Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԼԻՔԸ ՀԱՐՑԵՐ ԵՎ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ

Հուլիս 24,1999 00:00
Vazgen sargsyan

Հուլիսի 19-22-ը ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը պաշտոնական այցով մեկնեց Մոսկվա։ Սա նոր վարչապետի առաջին պաշտոնական այցն էր եւ, ընդհանրապես, առաջին արտասահմանյան ուղեւորությունը։

«Ինչու առաջինը Ռուսաստան» հարցը շատ բնական պատասխան ունի՝ Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է (գումարած քաղաքական բոլոր հնարավոր պատճառները)։ «Ռուսաստանը միշտ եղել է մեր տնտեսական-քաղաքական եւ հոգեւոր լուրջ գործընկերներից մեկը»,- այցի վերջում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց Վազգեն Սարգսյանը։

Նախ՝ նկատելի էր ընդունող կողմի շատ ներկայացուցիչների ջերմ (չթաքցված, անձնական մակարդակի ջերմ) վերաբերմունքը նոր վարչապետի նկատմամբ։ Ընդունելության պաշտոնական արարողակարգով՝ պատվո զորախումբ, երկու երկրների հիմն, Ռուսաստանում չի ընդունվել ՀՀ ոչ մի նախկին վարչապետ։ ՌԴ-ի վարչապետ Ստեպաշինի հետ կնքվելիք պայմանագիրը կարգավորում է բավական շատ հարցեր։ Պայմանագրի նախագծում եղած բոլոր կետերի «99%-ի շուրջ դրական գնահատական տրվեց Ստեպաշինի կողմից։ Կարեւոր էին առաջին հերթին էներգետիկ ոլորտի հարցերը։ Ապասառեցված 26,7 մլն ռուբլու մասին «Առավոտն» արդեն գրել է։ «Գազպրոմի» հետ բանակցությունների նպատակը «ռուսական էներգակիրները Հայաստանի ճանապարհով (ինչպես նաեւ Հայաստանում ունեցած էներգիայի պաշարը) վաճառել երրորդ երկրի»։ Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտից հետո հնարավոր կլինի հոսանք վաճառել Թուրքիային, Վրաստանին, Ռուսաստանի հարավային շրջաններին։ Իսկ այսօր արդեն լուծվել է հայկական ատոմակայանի վառելիքի հաջորդ խմբաքանակի տրամադրման հարցը։

«Հայաստան-Ռուսաստան առեւտրատնտեսական հարաբերությունների ծավալը շատ փոքր է եւ ամենեւին չի համապատասխանում մեր ռազմաքաղաքական հարաբերություններին»,- նշեց Վ. Սարգսյանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել. Ռուսաստանի նկատմամբ պարտքը մարվելու է ապրանքային տեսքով։ Դա մոտավորապես 100 մլն դոլարի արտադրանքի պատվեր է Հայաստանի արտադրական ձեռնարկություններին։ Կարգավորվել է Փոթի-Ռոստով լաստանավային ուղու հարցը։ Այն, ըստ պայմանավորվածության, գործելու է այս տարվա դեկտեմբերին։ Այս ուղու գործելու հարցում շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, որի համար այն տրանսպորտային ուղի է դեպի հարավ։ Ուղի, որ շրջանցում է կոնֆլիկտներով հարուստ Հյուսիսային Կովկասը։ Մյուս՝ նախկին վրաց-աբխազական ուղու վերականգնման հնարավորության հարցում կարեւորվում է Հայաստանի դերը։ Որպես միջնորդ՝ վրաց-աբխազական հարաբերություններում, կարեւորվում է նաեւ Վազգեն Սարգսյանի դերը։

Մոսկովյան իշխանությունների հետ բանակցություններում նորից խոսվել է բուտադիենային կաուչուկի մատակարարման հնարավորության մասին։ Այս մասին եւս «Առավոտը» գրել է։

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում վարչապետը նշեց. «Անձի պատասխանատվությունը գլխավոր խնդիր է երկրի համար»։ Այսօր ռուսական կողմի հետ «պայմանավորվածությունները գրեթե այն աստիճանի են, որ եթե երկու ամիս ինտենսիվ աշխատվի, յուրաքանչյուր օր չմոռացվի այդ խնդիրների մասին, ապա դրանք համապատասխան լուծումներ կստանան»։ Վարչապետը նաեւ նշեց, որ Մոսկվայում հայկական շատ ապրանքատեսակների գծով հետաքրքրություն կա։ Խոսքը տուֆի, մարմարի, ջրերի, կոնյակի, մրգերի չրերի եւ ուրիշ ապրանքների մասին է։ Պայմանագիրը չի գործում, որովհետեւ արտահանելու իրավունքի համար մի քանի կազմակերպություն են մրցակցում եւ «կազմակերպությունները փոխխանգարող գզվռտոցի պայմաններում թե ով պետք է դա (արտահանումը- Ա. Գ.) իրականացնի՝ այդ խնդիրը մնացել է»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Հ. Գ. Նոր վարչապետի բանակցային ոճը մի տեսակ առանձնահատուկ է։ Ռուսական կողմի համարյա բոլոր ներկայացուցիչների հետ նրա հարաբերություններն արագ մտերմականի էին վերածվում։ Սպասենք արդյունքներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031