Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբահանություն՝ հանուն անվտանգության

Հուլիս 24,1999 00:00
yelcin

Ելցինն ընդամենն արձակուրդում է, եւ օր-օրի ավելի ակտիվ կենդանության նշաններ է ցույց տալիս, բայց Ռուսաստանի մի շարք քաղաքագետներ արդեն որոշել են նրա վրա խաչ քաշել։

Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Ռուսաստանը՝ Ելցինից հետո» խորագրով։ Նման մի գիտաժողով էլ տեղի էր ունեցել 1991 թվականին՝ «Ռուսաստանը՝ կոմունիզմից հետո» վերտառությամբ։ Իհարկե, բավական դժվար է Ելցինին նույնացնել կոմունիզմի հետ, բայց, որոշ քաղաքագետների ընկալմամբ, հեռանալու առումով դրանք գրեթե նույն հարթության վրա են գտնվում։ Նույնիսկ գիտաժողովում Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Վլադիմիր Սեւաստյանովն առանձնապես չընդվզեց գիտաժողովի վերնագրի առումով, այլ խոսքը կոնկրետացրեց այն ուղղությամբ, որ Ելցինից հետո իշխանության գալու շանսեր ունեն շատերը, բացի կոմունիստներից։

Իհարկե, գիտաժողովի կենտրոնում Յուրի Լուժկովի «Օտեչեստվան» էր՝ Գեորգի Բոոսի գլխավորությամբ։ Վերջինս խիստ գոհ է իշխանության կողմից Լուժկովի եւ նրա ընտանիքի նկատմամբ հալածանքներ սկսելու առումով։ Նրա գոհունակությունը հնչեց մոտավորապես այսպես. «Եթե նրանք չսկսեին ճնշում գործադրել, մենք ստիպված պետք է դրա համար փող տայինք։ Իրադրությունը պարզապես փայլուն է ստեղծվում»։ Ինչ վերաբերում է «Օտեչեստվո»-կոմունիստներ դաշինքին, որի հնարավորության մասին վերջերս հայտարարեց Զյուգանովը, Բոոսը մեկնաբանեց. «Գենադի Անդրեեւի ասածները վիրտուալ իրականությունից են։ Կինոփառատոնի բացման ժամանակ մենք հանդիպեցինք, մի քանի խոսք փոխանակեցինք, իսկ Զյուգանովը դրանից հետո հայտարարեց, որ մենք լուրջ քննարկել ենք միանալու հնարավորությունը»։

Մի խոսքով, նախընտրական իրավիճակ է, որին չեն մասնակցում ո՛չ երկրի նախագահը, ո՛չ էլ վարչապետ Ստեպաշինը, որն իր շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսեց Նիժնի Տագիլից։ Ըստ երեւույթին, ընտրություններն ամենածանրը կլինեն կրիմինալների համար։ Համենայն դեպս, դա խոստացավ ներքին գործերի նախարար Վլադիմիր Ռուշայլոն, որը Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նշեց. «Որոշ ուժեր արդեն սկսել են իրենց ընտրարշավը։ Ընտրություններում ոստիկանության կողմից ուժային մեթոդներ չեն կիրառվի, դրա մասին խոսք լինել չի կարող։ Նախագահն արդեն հայտարարել է, որ մենք պետք է ամեն կերպ խոչընդոտենք կրիմինալին եւ թույլ չտանք, որպեսզի քրեական տարրերը գան իշխանության։ Նախագահի գիծը մենք անպայման կպահենք։ Դրա մասին, նույնիսկ, խոսք լինել չի կարող»։ Մի քիչ տարօրինակ է, թե ինչպես պետք է ՆԳ նախարարն առանց ուժային մեթոդների դիմագրավի քրեականներին։

Մի հետաքրքիր նախաձեռնություն ցուցաբերել է Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրոդերը, որը որոշել է այցելել Կոսովո։ Այն էլ՝ Կոսովոյի ամենավտանգավոր քաղաքներից մեկը՝ Պրիզրենը։ Հանուն Շրոդերի անվտանգության, Պրիզրենում տեղակայված Բունդեսվերի ստորաբաժանումները քաղաքի բոլոր շենքերի տանիքներին սնայպերներ են տեղադրել, փշալարով պատել են քաղաքի փողոցները եւ առավոտից զբաղված են աղբահանությամբ։ Վերջին հանգամանքը բացատրվում է նրանով, եթե աղբ չլինի՝ ռումբ թաքցնելու տեղ նույնպես չի լինի։

Շրոդերի այցելության նպատակը, ինչպես Բունդեսվերի զինվորների ոգին բարձրացնելն է, այնպես էլ Ալբանիայի Ազատագրության բանակի ղեկավար Հաշիմ Տաչիի հետ հանդիպելը։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031