Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինը դարձավ սեւ աղվես

Հուլիս 24,1999 00:00
benzin

Երեկ բենզալցման կայանների մի զգալի մասը դադարեցրել էր բենզինի վաճառքը։ Մյուսներում, որտեղ դեռեւս շարունակվում էր բենզին վաճառվել, դրա գինը հասել էր 5 հազար դրամի, այն էլ հսկայական հերթերի պայմաններում:

Առանց հերթի բենզինն արժեր 6 հազար դրամ։ Երեքշաբթի օրը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում «Հայնավթգրուպի» նախագահ Միքայել Բաղդասարովը բենզինի շուկայում անկայունությունը բացատրել էր նավթի համաշխարհային շուկայում գների բարձրացմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանում առկա անկայունությամբ, եւ խոստացել էր, որ այդ վիճակը մեկ շաբաթվա ընթացքում կկայունանա։

Հայաստանում նավթամթերքի եւ հացահատիկի ներմուծումը մոնոպոլացված էր հայտնի «Միկա Արմենիա» կոնցեռնի ձեռքում։ Այս մոնոպոլիան էր կարգավորում շուկայում գնագոյացումը։ 1998-ին, երբ Ռուսաստանի տնտեսությանը հարվածելու խնդիր էր դրված, Արեւմուտքի ազդեցության տակ համաշխարհային շուկայում տեղի էր ունենում նավթի գնի շարունակական անկում, որը սակայն որեւէ կերպ չէր անդրադառնում հայաստանյան գների վրա։ Արդյունքում «Միկա Արմենիան», որի մենաշնորհային դիրքը ապահովվում էր ուժային մեթոդներով, այդ ընթացքում ստանում էր գերշահույթներ։ Այդ գերշահույթների ստացումը բացատրվում էր այդ ընկերության շուկայի կայունությունն ապահովելու պարտականությունը կրելու հանգամանքով։

Այսօր նույն Ռուսաստանին վարկեր տրամադրելու փոխարեն, այդ երկրին ֆինանսապես աջակցելու նպատակով, Արեւմուտքը նպաստում է նավթի համաշխարհային գների աճին։ «Միկա Արմենիան», որի վրա դրված էր շուկայում կայունության ապահովումը, չկարողացավ կատարել իր առջեւ դրված խնդիրը եւ առաջին իսկ հարվածից տեղի տվեց։ Այսպիսի ցնցումները ցույց են տալիս մոնոպոլիաների՝ ընդհանրապես եւ հատկապես՝ կարեւորագույն ոլորտներում դրանց վտանգավորությունը։ Փաստորեն ստացվում է, որ «Միկա Արմենիան» չկարողանալով այլեւս գերշահույթներ ստանալ համաշխարհային գների եւ հայաստանյան գների տարբերության վրա, փորձելու է այդ գերշահույթներն ապահովել հայաստանյան շուկայում գների բարձրացմամբ, այսինքն՝ սպառողների գրպանից։

Աշխարհը վաղուց է սովորել, որ շուկայում կայունությունն ապահովում է ոչ թե պայմանավորվածությունների, այլ շուկայական մեխանիզմների շնորհիվ։ Եթե «Միկա Արմենիան» ունենար լուրջ մրցակից, ապա նա հաստատ չէր գնա գների բարձրացման, այլ կփորձեր կայունությունն ապահովել իր շահույթների կրճատման հաշվին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031