«Մոսֆիլմ» կինոստուդիայի շենքում է տեղակայված «Երեք կետեր» («ՁՐՌ ՍՌՑՈ») մասնավոր կինոընկերությունը, որի երեք հիմնադիրներից մեկը եւ ստուդիայի նախագահը կինոռեժիսոր Գրիգոր Գյարդուշյանն է։
Ստուդիայի փոխնախագահն է սցենարիստ Արմեն Վաթյանը։ Ստուդիայի աշխատակիցների մոտ 40%-ը հայեր են։ Գ. Գյարդուշյանը Մոսկվա է տեղափոխվել 1976 թվից։ Ստուդիան հիմնադրվել է 1996 թ. եւ արդեն իսկ Մոսկվայում ռուս կինոգործիչների շրջանում մեծ ճանաչում ունի։ Հանդիպեցի պրն Գյարդուշյանին։
– Այս երեք տարիների ընթացքում Ձեր ստուդիան ի՞նչ ֆիլմեր է նկարահանել, եւ բացի այդ ի՞նչ գործունեություն է ծավալել։
– 1996 թ. հիմնադրել ենք ստուդիան եւ այդ ժամանակաշրջանում մենք ոչ թե զբաղվել ենք ֆիլմարտադրությամբ, այլ գործնական, ստեղծագործական եւ արտադրական հարցերով։ Հիմա ավարտում ենք «Երկնային ճեպընթաց» գեղարվեստական ֆիլմը, որը մենք 1990 թվից սկսել ենք «Հայֆիլմի» հետ համատեղ։ Սովետական Միության փլուզվելուց հետո երկար ժամանակ չէինք իմանում ով է այդ ֆիլմի տերը. դրա ավարտման համար գումարներ էին պետք։ Դա արկածային ֆիլմ է, էքսցենտրիկ կոմեդիա է եւ, տա Աստված, որ այդ թանկարժեք ռետրո-ֆիլմը կարողանանք այս տարի ավարտել։ Նկարահանումների համար շատ մեծ ծախսեր էին պահանջվում եւ երբ ստեղծվեց մեր կինոընկերությունը, ի վերջո, կարողացանք մեր գումարների հաշվին Ֆրանսիայում նկարահանել օդային մարտերի տեսարանները։ Մեր կինոընկերության արտադրության ընթացքի մեջ են գտնվում 10 գեղարվեստական ֆիլմեր, որոնք նկարահանում են 10 հայտնի ռեժիսորներ (8 սցենարիստների ստեղծագործությունների հիման վրա). Էմիլ Բրագինսկին, Վալենտին Չեռնիխը, Արկադի Ինիեւը, Վալենտին Ազերնիկովը, Ալեքսանդր Լապշինը, Լեոնիդ Տրեյերը, Դենիս Կարիշեւը, Արմեն Վաթյանը եւ ուրիշներ։ Բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են, եւ եթե երկրում նորից հանկարծ քաղաքական, սոցիալական, տնտեսական փոփոխություններ չսկսվեն, ուրեմն սեպտեմբերից մենք կսկսենք նկարահանումները։
Կարդացեք նաև
Գ. Գյարդուշյանի առաջին ֆիլմը «Դեպի Սասունցի Դավիթը» հայտնի ֆիլմն էր։ Նա այժմ ցանկանում է մանկական ֆիլմ նկարահանել։
– Մոսկվայում այսօր, շատ-շատ մասնավոր եւ պետական կինոընկերություններ, ստուդիաներ կան։ Ինչպե՞ս եք կարողանում դիմագրավել մրցակցությանը եւ երկրի քաղաքական-տնտեսական փոփոխություններին։
– Մասնավոր ստուդիաներ շատ կան, որոնք հիմնականում կա՛մ Մոսկվայում են, կա՛մ՝ Սանկտ-Պետերբուրգում։ Եվ ստուդիաները կենտրոնացած են «Մոսֆիլմում» կամ՝ «Լենֆիլմի» տարածքում, որովհետեւ այդ ստուդիաները՝ ուզած-չուզած, պետք է օգտվեն տաղավարներից, նկարահանման, լուսավորման տեխնիկայից եւ այլ ծառայություններից։ Կան նաեւ ստուդիաներ, որոնք ստեղծվում են ստուդիայի անվան տակ, սակայն բոլորովին այլ գործունեությամբ են զբաղվում։ Ճիշտ է, վերահսկվում է ու փակվում են նման ստուդիաները։ Կինոն հիմա ազատված է 20% հարկերից, եւ շատ կառույցների համար ձեռնտու է՝ իրենց ստուդիա անվանել ու ազատվել հարկերից։
– Պետությունը ինչ-որ միջոցներ ձեռնարկո՞ւմ է ստուդիաների աշխատանքները խթանելու համար։
– Ոչ մի պայման չի ստեղծում։ Ռուսաստանում օրենքներն ընդունելուց հետո (ՌԴ նախագահի, Պետդումայի հաստատումից հետո), թեեւ օրենքը լինում է, բայց հարկային ծառայությունների հետ առաջին իսկ հանդիպումից պարզվում է, որ այդ օրենքները չեն գործում։ Ասում են՝ դա մեզ համար օրենք չի, ֆինանսների նախարարությունը չի հաստատել դրանք եւ այլն։ Այդ շրջապտույտից հաճախ մեծ դժվարություններ են առաջանում։ Նախկին «Մոսֆիլմը» գոյություն չունի, բաժանվել է առանձին միավորների, ստուդիաների, նրանք էլ են տարածքը, տեխնիկական սարքավորումներն ու տաղավարները վարձակալում։ Պետությունը չի կարող ոչ ֆինանսավորել, ոչ էլ վարկեր տալ ֆիլմեր նկարահանելու համար։ Ամեն մի ստուդիա ինքն է հովանավորներ, շահագրգռված մարդիկ ու կազմակերպություններ փնտրում։ Եթե ինքներս չմտածենք մեր մասին, ոչ ոք չի մտածի։
– Ինչո՞վ է պայմանավորված, որ ստուդիայի աշխատողների 40%-ը հայեր են։
-Այդ կազմը ընտրվել է ոչ թե «ախպերության» սկզբունքով, այլ ստեղծագործական։ Այլապես մի շաբաթ հետո բանկրոտ կլինի։ Մշակույթի եւ հատկապես մեր՝ կինոյի, ասպարեզում լուրջ մասնագետներ են պետք։ Մոսկվայում շատ բարձր մակարդակի մասնագետներ կան եւ եթե մենք մի փոքր զիջենք՝ մեզ կոչնչացնեն նույն պահին։
«Երեք կետեր» կինոընկերության ռեժիսոր-կոորդինատորն է ճանաչված Սերգեյ Հակոբովը, որը 1969 թվից Մոսկվայում է եւ համատեղ աշխատում է նաեւ «Մոսֆիլմում»։ Գրիգոր Գյարդուշյանը երազում է նկարահանել «Վարդանանց պատերազմը»։ Ըստ Գյարդուշյանի՝ ոչ թե Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» վեպի հիման վրա, որը սոցիալիստական ոգով է գրված, այլ վեպում տեղ գտած այն տեսարանների, որոնք շատ մեծ տպավորություն են գործում ընթերցողի վրա։ «Մենք իրավունք ունենք գոնե 100 տարին մեկ այդպիսի ֆիլմ նկարահանել։ Մի օր կնկարահանեմ»։
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ,
Մոսկվա