Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է ՄԱՆԿԱՆ ՃԻՉԸ. ԴԵՌ ՉԼՍԱԾ՝ ՓՈՇՄԱՆՈՒՄ ԵՍ»

Հուլիս 23,1999 00:00

«ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է ՄԱՆԿԱՆ ՃԻՉԸ. ԴԵՌ ՉԼՍԱԾ՝ ՓՈՇՄԱՆՈՒՄ ԵՍ» Այսօր մեզ մոտ ծնելիությունը գնալով նվազում է։ «Երեխայի գիժ» հայ մայրը ինչո՞ւ հիասթափվեց, ինչո՞ւ հրաժարվեց օրորոցային անուշիկ երգի անհուն բերկրանքից։ Որովհետեւ մութ ու ցուրտ, ծանր տարիներ ապրեց, որոնք շարունակվում են եւ նահանջելու միտում չեն դրսեւորում։ Գլխավոր պատճառներից մեկն էլ ծննդատուն գնալու միտքն է, որի սարսափը կանանց հետ է պահում մայրանալու հաճույքից։ Խոսքը առողջապահության ոլորտի դաժան, վայրենի իրականության մասին է, որը հանգիստ չի տալիս հասարակությանը, հայ մայրերին, ամենքին։ Պատմեմ, թե ինչ պատահեց հարեւանիս հետ, որի «տառապանքն ու ցավը» թեթեւացնել չկարողացա եւ սրտիս դարդ է եղել։ Հարսը ծննդաբերում էր։ Արդեն երկունքի ցավերի մեջ էր, սակայն հիվանդանոցի, ասել է թե՝ ծննդատան, անունն անգամ չէին ուզում լսել։ Ինչպես ասում են՝ աչքները վախեցած էր, սրտներում դող կար։ Բոլոր հարեւաններով հավաքվել ու համոզում էինք, որ փոխեն մտքները, մանավանդ որ հարսն առաջին երեխան դժվարությամբ էր ծննդաբերել։ Մեզ դա հաջողվեց, եւ հարեւանս թոռնիկ ունեցավ՝ կեսարյան հատումով։ Վիրահատությունից անմիջապես հետո երեխայի հորը «բերման» էին ենթարկել ու ներկայացրել «գնացուցակը»՝ 300 դոլար ընդհանուր գումարով։ Նկատի ունենալով, որ բոլոր տեսակի ծննդաբերություններն անվճար են եւ կատարվում են պետպատվերի շրջանակներում, նորածնի հայրը փորձել էր սակարկել «գինը»՝ ասելով, որ գոնե համաձայնվեն 250 դոլարով։ Ոչ միայն մերժել էին, այլեւ նեղացած ու վրդովված ասել, որ «250 դոլարի մեջ չեն կարող տեղավորվել»։ – Իսկ ես ձեր առաջարկած կաղապարի մեջ կարո՞ղ եմ տեղավորվել, այնքան «նեղ» է, որ շնչահեղձ է անում։ Ընտանիքս արդեն չորս անձից է, միակ աշխատողը ես եմ եւ ամսական ստանում եմ 10 հազար դրամ։ Ուղիղ 15 ամիս աշխատավարձիցս ոչինչ, նույնիսկ մեկ լումա չպիտի ծախսեմ, որ ձեր սահմանած «հարկը» վճարեմ։ Փորձել էր Հիպոկրատին երդում տված բժիշկների գութը, խիղճը շարժել նորածնի հայրը, բայց՝ ապարդյուն։ Հարեւանս դրկիցներին դիմեց, ոչ մեկը դրամով օգնել չկարողացավ։ Ստիպված հեռուստացույցը, մոր ու կնոջ ոսկեղենը եւ չգիտենք թե էլ ինչ վաճառքի հանեց, էժան գներով սրան-նրան տվեց ու փակեց «պարտքերը»՝ չհաշված արյուն տալը կամ փոխարենը վճարելը, այլեւայլ շատ ծախսերն ու «մաղարիչները»։ – Արդեն հրաժարվում էի երեխայից, ինչպես վարվում են ոմանք (եթե չասենք շատերը)։ Մեր օրերում երեխա ունենալը, մանկան ճիչ լսելը թանկ հաճույք է, ճիչը դեռ ականջիդ չհասած՝ փոշմանում ես։ Ծննդատանը հետդ վարվում են դաժան, վայրենի,- պատմում է այսօր արդեն սրա-նրա տանը հեռուստացույց դիտող հարեւանս։ Դա նաեւ նրանից է, որ բժիշկները ամիսներով աշխատավարձ չեն ստանում, որ պետպատվեր ասածին պետությունը, նախարարությունը վերաբերվում են իմիջիայլոց, պատվերը կա, բայց դրա դիմաց պետության կողմից վճարումը կամ չկա, կամ թերի է, կամ կատարվում է խիստ ուշացումներով։ Եվ դա այն դեպքում, երբ առողջապահության նախարարն իր նշանակման առաջին շաբաթներին ու ամիսներին սարեր էր խոստանում, հավաստիացնում, երդվում, որ առողջապահությանը հատկացվող ներկայիս բյուջեով ամեն ինչ կարելի է իրականացնել տեղը տեղին, ժամանակին ու բարձր մակարդակով։ Ծննդատան հասցեն, անունը չտվեցի, որովհետեւ առանձնացնելն անիմաստ է (գրեթե ամենուրեք նույն բարքերն են, նույն «սակագները»)։ Հարկ եղած դեպքում անունն էլ կհիշատակեմ, ինչպես որ քիչ հետո կվարվեմ։ Տղայիս կնոջ քույրը երկու անգամ ինքնուրույն վիժել է։ Նրա տարիքն արդեն երեսունն անց էր, եւ պիտի ծննդաբերեր։ Ընտրվեց Մասիսի հիվանդանոցը։ Ես չէ, որ պիտի խորհուրդ տամ, սովորեցնեմ բժիշկներին, սակայն այս դեպքում ստանձնում եմ այս պարտականությունը։ Հասարակ տրամաբանությունը հուշում է, որ երեսուն տարեկան, երկու ինքնուրույն վիժում ունեցած կինն առաջին ծննդաբերությունը պետք է ավարտեր կեսարյան հատումով։ Բժիշկները այդ առաջարկությունը չեն արել անգամ աչքի առաջ ունենալով ծանր ծննդաբերությունը։ Իսկ ինչո՞ւ չեն արել, որովհետեւ ճշգրիտ գուշակել են, որ ծննդաբերողը, նրա հարազատները 300-350 (կեսարյան հատման դեպքում) դոլարանոց չեն… երեխային ազատել են վակուում էքստրակտորի միջոցով, ուղեղի վնասվածք (տրավմա) հասցրել ու հաջորդ առավոտյան ուղարկել Երեւանի Փափազյանների անվան նորածինների վերակենդանացման բաժանմունք, ուր մանուկը կնքել է իր մահկանացուն։ Վերջին տարիներին կեսարյան հատումով ծննդաբերությունը նախկինի համեմատ աճել է։ Ինչո՞ւ։ Սոցիալական ծանր վիճակո՞վ է բացատրվում դա։ Նաեւ։ Բայց առաջներում մեր մայրերը տան պայմաններում են ծննդաբերել՝ ստնտուների աջակցությամբ։ Ուրեմն… չար լեզուներն ասում են, որ կեսարյան հատումը շահավետ է բժիշկների համար, եկամտաբեր… Եվ ամենից ցավալին, անմարդկայինն ու բժշկին անսազականը, անպատվաբերն այն է, որ նորածին երեխայից ծնողներին զրկող Հիպոկրատի «սաները» այդքանից հետո էլ չվերադարձրին 40 հազար դրամ կանխավճարը։ ԾՈՎԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել