Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հօգուտ քաղաքակիրթ բիզնեսի

Հուլիս 23,1999 00:00
Xachatur Suqiasyan

Հայաստանի ամերիկյան համալսարանում հուլիսի 22-ին «Ներդրումային քաղաքականությունը Հայաստանում» թեմայով դասախոսություն ներկայացրեց ԱԺ պատգամավոր, «Սիլ» կոնցեռնի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Վերջին տարիներին Հայաստանում հաջող տնտեսական գործունեություն զարգացրած եւ այդ ոլորտի բոլոր մանրուքներին քաջատեղյակ Խաչատուր Սուքիասյանն իր խոսքի սկզբում կանգ առավ «ուղիղ» (ոչ պետական խողովակներով իրականացվող) ներդրումների հարցի վրա եւ նշեց, որ վերջին 10 տարում Հայաստան է մուտք գործել մոտ 400 մլն դոլարի ներդրում (դրա 80 տոկոսը՝ 1995 թվականից հետո), որ հիմնականում ուղղվել է բանկային համակարգի, միջին ձեռնարկությունների, առեւտրի եւ սպասարկումների ոլոտները: Ուղիղ ներդրումների հոսքն ավելի մեծ է եղել ՌԴ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Տնտեսության եւ ներդրումների խրախուսման ոլորտներում Հայաստանի օրենքները գուցե ամենաառաջիմադիմականն են ԱՊՀ-ում, սակայն, ըստ Խ.Սուքիասյանի, դրանց մի մասի չգործելու պատճառով չեն կարողանում դրական ազդեցություն ունենալ: Օրենսդրության թերի կողմեր համարվեցին բարձր տեխնոլոգիաների ներմուծմանը արտոնություններ չտալը, հաշվապահական հաշվառման համակարգի բարդությունները, արտոնագրման արհեստական դժվարությունները: Վերջին հարցի վերաբերյալ Խ.Սուքիասյանը պատրաստել է մի առաջարկություն, ըստ որի պետությունն ինքը կարող է արտոնագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը վաճառել՝ ձեռներեցներին զերծ պահելով անհարկի քաշքշուկներից:

Ներդրումների միջոցով, ըստ բանախոսի, վերջին տարիներին Հայաստանում առավել զարգացել է սննդի արդյունաբերությունը եւ դարձել է մրցունակ: Օրինակ՝ ներքին շուկայում սպառվող գարեջրի 97 տոկոսն արտադրվում է Հայաստանում: Վերջին երկու տարում ներդրումներ են կատարվում նաեւ թեթեւ արդյունաբերության ձեռնարկություններում: Չնայած եկամտաբեր լինելուն, ներդրումներ չկան, ըստ Խ.Սուքիասյանի, քիմիական ոլորտում, որի թե մասնագետները եւ թե տեխնոլոգիաները դեռեւս մրցունակ են, եւ կարելի է Հայաստանի ՀՆԱ-ում քիմիական արտադրանքի շատ մեծ տոկոս ապահովել: Քիմիական ճյուղին զիջում է ռադիոէլեկտրոնիկայի հեռանկարը, որի սարքավորումներն ու մասնագետներն արդեն չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:

Խ.Սուքիասյանը մեծ կարեւորություն տվեց բիզնեսի մեջ գիտության ներգրավմանը: Գիտական ներդրումների հարցի մասին խոսելիս նույնիսկ խորհուրդ տվեց՝ գիտական պոտենցիալը ծառայեցնել գործարարության եւ արդյունաբերության զարգացմանը: Ներկաներից մեկի հարցին, թե որն է Խ.Սուքիասյանի ու «Սիլ» կոնցեռնի հաջողության պայմանը, նա պատասխանեց՝ հետեւողականությունը, գործին պատասխանատվությամբ վերաբերվելը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031