Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 23,1999 00:00
paros

Ինչպես ամբողջատիրական համակարգը թոթափած մի շարք երկրներ, այնպես էլ Հայաստանը, դեռեւս գտնվում են անցման շրջանում։ Որքան կտեւի այդ ժամանակահատվածը, դժվար է այսօր ստույգ ժամկետներ նշել։

Ինչպես համանման իրավիճակում գտնվող պետություններում, այնպես էլ Հայաստանում սոցիալական դրությունը բարդ է եւ ոչ միանշանակ։ Հայաստանի սոցիալական դրության վրա իր դրոշմն է դնում աշխարհաքաղաքական բարդ կացությունը, որի պայմաններում էլ զարգանում է մեր պետությունը։ Աշխարհի բոլոր երկրներում (նույնիսկ բարձր զարգացման հասած) գոյություն ունի աղքատություն։ Սոցիալական այս ծանր երեւույթի ծագումը եւ տարածումը պայմանավորված է տնտեսական, սոցիալական, քաղաքական մի շարք պրոցեսներով։ Աղքատության չափերի մեծացումը կամ նվազումը մեծապես կապված է տվյալ երկրի զարգացման առաձնահատկության հետ։ Յուրաքանչյուր երկիր իր հնարավորությունների չափով պայքարում է սոցիալական այդ չարիքի դեմ։ Ինչպիսի՞ն է այս առումով իրավիճակը Հայաստանում։ Այսօր Հայաստանում անհնար է հստակ տարբերակել՝ ո՞վ է կարիքավոր կամ խիստ կարիքավոր համարվում։ Տարբեր սեմինարներում, գիտաժողովներում, ժամանակ առ ժամանակ մամուլում բերվում են տվյալներ, թե Հայաստանի բնակչության 80 տոկոսն աղքատ է։ Աշխատանքի բերումով շփվելով հարյուրավոր ընտանիքների հետ, կարելի է արձանագրել, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Այն, որ աղքատ, ընչազուրկ մարդկանց թիվը հանրապետությունում պատկառելի թիվ է կազմում, կարելի է ընդունել, բայց ուռճացնել եւ բերել ոչ ճշգրիտ թվեր՝ ճիշտ չէ։

Վերջին տարիներին, պետք է նշել, որ խոր արմատներ է գցել հասարակության մեջ ընչազուրկ, աղքատ ձեւանալը։ Բազմահազար ընտանիքներ, որոնք քիչ թե շատ կարողանում են բավարար պայմաններ ստեղծել իրենց համար, ներկայանում են ընչազուրկ։ Այս արատավոր գործելակերպը, կարծես, սովորական երեւույթ է դարձել։ Սոցիալական իրավիճակը շատ հաճախ անհարկի քաղաքական շահարկումների նյութ է դառնում՝ աղճատելով իրականությունը։ Ճիշտ է, այսօր չկա հասարակության սոցիալական ճշգրիտ պատկերը, սակայն անվիճելի է, որ վիճակն այլ է, քան 1992-94 թվականներին էր։ Պետք է արձանագրել՝ ընտանիքի կարիքավորության աստիճանը որոշող «Փարոս» համակարգը խիստ խոցելի է։

«Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների 90 տոկոսը պարզապես թաքցնում է իր իրական եկամուտները։ Եկամուտների հայտարարագրման օրենքի բացակայությունն անհնար է դարձնում որոշել ընտանիքի սոցիալական իրական վիճակը։ Պետական եւ մասնավոր սեկտորներում զբաղված մարդկանց թվերի բացակայությունը նույնպես բարդացնում է դրությունը։ Չպետք է անտեսել նաեւ բնակչության եւ համապատասխան պետական կառույցների միջեւ գոյություն ունեցող փոխադարձ անվստահությունը։ Աղքատության իրական չափերը հնարավոր չէ ճշտել նաեւ այն պատճառով, որ գոյություն չունի որոշակի չափանիշ, որից այն կողմ գտնվող ընտանիքը կամ անձը համարվում է աղքատ։ Կապված մի շարք հանգամանքների հետ, կարիքավոր ընտանիքների կամ անհատների թիվը տարբեր է հանրապետության տարբեր վայրերում։ 1999 թ. հունվարի 1-ից կիրառվող ընտանեկան նպաստի ներդրումն ավելորդ անգամ ապացուցեց, որ ներկայումս չկա սոցիալական ճկուն համակարգ, որի միջոցով պարզվեր բնակչության իրական սոցիալական վիճակը, որպեսզի չլինեն այն տարակարծությունները եւ փոխադարձ մեղադրանքները, որոնք այսօր առկա են։

Ի՞նչ պետք է անել մեր բնակչության աղքատության իրական պատկերը պարզելու եւ սոցիալական համապատասխան գործելակերպ որդեգրելու համար։ Նախ՝ հանրապետությունում պետք է անցկացնել մարդահամար։ Վերջին՝ 1989 թ. մարդահամարը անց է կացվել, երբ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում էր։ 1991 թ. անկախության ուղին բռնած Հայաստանում ժողովրդագրական մեծ փոփոխություններ են արձանագրվել։ Առանց համապետական այդ միջոցառման հնարավոր չէ ունենալ ամբողջական վիճակագրություն եւ խնդրի լուծման ուղիներ որոնել։ Երկրորդ՝ պետք է ընդունվեն մի շարք օրենքներ (եկամուտների հայտարարագրման, նվազագույն աշխատավարձի եւ այլն), որոնք ոչ միայն կհստակեցնեն սոցիալական մարմինների աշխատանքը, այլեւ նվազագույնի կհասցնեն ստվերային երեւույթները։ Երրորդ՝ պետք է հասնել սոցիալական մարմինների եւ բարեգործական կազմակերպությունների միջեւ փոխհամաձայնեցված գործունեության։ Չորրրոդ՝ սոցիալական ոլորտում ապահովել հրապարակայնություն եւ ապաքաղաքական հետեւողական գործունեություն։

ՎԱՐԴԱՆ ԱՇՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031