Մինչեւ 1996 թվականի նախագահական ընտրությունները փոքրիկ, բայց բավական էլիտար ԱԺՄ-ն սկսեց միանգամից աճել։ Արդեն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին իշխանություն չունեցող, սակայն այն ունենալու մեծ ցանկություն ունեցողների մի հսկայական բանակ փորձեց իր երջանկությունը գտնել ԱԺՄ-ում։
Իշխանության մեջ թեկուզ փոքրիկ, բայց որոշակի պատառ ունեցողների այս քանակությունը հետագայում կարողացավ կայանալ եւ ճնշում գործադրել ԱԺՄ վերնախավի վրա, որի կարգախոսը «Կամ ամեն ինչ, կամ՝ ոչինչ»-ն էր։ 1998 թ. նախագահական ընտրությունները լրիվ թեւաթափ արեցին ԱԺՄ-ի ներքեւներին, որոնք ավելի համառ եւ հետեւողականորեն սկսեցին պահանջել համագործակցության գնալ իշխանությունների հետ։ Այդ ձգտումների արտահայտիչը, ի վերջո, դարձավ Դավիթ Վարդանյանը։ Սակայն համապարփակ համագործակցության մասին որոշում այդպես էլ չկայացվեց, քանի որ վերեւներում հասկանում էին, որ դա ԱԺՄ-ի վերջն է։ Մյուս կողմից՝ արմատական ընդդիմության նոր ձեւավորվող թեւը, որը չուներ համաժողովրդական ճանաչում, ԱԺՄ-ից եւ նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանից պահանջում էր իր շուրջ համախմբել արմատական ընդդիմության ներկայացուցիչներին՝ խոստանալով ճանաչել Վազգեն Մանուկյանի առաջնորդությունը։ Սակայն, ինչպես հետագայում կասի Շավարշ Քոչարյանը, ԱԺՄ-ն որդեգրեց «ակտիվ սպասման քաղաքականություն»։ ԱԺՄ-ն արդեն երկու տարի է այդ վիճակում է։ Արմատական ընդդիմության կողմնակիցներ համարվող Վազգեն Մանուկյանի, Արշակ Սադոյանի, Շավարշ Քոչարյանի համար, որոնք ղեկավարում են այդ կուսակցությունը, հասկանալի է, որ կա մեկ ճանապարհ՝ հստակեցնել, թե որ ճանապարհով պետք է գնա կուսակցությունը։ Իհարկե, կարելի է տուրք տալ երկրին եւ պետականությանը՝ իրենց կարողություններն ու գիտելիքները ի սպաս դնելու պատրաստակամ ԱԺՄ-ականների պահանջներին, որոնք շատ լավ հասկանում են, որ երկրի զարգացմանը նպաստելու համար տրվող աշխատավարձը չի անցնում 20 հազար դրամից, եւ նրանց իրական նպատակը իրենց փայ թալանն իրականացնելն է։ Սակայն այդ դեպքում կարելի է կորցնել հենց վերեւների կողմից 1992-ից կուտակված քաղաքական կապիտալի վերջին փշրանքները։ Արմատական ընդդիմություն հռչակելու տարբերակը կարող է չանցնել, քանի որ կուսակցությունն այս պահին ճիշտ հակառակ ուղղությամբ է շարժվում։ Այս դեպքում Վազգեն Մանուկյանը տեսնում է ՀՀՇ-ի սինդրոմի կրկնությունը, երբ 1988-ից իր կողմից ղեկավարվող կուսակցության ղեկը 1990-ին անսպասելիորեն անցավ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Երրորդ անգամ ձեռնամուխ լինել նոր կուսակցության ստեղծմանը, Վազգեն Մանուկյանը, հավանաբար, չի գնա. դրա համար նա չափազանց հոգնած է։ Թեեւ միակ արդյունավետ ճանապարհը հենց դա է։
ԱԺՄ-ին վերաբերող այս եւ այլ խնդիրների շուրջ զրուցեցինք վարչության անդամ, ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի հետ։
– Նախագահի ապարատում Դավիթ Վարդանյանի պաշտոն ստանալուց հետո ԱԺՄ-ն բաժանվեց երկու մասի։ Այժմ այն վերագտե՞լ է իր միասնությունը։
Կարդացեք նաև
– Այդ երկփեղկվածությունը ոչ այնքան կուսակցության, որքան յուրաքանչյուր ԱԺՄ-ականի ներսում է։ Այնուամենայնիվ, անընդհատ ընդդիմադիր լինելը, երբ դու չես կարողանում սկզբունքային հարցերում հասնել հաջողության, առաջացնում է որոշակի հոգնածություն։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ ընտրություններից հետո, երբ հասարակության մեջ հույս առաջացավ, որ իշխանափոխությունից հետո հնարավոր են դրական տեղաշարժեր։ Դավիթը գնաց վերահսկողության ծառայություն, քանի որ պետք էր պատժել հանցագործություններ կատարած պաշտոնյաներին՝ նորերը կանխելու համար։ Ես գնացի Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, ուղղակի այն պահից, երբ համոզվեցի, որ այն ծրագիրը, որ պետք է իրականացնի այդ հանձնաժողովը, չի անում, որ դա իմիտացիա է, որեւէ սկզբունքային սպասելիք չկա։
– Դուք նո՞ւյնպես հոգնած եք։
– Ես խոսում էի ամբողջ կուսակցության հոգնածության մասին։ Հասարակությունն էլ է հոգնած։ Իսկ կուսակցությունը չի կարող կտրված լինել հասարակությունից։ Այսօր տեղի է ունենում հասարակության բարոյալքում, որն այսպես թե այնպես թափանցելու է կուսակցություն։ Այդ պրոցեսը մեր աչքի առաջ է. ընդդիմադիր դաշտից անընդհատ պոկվում էին կուսակցություններ, որի պատճառով ընդդիմադիր դաշտը այսօր լղոզված է, անորոշ։
– Բարոյալքվում են ոչ միայն ներքեւները, այլ նաեւ վերեւները, որոնց օրինակը գրգռում է ներքեւներին։
– Որ կուսակցության վերեւները բարոյալքվել են՝ դա ձեր թեզն էր։ Կուսակցության ղեկավարությունը չի կարող բետոնե պատով առանձնանալ անդամների կոնկրետ շահերից եւ հետաքրքրություններից։ Այն պահանջները, որոնք բարձրացվում են, ձեւակերպվում են այսպես. մենք ունենք մասնագիտական ընդունակություններ, որոնք կարող ենք օգտագործել այս կամ այն ոլորտում։ Անհնար է անընդհատ ձեւացնել, որ այդպիսի խնդիրներ չկան։
– ԱԺՄ-ն ոչ թե գործատու կազմակերպություն է, այլ ժողովրդի դժգոհությունն արտահայտող կառույց։ Ստացվում է, որ մարդիկ ԱԺՄ են մտնում գործ ստանալու համար։
– Տրոցկին ասում էր, որ տոտալիտար պետություններում ընդդիմադիր կուսակցությունները դատապարտված են սովամահության։ Նույնը վերաբերում է մեր նման ավտորիտար հասարակություններին։
– Խոսում եք ավտորիտար ռեժիմների ժամանակ ընդդիմության դժվարությունների մասին, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի ռեժիմը շատ ավելի կոշտ էր, այժմ այն կարծես մեղմացել է։ Ինչո՞ւ այն ժամանակ կարող էր լինել արմատական ընդդիմություն, իսկ այսօր՝ ոչ։
– Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք կառուցվում էր այն շենքը, որտեղ մենք պետք է ապրենք։ Այդ իրավիճակում բոլորի համար է պարզ, հասարակության համար է պարզ, որ շենքը սխալ է կառուցվում։ Այժմ այդ շենքը կառուցված է, որը պիտանի չէ նորմալ բնակության համար։ Այժմ այդ շենքը պետք է փոխվի, սակայն հասարակությունը չի տեսնում, թե՝ ինչ ճանապարհով եւ ինչպես։
– 1998-ի ընտրություններից հետո Դավիթ Վարդանյանին պաշտոն տվեց Ռոբերտ Քոչարյանը։ Ընդունո՞ւմ եք, որ այս ընտրություններից հետո ձեզ էլ պաշտոն տվեց Վազգեն Սարգսյանը։
– Չգիտեմ, այնուամենայնիվ, տարբերություն կա։ Բայց որ «Միասնություն» բլոկն առաջարկեց, եւ ես համաձայնվեցի՝ դա փաստ է։
– Դա մտնո՞ւմ է ԱԺՄ- իշխանություններ համագործակցության շրջանակի մեջ։
– Դա ոչ մի ծրագրի մեջ չի մտնում։
– ԱԺՄ խորհուրդը որոշում ընդունե՞լ է իշխանությունների հետ համագործակցելու մասին։
– Ես մի խորհրդի նիստի ներկա չեմ եղել, սակայն նման որոշման մասին տեղյակ չեմ։ 10 օր առաջ վարչությունն է քննարկել քաղաքական գծերը։ Կար երեք տարբերակ. կոշտ ընդդիմություն, ակտիվ սպասում եւ իշխանությունների հետ համագործակցություն։ Վարչությունը քվեարկել է հօգուտ ակտիվ սպասման։
– Ակտիվ սպասումը նշանակում է՝ սպասել, եթե պաշտոն կտան՝ կհամագործակցենք, եթե չտան՝ կդառնանք ընդդիմադի՞ր։
– Դա նշանակում է՝ մի կողմ չքաշվել, գնահատականներ տալ, գործել։ Այս պահին ընդդիմություն լինելն անիմաստ է։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ