Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐՉԱՊԵՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԵՄՔ Է»

Հուլիս 23,1999 00:00
levon mkrtchyan

 ՀՀ վարչապետը վերջերս հստակեցրեց իր խորհրդականների լիազորությունների շրջանակները. նախկին նախարար Լեւոն Մկրտչյանն այսուհետ խորհուրդներ կտա ՀՀ վարչապետին՝ սոցիալական, սփյուռքի, կրոնի, հասարակության ու մամուլի կապերի հարցերով։

-Ոլորտների ընտրությունը կատարվել է ըստ ձե՞ր նախասիրությունների, թե՞ վարչապետի որոշմամբ։

-Իհարկե, նախ եւ առաջ հաշվի են առնվում իմ նախասիրությունները, եւ ոլորտների հստակեցումը վարչապետի հետ մի քանի զրույցների արդյունք է։ Վերջնականապես մեխանիզմները կճշտվեն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում, բայց արդեն հստակ են այն խնդիրները, որ հանրապետության վարչապետը դրել է ի կատարումն։ Հայրենիք-սփյուռք հարաբերությունների ոլորտում կարեւորագույն միջոցառումն առաջիկա Համահայկական խորհրդաժողովին առնչվող խնդիրներն են եւ ընդհանրապես՝ հարաբերությունների վերջնական մոդելի ձեւավորումը։ Այստեղ մեծ աշխատանք է կատարվել, սակայն անընդհատ ու շարունակական է խնդիրը, եւ մեր ժողովրդի համար շատ մեծ նշանակություն ունեցող։

Հոգեւոր ոլորտին առնչվող խնդիրները եւս մեծ նշանակություն ունեն։ Հայաստանում կրոնական հարցերին առնչվող խնդիրները լուծված չեն վերջնականապես. ինչպիսի՞ն պիտի լինեն հարաբերությունները պետական կառավարման մարմնի, որը կոչված է համադրելու եւ պետական քաղաքականությունն այս հարցում ցուցադրելու, եւ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունների կամ հայ եկեղեցու միջեւ։ Կա խղճի ազատության մասին օրենք, որում 1997 թ. փոփոխություններ տեղի ունեցան, բայց մեր կարծիքով օրենսդրական դաշտը եւս բավական անկատար է եւ այստեղ լուրջ լրացումների կարիք կա։

-Այսինքն՝ մինչ օրս չի՞ եղել պետական հստակ հայեցակարգ ձեր թվարկած հարցերի մասին եւ ամեն ինչ դեռ նո՞ր պիտի մշակվի։

-Այո, կա օրենք, բայց ե՛ւ օրենսդրական, ե՛ւ գործունեության մեխանիզմների, ե՛ւ տարբեր կրոնական կազմակերպությունների գործունեության համադրման առումով հսկայական անելիքներ կան։

-Դուք նշանակվել եք նաեւ Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար. անորոշ անունով ու անորոշ ֆունկցիաներով մի խորհուրդ, որի արած գործերի մասին ինչ-որ չենք լսել։ Ինչո՞վ է այն զբաղվել ու ինչո՞վ է զբաղվելու ձեր նշանակումից հետո։

-Առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում վերջնականապես կձեւավորվեն այն առաջարկները, որոնք ես, իբրեւ պաշտոնակատար, կներկայացնեմ վարչապետին։ Առաջարկները ե՛ւ այս պետական մարմնի կառուցվածքային փոփոխություններին են վերաբերում, ե՛ւ բովանդակային։ Այս մարմինը բավականին կարեւոր ֆունկցիա ուներ խորհրդային ժամանակներում եւ ուղղակի ապահովում է պետության միջամտությունը եկեղեցու գործերին ու պարզապես ուղղորդում էր վերջինիս։ Ժողովրդավարական սկզբունքներով պետության կառուցելուն զուգընթաց աստիճանաբար այս կոմիտեի ֆունկցիաները դադարեցին լինել այն, ինչ կար։ Բայց չստեղծվեց այն մոդելը, որն արդյունավետ պիտի լիներ՝ ապահովելու պետության եւ եկեղեցու բնականոն հարաբերությունները։ Ներկայումս կարող ենք փաստել, որ այս խորհուրդն, ըստ էության, չի կատարում իր հիմնական ֆունկցիան, որը նախեւառաջ ընդհանուր բնագավառի համադրումն է։ Նաեւ որոշակի ձեւով չի կարողանում իր աշխատանքները կազմակերպել՝ հասարակության մեջ համապատասխան կարծիք ձեւավորելու, ուղղորդելու, եւ տարբեր կրոնական կազմակերպությունների միջեւ երկխոսություն սկսելու ուղղությամբ։

Սա ենթադրում է բավականին լուրջ կառույց, որը մեծ դեր ունի։ Մի կողմից Հայաստանում սահմանադրորեն ու օրենսդրորեն ձեւակերպված են խղճի ազատության սկզբունքները եւ գործում են։ Բայց մյուս կողմից, հասարակության ամենալայն շերտերում մեծ անհանգստություն է առաջացնում հակաօրինական, ազգային ու մարդկային իրավունքները հաճախ ոտնահարող, տարբեր տեսակի չգրանցված աղանդների կազմակերպված գործունեությունը։ Հաճախ ականատես ենք լինում գաղափարախոսության անվան տակ այլ նպատակներ հետապնդող կազմակերպությունների, ուղղակի ընտանիք ու հասարակություն քայքայող, գործունեությանը։ Իհարկե, չի լինելու բռնի միջամտություն, միջամտություն գործող կրոնական կազմակերպությունների ներքին գործերին, այս հարցերում պահպանելու ենք միջազգային բոլոր նորմերը, բայց մեր հասարակության հիմքերը սասանող որոշ երեւույթների մասին մեր խոսքը, իբրեւ պետական մարմին՝ կասենք։

-Խորհուրդն ունի՞ համագործակցության ավանդույթներ հոգեւոր իշխանության հետ։

-Իհարկե, որոշակի համագործակցություն կա, բայց խիստ անբավարար է։ Եվ այս իմաստով խորհուրդը նախեւառաջ պիտի դառնա այն մարմինը, որտեղ տեղի կունենա ազատ երկխոսություն տարբեր եկեղեցիների միջեւ եւ կլուծվի հոգեւոր դաշտի կանոնակարգման խնդիրը։ Զարմանալի է, բայց առ այսօր չեն գործել եւ կոլեգիան, եւ հոգեւոր խորհուրդը։ Դա կվերականգնվի եւ երկխոսություն կծավալի հանրապետության համար խիստ կարեւոր բարոյական խնդիրների շուրջ, որովհետեւ միայն եկեղեցական խնդիրները չէ, որ պետք է մեր եկեղեցուն հուզեն։

-Ի՞նչ չափով պիտի պետությունը միջամտի եկեղեցու գործերին, ու քանի որ հոգեւոր կյանքում առաջիկա ամենակարեւոր իրադարձությունը կաթողիկոսական ընտրություններն են, ի՞նչ դերակատարում է դրանում ունենալու պետությունը, իշխանությունն ունի՞ իր թեկնածուն։

-Պետությունը իրավունք չունի միջամտել եկեղեցու գործերին, եւ նրա ներկայությունն այս ոլորտում հստակ կերպով սահմանված է ՀՀ օրենքներով, եւ դրանցից դուրս ցանկացած քայլ կբերի բացասական հետեւանքների։ Կաթողիկոսական ընտրությունները միշտ էլ եղել են մեր ժողովրդի կյանքում ամենակարեւոր իրադարձություններից մեկը։ Սբ. Էջմիածինը միայն Հայաստանում գործող հոգեւոր ղեկավարություն չէ, համահայկական կառույց է, եւ նրա քաղաքականությունից եւ հեղինակությունից, վարկից մեծապես կախված է նաեւ սփյուռքահայ համայնքների ամրությունը։ Պետությունը ի պաշտոնե որեւէ ձեւով միջամտել կաթողիկոսական ընտրություններին չի կարող։ Բայց հասարակական, մշակութային ու քաղաքական գործիչները հնարավորություն կունենան իրենց տեսակետը հրապարակավ արտահայտելու այս առնչությամբ։

-Իսկ հասարակության ու մամուլի հետ կապերի ոլորտում ի՞նչ եք նախատեսում անել։

-Ե՛վ վարչապետը ե՛ւ կառավարությունը պետք է կարողանան մշակել հարաբերություններ հասարակության, այն ներկայացնող քաղաքական ուժերի, մամուլի միջոցների հետ։ Եթե չեն ձեւավորվում այս հարցում կլասիկ մոդելները, երկրի կայուն քաղաքական համակարգը սկսվում է խաթարվել, եւ հատկապես տարբեր տեսակի ազդեցությունների համար լայն դաշտ է բացվում։ Երբ ձեւավորվեն ընդդիմություն-իշխանություն բնականոն հարաբերությունները, եւ քաղաքական կուսակցությունները ոչ թե մեկ-երկու օրվա կյանք ունենան, այլ՝ որոշակի գաղափարական հենք, դրանով ներկայանան ժողովրդին, այդչափով վերցնեն պատասխանատվություն, դա պետության անկախության կայացման անհրաժեշտ պայմանը կլինի։ Ըստ երեւույթին, մենք մի քիչ պիտի կարողանանք հեռանալ Հայաստանում ձեւավորված՝ «տնտեսվարող վարչապետի» կերպարից։ Կյանքը ցույց տվեց, որ վարչապետը, այս կամ այն կերպ, միեւնույն է՝ քաղաքական դեմք է ու քաղաքականության մեջ է։ Այս իմաստով թերեւս ե՛ւ մամուլի, ե՛ւ հասարակության հետ աշխատանքների զուտ հայեցակարգային եւ մեխանիզմների մշակման անհրաժեշտություն կա։ Նաեւ պիտի ապահովենք մշտական տեղեկատվական հոսք վարչապետի գրասենյակ։ Ինչքան տեղեկատվությունը լայն լինի, մաքուր լինի եւ ուղիղ հասնի վարչապետին, այնքան հստակ նա կպատկերացնի երկրի իրական վիճակը, եւ կարվեն ճիշտ քայլեր։

Հարցազրույցը վարեց

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031