Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐՑՐԵՔ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԱՐՍԵԼ»

Հուլիս 24,1999 00:00
Henrik Qochinyan

Հարցազրույց Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանի հետ

-Պարոն Քոչինյան, վերջերս ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանն անցկացրեց առաջին սելեկտորային խորհրդակցությունը, կապի մեջ էին բոլոր մարզերը՝ մարզպետներ եւ համապատասխան ոլորտների եւ բաժինների աշխատակիցներ։ Ընդհանուր ասելիքից առավել հետաքրքիր է, թե ինչպես ընկալվեց՝ կաշխատեք՝ լավ, չեք աշխատի՝ բարի ճանապարհ, կամ՝ «վերցրեք այնքան, որքան կարող եք։ Որքան շատ լինեն ձեր լիազորությունները, այնքան մեծանալու են ձեր պարտավորությունները» մտքերը։ Կդիմանա՞ք այս խիստ պահանջին։

– Ես այսպես եմ կարծում. ամեն մարդ պիտի ինքն իրեն տիրություն անի առաջին հերթին։ Ես 10-11 հոգու ճանաչում եմ, իմ կարծիքով, այո, կդիմանանք։ Չեմ էլ կարծում, թե հանրապետությունում մի մարդ կա, որը չի ուզում աշխատել, բոլորս էլ ուզում ենք աշխատել։ Հնարավորությունները հաճախ մի քիչ սահմանափակումներ են ունեցել, մտածել են, որ սա իմ ոլորտը չի. ինչո՞ւ եմ գլխացավանքի մեջ ընկնում եւ այլն։ Հիմա, եթե յուրաքանչյուրը մտածի, որ դա իր խնդիրն է, մենք մի բան կշահենք։ Ես ճիշտ այն կարծիքին եմ եղել, որ ցանկացած իրավիճակում կարելի է վիճակը զուտ մարդկային գործոնով՝ 30 տոկոսով շտկել։

– Այս քանդված պետության պայմաններում զարմանալի լավատես եք, մի՞թե հնարավոր է զուտ մարդկային գործոնով այս իրավիճակը շտկել։

– 30 տոկոսի պայմաններում հնարավոր է շտկել, մնացածը ֆինանսներ են, ժամանակ է պետք։

– Վարչապետի կողմից խիստ ժամկետնե՞ր են տրված մարզպետներին։

– Որոշակի հարցերի շուրջ, այո, խիստ ժամկետներ կան։ Օրինակ, առաջնահերթ եմ համարում վարձավճարների հարցը։ Բոլորիս մոտ այն տպավորությունն է՝ ինչ-որ տեղից փող ստանա, հետո էդ փողերից էլ տանենք վարձավճար մուծենք։ Բայց այնտեղից որտեղի՞ց պիտի փող ստանանք. գոյանում է վարձավճարներից։ Էլեկտրաէներգիայի վարձավճարը համեմատաբար լավ է հավաքվում։ Խմելու ջրի լուրջ պրոբլեմ ունենք, մի քանի րոպե առաջ խորհրդակցությունն ավարտվեց ինձ մոտ, քննարկում էինք հենց խմելու ջրի վարձավճարների հարցը։ Խմելու ջրի վարձի հավաքման մեխանիզմը իմ դուրը չի գալիս, վարձը գանձվում է ըստ գլխաքանակի, բայց բնակարաններ կան, որտեղ 6 հոգի է գրանցված, 2 հոգի է ապրում։ Ես խիստ կողմնակից եմ ջրաչափերի տեղադրմանը։

– Պարոն Քոչինյան, կառավարության եւ վարչապետի փոփոխությունից հետո մի տեսակ ժամանակավորության զգացում չունե՞ք, այսինքն հիմա ավելի լարվա՞ծ եք աշխատում, թե՞ տարբերություն չկա։

– Չէ, ես ինչքան գիտեմ, Վազգեն Սարգսյանը չի սիրում խոստումներ տալ եւ ասել՝ ես իմ խոստմանը գերի եմ։ Ոչ, նա ավելի շատ գործի մարդ է։ Ես, օրինակ, համարում եմ, որ մենք մի 10 տարի իրար հետ աշխատել ենք եւ մտերիմներ ենք՝ մտերիմ ընկերներ, բարեկամներ։ Բայց դա երբեք ինձ հանգիստ չի պահում, որ, ա՛յ, գիտեք, ես վարչապետի հետ մտերիմ եմ, չեմ աշխատի, նա ինձ կպահի։ Ընդհակառակը, առաջին հերթին հարկավոր է մտերիմների քիթը ջարդել։ Մտերիմները եթե լավ աշխատեն, մյուսներն էլ լավ կաշխատեն։

– Դուք նկատի ունեք, որ վարչապետը ձեր քիթը ջարդի՞, թե՞՝ դուք…

– Իհարկե, որ նա մերը ջարդի…

– Պարոն Քոչինյան, Լոռու մարզը երբեմնի արդյունաբերական հզոր տարածք է, բայց այսօր՝ խիստ ողբալի վիճակում է հենց արդյունաբերությունը։ Ո՞ր ձեռնարկություններն են աշխատում։

– Մեր մարզում շուրջ 90 արդյունաբերական ձեռնարկություններ կան, աշխատում է նրանց շուրջ 10-15 տոկոսը։ Դժբախտաբար, այս տարվա ցուցանիշներն անցյալ տարվա ցուցանիշներից ցածր են, մեզ անհանգստացնում է Ալավերդու Մանես-Վալեքսը, լեռնաարդյունաբերությունը, որը չի աշխատում (…), Սպիտակի վերելակաշինական գործարանը՝ ժամանակին մոնոպոլ դիրք ունեցող։ Այսօր ինձ խիստ անհանգստացնում է Վանաձորի «Ավտոգենմաշը», որը նախկին Միությունում հատուկենտերից մեկն է եղել։ (…) Մեքենաշինական, էլեկտրոն գործարանները չեն աշխատում։ (…)

– Այս անհուսալի վիճակի մեջ դուք շարժում տեսնո՞ւմ եք։

– Շարժո՞ւմ, այո, հիմա, Վանաձորի քիմիական համալիրում «Պրոմեթեւս»-ը արդեն տեղաշարժ է սկսել, ջերմակայանում սկսվել է նորոգման աշխատանքը։ Հաջորդը երեւի քիմիական մանրաթելը կլինի, շուրջ 400 մասնագետի հետ իրենք արդեն զրուցել են, աշխատանքի հրավիրելու նպատակով։ Հույս ունենք, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում շուրջ 1000 մարդ աշխատանք կունենա։

– Պարոն Քոչինյան, սպասվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դուք հատո՞ւկ եք պատրաստվում ընտրություններին։

– Նախապատրաստական աշխատանքները, ցուցակների հետ կապված, ընթանում են, գյուղական վայրերում մեծ շեղումներ չկան։ Մենք հիմա դա ենք շտկում։ (…) Այստեղ մեկ պրոբլեմ կա. այսօր գործող համայնքի ղեկավարը մնա՞, թե՞ չմնա։ Ճիշտն ասած, ես ուզում եմ ինձ վրա խիստ պատասխանատվություն վերցնել եւ ասել, որ նրանցից շատերն իրավունք չունեն ընտրվելու։

– Դուք ուզում եք ազդե՞լ ժողովրդի ընտրելու իրավունքի վրա։

– Չէ, ժողովուրդն է որոշելու, բայց մենք նրանց աշխատանքի գնահատականը պետք է տա՞նք, թե՞ ոչ։

– Ժողովուրդն ընտրելով կամ չընտրելով իր գնահատականը կտա։

– Իհարկե, ժողովուրդն իր գնահատականը կտա, բայց տեսեք՝ ի՞նչ է ստացվում։ Մի փոքրիկ գյուղ, գյուղապետը 100 բարեկամ ունի, նրա ընտրությունն ապահովված է, անկախ նրանից, աշխատել է, թե ոչ։ Ես կարծում եմ, որ մարզպետարանը, նույնիսկ խոշոր քաղաքների համար՝ վարչապետը իրենց հստակ կարծիքը պետք է հայտնեն։ Եթե մի մարդ երեք տարի աշխատել է եւ հարկ չի մուծել, մանկապարտեզը փակվել է, մի բաժակ ջուր չի բերվել, էդ մարդը ոչ մի բարոյական իրավունք չունի նորից թեկնածությունը դնելու։

– Դուք ձեր կարծիքը, գնահատականը հայտնելու ձեւն արդեն որոշե՞լ եք։

– Թերթով, ռադիոյով, հանդիպումների ժամանակ։

– Եվ արդեն ունեք այն անունները, որոնք կարող են առաջադրվել ու չառաջադրվե՞լ։

– Ես անուններ չեմ ասի, թիվ կասեմ։ Ես, օրինակ, մի 20-25 համայնքի ղեկավարների համար փորձելու եմ հատուկ աշխատել, երեւի մի այդքանին՝ միանշանակ դեմ, իսկ մնացածը միգուցե եթե նորից ընտրվեն, երեւի լավ աշխատեն։ Եվ հետո, ավագանու դերը պետք է մեծացնել, անունը կա, ամանումը չկա։

– Պարոն մարզպետ, ի դեպ, երեւի նույն վիճակում են նաեւ մարզպետարանները, բյուջե չունեն, լծակներ՝ նույնպես։

– Ճիշտ եք, Մարգարիտա, երեւի հենց դրանից ելնելով էլ վարչապետը մտածեց։ Եթե ուզում եք պահանջը մեծացնել, պետք է լիազորությունները մեծացնել։ (…)

– Մարզը Վրաստանի հետ սահմանամերձ բնակավայրեր ունի։ Դուք մտադիր չե՞ք հարեւան պետության մերձավոր շրջանների հետ բազմաբնույթ հարաբերություններ հաստատել։

– Մենք պլաններ ունենք։ Մեր հարեւանի հետ՝ Քեմոքվարթլի գուբերնիայի հետ համագործակցություն կա եւ դա ինչ-որ ձեւով ե՛ւ պլանային է (Ալավերդու գործարանի եւ Մակնեուբի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի հետ համագործակցության ծրագիր ենք մշակել), կա նաեւ համագործակցություն, որը գյուղ առ գյուղ է իրականացվում։ Բավական արդյունավետ է, մեր Ստեփանավանի եւ Տաշիրի գյուղերը նրանց շատ ակտիվ կարտոֆիլ են վաճառում, իսկ գարնան կողմը Մառնեուլիի շրջանից ավելի շատ բանջարեղեն է գալիս։ Բագրատաշեն-Սադախլո կայարանը բոլորիս առեւտրի կետն է դարձել։ (…)

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031