Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ԻՆՁ ԱՍԵՄ՝ ԿԱԶՅՈ՛Լ ԲԱՅՑ… ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵՆ»

Հուլիս 24,1999 00:00
Nikol Pashinyan

Բանաստեղծ Արմեն Շեկոյանի վերջերս հանգավորած այս մտահոգությունն անհիմն չէ։ Նիկոլ Փաշինյանի՝ «Ռադ եղեք իմ տնից կազյոլներ» արտահայտությունը՝ ուղղված հարկադիր կատարողներին, նրա դեմ հարուցված գործի մեղադրանքներից մեկի առիթն է։

«Ռադ եղեք իմ տնից, կազյոլներ» արտահայտությունը բազմիցս կրկնվում է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ 8 էջանոց մեղադրական եզրակացության մեջ, որը հուլիսի 19-ին հաստատել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի տեղակալ Պ. Տեր-Հարությունյանը։ Նրա դեմ հարուցված մեղադրանքները 4-ն են, եւ նույնքան են նաեւ գործի դրվագները։ Դրանց «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է եւ մեղադրական եզրակացությունից կառանձնացնենք միայն որոշ նոր մանրամասներ։

Դրվագ թիվ 1. «Չուգուն»

Պարզվում է, որ Նորիկ Այվազյանի որդին՝ Վարդան Այվազյանը, ցուցմունք տալով ընդունել է, թե իր աչքի տակ կապտուկ է եղել, բայց դա բացատրել է պատահականությամբ։ Ընկերը՝ Արմեն Բաղդասարյանը, մեքենայի դուռը բացել է, «երբ ինքը կքանստած է եղել եւ դուռը դիպել է աչքին»։ Մինչդեռ նախապես Վարդան Այվազյանն «Օրագրից» հերքում էր պահանջել, թե իր աչքերի տակ կապտած չէ։ Եվ մայիսի 25-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատավոր Գ. Կարախանյանն էլ դատավճռում կապտուկի փաստը ոչ ճիշտ էր համարել. «Վարդան Այվազյանի աչքերի տակ բացակայում էին օրաթերթում նշված կապտուկները կամ դրանց հետքերը»։

Իհարկե, ուշացումով հաստատված այդ փաստի ծագումնաբանությունն այլ է եղել։ «Օրագիրը» գրել էր, թե «ընտրողների մեջ տարածվել է», որ կապտուկի պատճառ դարձած կռվի առիթը ԵՊՀ-ում Նորիկ Այվազյանի վերցրած կաշառքների մասին հիշատակումն էր։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ իր ցուցմունքներում նշել էր, թե ինքն Այվազյանին ուղղակի չի մեղադրել կաշառք վերցնելու մեջ։ Ըստ մեղադրական եզրակացության, սա բացարձակապես անհիմն փաստարկ է եւ, ընդհանուր առմամբ, իրականությանը չի համապատասխանում։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է դատախազությունը պարզել, որ ընտրողների շրջանում նման բան չի տարածվել կամ, որ «ուսանողության շրջանում» Նորիկ Այվազյանը հայտնի չէ «Չուգուն» մականունով։

Դրվագ թիվ 2. Գեղամյանի կինը

Արտաշես Գեղամյանի կնոջ՝ Անուշ Պլուզյանի վերաբերյալ պատմությունը վերաշարադրելուց հետո մեղադրական եզրակացության մեջ նման հաստատում է արված. «Հատկանշական է, որ վերոհիշյալ զրպարտող եւ վիրավորական հոդվածները տպագրվել են հենց այն ժամանակամիջոցում, երբ ինչպես ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանը, այնպես էլ հանրապետությունում հայտնի քաղաքական գործիչ Արտաշես Գեղամյանը մասնակցել են ԱԺ ընտրարշավին որպես պատգամավորության թեկնածուներ»։ Ով-ով, գոնե՝ Արտաշես Գեղամյանը ինքն էլ առանձնապես նրբանկատ չի եղել եւ, մեղմ ասած, վիրավորական ելույթներ է ունեցել այլ հայտնի քաղաքական գործիչների դեմ, որոնք նույնպես մասնակցում էին ընտրարշավին։ Ուրեմն, նրան էլ կարելի է խոսքի համար պատասխանատվության ենթարկել։

Ի դեպ, նախաքննությունը Գեղամյանի կնոջ վերաբերյալ «Օրագրի» հրապարակումը հաստատող որեւէ փաստաթուղթ չի գտել, չնայած, հիշեցնենք, մաքսային վարչության պետի նախկին տեղակալը հաստատել էր այդ հրապարակումը։ Դրվագ թիվ 3. Սերժ Սարգսյան Մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե «Օրագիրն» արհամարհել եւ դիտավորյալ չի կատարել Սերժ Սարգսյանի վերաբերյալ հերքում տպագրելու վճիռը։ Նիկոլ Փաշինյանը ցուցմունքներում նշել է, թե վերաքննիչ դատարանի վճռի մեջ ժամկետային սահմանափակում չի նշվել, ուստի ինքը կարող էր այդ հերքումը ցանկացած պահի տպագրել։ Մեղադրական եզրակացության մեջ այս փաստարկին որեւէ հիմնավորումով չեն հերքել, այլ միայն ընդհանուր նշել են, թե «պատճառաբանություններն անհիմն են եւ հետապնդում են քրեական պատասխանատվությունից եւ պատժից խուսափելու նպատակ»։

Դրվագ թիվ 4. Հարկադիր կատարողներ

Այստեղ արդեն մեղադրանքի հիմքը «կազյոլների» մասին վերոհիշյալ արտահայտությունն է, որն Արմեն Շեկոյանի համար ստեղծագործական ներշնչանքի աղբյուր էր դարձել։ Մեղադրական եզրակացության մեջ այդ միջադեպի մասին Նիկոլ Փաշինյանի եւ հարկադիր կատարողների ցուցմունքները կարդալիս ակամա Ակուտագավայի «Թավուտում» պատմվածքն ես հիշում, որտեղ ամեն հերոս լիովին տարբեր է ներկայացնում նույն իրողությունը։

Բայց երկու տարբերակներից նախաքննությամբ հավաստի է համարվել հարկադիր կատարողների պատմածը՝ ընդ որում, կարծես առանց այլ ապացույցների։ Երեւի ավելի համոզիչ ու հյութեղ են պատմել։

Իսկ Նիկոլ Փաշինյանին նաեւ հռետորական արվեստի նրբություններին չտիրապետելու համար սպառնում է ընդհանուր առմամբ՝ 3 տարվա ազատազրկում։

Դրվագների ետեւում. «ոմն»

Ի դեպ, մեր իրավապահները կարծես թերթ չեն կարդում։ Այլապես Նորիկ Այվազյանի վերաբերյալ հրապարակումը ստորագրածի մասին չէին գրի «Ոմն Լ. Բ.-ի կողմից ներկայացվող»։ Կամ էլ Գեղամյանի կնոջ վերաբերյալ հրապարակման հեղինակի մասին մեղադրական եզրակացության մեջ չէր նշվի «գործով չպարզված ոմն Ն. Մ.»։ Թերթի ցանկացած ընթերցողի համար պարզ է, թե ովքեր են այդ «ոմն»-երը, որոնց հրապարակումների պատասխանատվությունն այժմ Նիկոլ Փաշինյանն է ստանձնել։ Եվ այս մարդու մասին դեռ եզրակացրել են, թե նա փորձում է քրեական պատասխանատվությունից եւ պատժից խուսափել։ Հակառակը՝ ընդառաջ է գնում։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031