Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԳԱ ԶՎԵՐԵՎՆԵՐ

Հուլիս 23,1999 00:00

ԱՊԱԳԱ ԶՎԵՐԵՎՆԵՐ Ավարտվեց ՀՀ վարսահարդարման արվեստի եւ դեկորատիվ դիմահարդարման առաջին չեմպիոնատը։ Գերմրցանակին եւ առաջին տեղին արժանացան. «Տղամարդկանց սանրվածք» նոմինացիայում՝ Սերգեյ Վայուսխովսկին, «Ամենօրյա եւ երեկոյի սանրվածքներ» նոմինացիաներում՝ Էլլադա Խանզադյանը, «Երեւակայական սանրվածք» նոմինացիայում՝ Տիգրան Հովակիմյանը, «Դիմահարդարում» նոմինացիայում՝ Սոֆա Մանուկյանը։ Ահա այն անունները, որոնք այսուհետ մեզ, ավելի ստույգ՝ մեր վարսերի ու դեմքերի հետ կարող են անել ինչ ուզում են։ Կամերային երաժշտության տունը երեկ վերածվել էր մեր աչքերի համար չափազանց անսովոր գեղեցկության սրահի։ Այստեղ անցկացվեց «Հայաստանի վարսահարդարման արվեստի եւ դիմահարդարման առաջին չեմպիոնատը»։ Կամերային երաժշտության տան ճեմասրահում տեղադրված գեղեցիկ, հսկա հայելիներն ու սեղանները դեռ նախորդ օրվանից սպասում էին չեմպիոնատի մասնակիցներին, իսկ հետնամասում իրենց արտադրանքն էին ցուցադրում պարֆյումերիայի հայտնի ֆիրմաների Հայաստանի ներկայացուցչությունները։ Չեմպիոնատի հանդիսավոր բացման ընթացքում ողջունելով մասնակիցներին, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի բացարձակ չեմպիոն, «Օվացիա» մրցույթի քառակի մրցանակակիր Սերգեյ Զվերեւն ընթերցեց Ռուսաստանի վարսահարդարների եւ դիմահարդարների միության նախագահ Դոլորես Կոնդրոշովայի նամակը։ Տիկին Դոլորեսը նշել էր, որ վերջին տարիներին Հայաստանի վարսահարդարման դպրոցը զարգացում է ապրում, իսկ Հայաստանի վարսահարդարների եւ դիմահարդարների միությունը մեծ աշխատանք է տանում վարսահարդարման արվեստի բարձրացման ուղղությամբ։ «Ես իմ փորձով գիտեմ, թե որքան են այս պահին հուզվում մասնակիցները։ Գործնականում ողջ իմ կյանքը անցել է մրցույթների եւ պայքարների մեջ, մենք չէինք հասցնում մի քաղաքից գնալ մյուսը, մի պետությունից՝ մյուս պետություն, եւ ես անցել եմ վարսահարդարման արվեստի բոլոր էտապները (…) Իսկապես, սա մեծ պատասխանատվություն է քիչ հետո ելույթ ունեցողների համար։ Այս վարպետները գիտեն, որ իրենք պետք է ներկայացնեն հայ ժողովրդին եւ Հայաստանին ամենահեղինակավոր միջազգային մրցույթներում»,- նշեց Սերգեյ Զվերեւը։ Չեմպիոնատի կարմիր ժապավենի կտրելուց ու մեկնարկը հայտարարելուց անմիջապես հետո վարսահարդարներն ու նրանց մանեկենները վազեցին դեպի հայելիները։ Ընդամենը 10-15 րոպե եւ մանեկենների թաց, ոչ հաճելի մազերը վերափոխվեցին գեղեցիկ հարդարված վարսերի։ Պատկերացրեք, ինչ կկատարվի մի սրահում, որտեղ միանգամից աշխատում է ավելի քան 50 վարսահարդար, իրենց ֆեներով, սանրերով, լաքերով… Իսկ այդ ամենին հետեւում են ժյուրիի անդամներն ու հանդիսատեսը։ Ի դեպ, ժյուրիի մասին. ժյուրիի նախագահն էր Հայաստանի վարսահարդարների եւ դիմահարդարների միության նախագահ Մարինա Առաքելյանը։ Ժյուրիի կազմում էին հանրահայտ Սերգեյ Զվերեւը, Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի նույնանուն միությունների նախագահներ եւ փոխնախագահներ, միջազգային մրցույթների մրցանակակիրներ։ Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մրցում էին հետեւյալ նոմինացիաներում. կանանց աշխատանքներ I-«Ամենօրյա սանրվածք», II-«Երեկոյի սանրվածք», III-«Երեւակայական սանրվածք», տղամարդկանց աշխատանքներում, «Ֆենով դասական երեկոյի սանրվածք», դիմահարդարում I-«Հանդիսավոր դիմահարդարում», II-«Կառնավալային դիմահարդարում»։ Չեմպիոնատի ընթացքում վարսահարդարման արվեստի բնագավառում իր վարպետությունը ցուցադրեց Սերգեյ Զվերեւը, որին ակնհայտորեն «նախանձում» էր մրցույթի յուրաքանչյուր մասնակից (եւ ոչ միայն)։ Վաղվա մեր համարում կտպագրենք չեմպիոնատը պատկերող ֆոտոռեպորտաժ, որի շնորհիվ ձեզ հնարավորություն կտրվի հմայվել չեմպիոնատի շքեղությամբ ու մեր վարսահարդարների վարպետությամբ, չխոսելով արդեն Սերգեյ Զվերեւի մասին։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031