Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տուր ինձի, տեր, լիազորություն անանձնական

Հուլիս 23,1999 00:00
Artashes Gexamyan

Սամվել Բաբայանի դիրքերի թուլացումից հետո ենթադրվում էր, որ նրա հովանավորյալ «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը պետք է փնտրի նոր հովանավորներ։ Երեկ այդ մտածումները վերջապես փաստական հիմք ստացան։

ԱԺ-ում «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության վեց անդամներ (Հայկ Բաբուխանյանը բացակայում էր) հրապարակեցին մի հայտարարություն, որով իրենց աջակցությունն ու համագործակցությունն էին հայտնում վարչապետ Վազգեն Սարգսյանին։ Նկարագրվում է հանրապետությունում տիրող վիճակը ահա այսպիսի գույներով. «Շարունակվում է արդարության անկումը, կրճատվում է արտահանումը, ծայրաստիճան ցածր է մնում աշխատավարձը, տեղի է ունենում ազգաբնակչության զանգվածային աղքատացում ոչ մեծաթիվ արտոնյալ խմբի գերհարստացման (հաճախ ապօրինի) ֆոնի վրա։ Ահագնանում է սովի վտանգը։ Հասարակության բոլոր շերտերում աճում են անտարբերությունը, հիասթափությունը եւ դժգոհությունը»։ Այս պայմաններում Արտաշես Գեղամյանին նյարդայնացնում է «քաղաքական եւ տնտեսական համակարգի թվացյալ կայունության պահպանումը՝ հիմնված Ազգային ժողովի, հանրապետության կառավարության եւ երբեմնի ընդդիմադիր կուսակցությունների իշխանական աթոռներում հայտնված լիդերների, ինչպես նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ»։

Գիտակցելով այդ վտանգը, «Իրավունք եւ միաբանություն» խորհրդարանական խմբակցությունն անհրաժեշտ է համարում անհապաղ հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, նպատակ ունենալով «ընդունել Հայաստանի Հանրապետությունը խորը համակարգային ճգնաժամից հանելու, աղքատությունը եւ գործազրկությունը դիմագրավելու արտակարգ օրենքներ»։ Պարոն Գեղամյանին հիշեցնենք, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու համար պետք է հավաքել պատգամավորների 1/3-ի ստորագրությունը։ Թեեւ այս դեպքում եւս ոչ մի երաշխիք չկա, թե նախագահը կկատարի սահմանադրական պահանջը։ Սակայն, ի՞նչ եք կարծում, ի՞նչ ճանապարհով է առաջարկում շարժվել Արտաշես Գեղամյանը. «Մեր ծրագրի փիլիսոփայական հենքը դա ժամանակին Լյուդվիգ Գերհարդի կողմից մշակված սոցիալ-շուկայական տնտեսության գաղափարախոսությունն է»։

«Իրավունք եւ միաբանություն» դաշինքը առավել վրդովված է, որ «թե Ազգային ժողովում եւ թե կառավարությունում մեկուսացած է իշխանական լծակներից»։ Որքա՞ն ժամանակ կարող է Արտաշես Գեղամյանը մնալ ընդդիմություն։ Նա դաշինքի անունից հայտարարում է «իր քաղաքական պատասխանատվությունը նախապատրաստելու վերոհիշյալ օրինագծերը, եթե խմբակցությանը տրամադրվեն համապատասխան լիազորություններ, անհրաժեշտ տեղեկություններ ու տվյալներ հավաքելու եւ մշակելու համար, այդ լիազորությունները հաստատագրելով Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրով»։ Խորամանկ եւ իմաստուն մարդ է Արտաշես Գեղամյանը՝ մի կողմից համագործակցության առաջարկ է անում վարչապետին, մյուս կողմից՝ լիազորություններ խնդրում նախագահից։ Դե հիմա տեսնենք, թե ով ումից կխլի Արտաշես Գեղամյանի հետ աշխատելու նախաձեռնությունը։

Այս պայմաններում շատ խեղճ ու կրակ ներկայացավ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը։ Այս մարդը, որ 10 տարուց ավելի անշահախնդրորեն եւ ազնվաբար նվիրվել է մեր ազգային խնդիրների բարձրացմանը եւ դրանց լուծմանը, փորձել է մաքուր մնալ քաղաքական խաղերի հորձանուտում, Արտաշես Գեղամյանի ֆոնի վրա հայտնվել է չորրորդական պլանում, որովհետեւ չի կարողանում Աստվածաշնչից մեջբերումներ անել եւ խոսել սովի սպառնալիքի մասին, թեեւ դրա մասին ավելի լավ է պատկերացնում, քան Երեւանի քաղաքապետի պաշտոնում հարստություն ստեղծած եւ այժմ էլ պաշտոնի կռիվ անող Արտաշես Գեղամյանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031