Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ԱՐԿԱԾՆԵՐՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Հուլիս 23,1999 00:00
armavir

Այն, ինչի մասին պիտի պատմեմ, հայտնի է արմավիրցիներից յուրաքանչյուրին։ Եվ կուզեի, որ գոնե մտահոգեր Պաշտպանության նախարարությանը, զինվորական ոստիկանությանն ու դատախազությանը։ Մտահոգեր համազգեստի պատիվը պաշտպանելու առումով։ Եվ ուսադիրի…

Հրայր Մոիսեւը 1998 թվականի ապրիլից ծառայում էր Նուբարաշենի հետախուզական զորամասի առաջին գումարտակի առաջին վաշտում։ Երկրորդ դասակի հրամանատարի տեղակալն է եղել, ավարտել է Մ. Յուզբաշյանի անվան ազգային անվտանգության բարձրագույն դպրոցը։ Մինչ այդ եղել է զորամասերից մեկի «իրավունքների պետը»։

Այս տարվա հունիսի 5-ին, զենքերը սովորականի պես օրվա ավարտին հանձնելու ժամանակ, քաշքշուկ է տեղի ունենում զինվորների ներկայությամբ նրա ու հրամանատարներից մեկի միջեւ, ինչն էլ պատճառ է դառնում, որ Հրայրը չգնար զորամաս։ Ավելին՝ զեկուցագիր է ուղարկում, այդպիսով չներկայանալով աշխատանքի։

Սակայն հիմա տեղափոխվենք Մյասնիկյան ավանի բնակիչներ Աստղիկ Երիցյանի, Հարություն, Կարապետ, Լուսինե Ավետիսյանների հիվանդասենյակ եւ տեսնենք, թե ի՞նչ է տեղի ունեցել այս հուլիսի 7-ին…

Կարապետ Ավետիսյանը պատմեց, որ առավոտյան ժամը 12-ին իրենց տուն են եկել Արսեն Կոտոյանն ու Մհեր Վարդանյանը՝ փեսայի՝ Հրայրի ընկերները։ Նրանք Հրայրին են հարցնում։ Ինքը պատասխանում է, որ Հրայրի 11 ամսական երեխան՝ Ալեքսեյը թունավոր լույծ է, եւ որ երեխային սուր վարակիչ հիվանդանոց տանելու համար անհրաժեշտ գումարի հետեւից է գնացել Հրայրը (կար ուղեգիր՝ երեխային անհապաղ հիվանդանոց տանելու համար – Ռ.Մ.)։ Գնում են, նույնիսկ փոխանակելով իրենց հեռախոսահամարները։ «Սակայն գիշերվա 2-ի սահմաններում,- պատմում է ընտանիքի մայրը՝ Աստղիկ Երիցյանը,- զգացինք, որ պատուհանի տակ եւ դռան մոտ զինվորականներ կան։ Ներխուժեցին տուն… մենք չէինք թույլատրում, քանի որ կիսամերկ էինք։ Նրանք դուրս չեկան»։

Տանտերերը պահանջում էին փաստաթուղթ ցույց տալ։ Բնականաբար, «ներխուժման օրդերը» չկար եւ հեռախոսով իրենք ստիպված եղան կանչել Բաղրամյանի ՆԳ բաժնի աշխատակիցներին։ Հայտնվեց ՆԳ աշխատակից Էդիկ Մկրտչյանը եւ խոսքադիմադրությունից հետո ուղղվեցին ՆԳ բաժին, որտեղից եւ բաց թողնվեցին… Դեռ սա ոչինչ։ Սակայն Ավետիսյանների ընտանիքին ավելի ծանր փորձություն էր սպասվում։ Նույն լուսումութին, ժամը 6-ի սահմաններում, երեք կրակոցի ձայն լսվեց բակում… Հատուկ նշանակության ջոկատի ինն անդամներ ներխուժեցին բակ, տուն՝ զինված ավտոմատներով։ Ինչպես հիվանդասենյակում ուշքի եկած Կարապետը պիտի պատմեր, երկու հոգով պահել էին իր թեւերը, մյուսները խփում էին մեջքին, ոտքերին, գլխին (յոթ կար է դրվել գլխին – Ռ. Մ.)։ «Ով եկավ՝ գյուլլող ենք», ասում էին ուսադիրավորները, եւ զենքն աջուձախ պահելով կրակում մարդկանց ոտքերի տակ, որոնք հավաքվել էին աղմուկի վրա՝ իրենց համագյուղացիներին օգնելու նպատակով։ Քաշելով ընտանիքի մոր (Հրայրի զոքանչի)՝ Ա. Երիցյանի մազերը, նրան փորձում էին դեզի կողմը տանել։

– Նաղդ հարցերը լուծող ենք,- շարունակում էին «սպեցնազի» տղաները, իսկ մարդիկ վախենում էին շարժվել։ Ասենք, որ վախեցած էին ոչ միայն համագյուղացիները, այլեւ ՆԳ աշխատակիցները, որոնց հայացքի ներքո ծեծի ու անարգանքի էր ենթարկվում մի ընտանիք։ Մի հարված եւս Կարապետին՝ նա ուշագնաց փռվեց փողոցում։

Ավելի հուզիչ է Հրայրի կնոջ՝ Լուսինեի պատմածը. «Զգացի՝ պատուհանիս տակը Մանվել Սերոբյանն էր, որը պատուհանն էր հրում եւ ասում. ձայն չհանեմ։ Երեխաս զարթնեց։ Ես ճչացի։ Դուրս վազեցի սենյակից։ Արմեն Հովսեփյանն ու Ռուդիկ Գրիգորյանը վիճաբանության մեջ էին ծնողներիս հետ։ Եկել էին… Հրայրին տանելու»։ Լուսինեն նաեւ ասաց, որ ուսադիրավորներից խմիչքի անտանելի հոտ էր գալիս։ Նրանք անպատկառ հայհոյանքներ էին տալիս հորը, մորը, եղբորը…

Այս պատմության մեջ ամենացնցողն ինձ համար այն է եղել, երբ հատուկ ջոկատի տղաներն ավտոմատի խզակոթը պահել են 11 ամսական երեխայի ծոծրակին (առկա էին կապտուկները – Ռ. Մ.) եւ հարվածել են նրա ծնկներին…

Ընտանիքի հայրը, մայրը, տղան, հարսը ուշաթափված էին։ Գալիս է շտապօգնության ավտոմեքենան եւ նրանց տանում հիվանդանոց։ Լուսինեին վերջին պահին քարշ են տալիս առվի կողմը, քացով հարվածելով 3 ամսական հղի կնոջը (արդյունքում նա վիժել է – Ռ. Մ.)։ «Երեխայիս անկողինն էին շուռ տվել, կարծես նրա շորերի տակ պիտի թաքնված լիներ Հրայրը»։ «Գերմանիան պարտված էր, բայց այդպիսի բան չէր անում,- ասում է Հայրենականի 2-րդ կարգի հաշմանդամ Սերգեյ Միքայելյանը,- դա սպեցմաֆիա էր»։ Ընդունենք, որ Հրայրն աշխատանքային վեճ չի ունեցել, այլ կատարել է քրեական հանցանք։ Ընդունենք, որ նրան պիտի «բերման ենթարկեին»։ Սակայն ովքե՞ր՝ մարտականորեն զինված ջոկա՞տը։ Ջոկատ, որի կրակոցներից (օդում եւ գյուղացիների ոտքերի տակ) 40 եւ ավելի փամփուշտ է հավաքվել, հանձնվել ՆԳ բաժնին։ Ջոկատ, որոնց ավտոմեքենաների զննում տեղի չի ունեցել ՆԳ բաժնում։ Ջոկատ, որ հայտնի չէ, թե ինչ հրաման է կատարել։ Եվ, վերջապես, ջոկատ, որ ապօրինի մուտք է գործել մի բնակարան, որի իրավունքը չուներ։ Այս իրավախախտումներն էլ մի կողմ դնելով չեմ կարող հերոսներին չհարցնել, հարգանքի արժանի՞ է ուսադիր ունեցողը, որը 11 ամսական երեխայի ծոծրակին ավտոմատի խզակոթ է պահում…

Տարօրինակ է այս պատմության մեջ ՆԳ բաժնի կեցվածքը. առաջին անգամ չկանխվեց հարձակումը, ահավասիկ, կրկնակի հարձակում տեղի ունեցավ։ Եվ ապա, հետաքրքիր կլինի իմանալ, մարտական պատրաստվածության բերված զենքերը ինչո՞ւ չեն բռնագրավված։ Առայժմ հայտնի է, որ նյութերը ՀՀ քրդատօրենսգրքի 190 հոդվածի կարգով ուղարկվել է զինվորական դատախազություն՝ Երեւանի կայազորի դատախազություն, հետագա ընթացքը լուծելու համար (առկա է Բաղրամյանի ՆԳ բաժնի պետի պաշտոնական պատասխանը)։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031