության զարգացմանը, կառաջացնի հասարակական մեծ լարվածություն՝ վարկաբեկելով տարվող տնտեսական քաղաքականությունը։

Ի դեպ, տեղեկացանք, որ տարբեր կազմակերպությունների եւ մարմինների կողմից շարունակվող փորձերը՝ օտարել «Նյութաբանական գիտահետազոտական եւ արտադրական ձեռնարկության» ՊՓԲԸ-ի շենքը եւ տարածքը՝ սկսվել է մեկ տարի առաջ, որի ընթացքում եղել են երեք առաջարկներ, իսկ լուրջ նախապատրաստական միջոցառումները սկսվել են մոտ մեկ շաբաթ առաջ, որը եւ վերջնական լուծում է ստացել սեփականաշնորհման նախարարության 13.07.99 թ. N 01 1177/1 պգ. գրությամբ։

Այս եւ այլեւայլ հարցերի շուրջ խորհրդակցելու եւ իրենց անելիքները որոշելու համար երեկ նյութաբանները ժողով էին հրավիրել։ Ներկա էր գիտության վարչության պետ Ս. Սարգսյանը։ Նա հավաքվածներին ներկայացրեց Հ. Գեւորգյանի «գեղեցիկ խոստումներով հրամանը», որը իրագործել, ըստ նյութաբանների համոզվածության, անհնար է։

Առեւտրի նախարարն իր հրամանագրում ներկայացրել էր մի շարք կետեր, որոնք, ըստ նրա, անպայման պետք է իրականացվեն, եւ որը իբրեւ թե նպաստելու է ձեռնարկության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Ըստ հրամանի «Հայգունմետնախագիծ» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ս. Արզումանյանը պետք է ապահովի այն տարածքները, որը հատկացվել է նյութաբանական ձեռնարկության համար։ Հետեւաբար, պետք է մեծ գումար եւ միջոցներ ներդրվեն շենքի կառուցման եւ այլ հարցերում օժանդակելու համար։

Ինչեւէ, հրամանագիրը շատ գեղեցիկ էր եւ բազմախոստում։ Մնում է միայն դա իրագործել։ Իսկ ժողովի արդյունքը եղավ այն, որ բորբոքված եւ վրդովված նյութաբանները որոշեցին հրամանը չընդունել այնքան ժամանակ, եւ շենքը չհանձնել մինչեւ Հայկական գործակալության նախագահ Գ. Եղիազարյանից եւ Ա. Արզումանյանից չստանան համապատասխան պայմանագիր՝ միջոցներ հատկացնելու, շենքով ապահովելու եւ տարածք տրամադրելու վերաբերյալ։

ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031