Համոզված է Արշակ Սադոյանը
Անցած տարվա ապրիլին Արշակ Սադոյանը պատգամավորական հարցապնդում էր արել ՀՀ գլխավոր դատախազությանը պաշտոնական տվյալների շուրջ՝ թե 1992-94-ի «խավարի եւ ցրտի» տարիներին, հանրապետությունում նույնքան էլեկտրաէներգիա է արտադրվել, որքան 1996-97-ին, երբ վերականգնվեց 24-ժամյա էներգամատակարարումը։
Փաստաթղթերի համաձայն, էլեկտրաէներգիայի արտադրության համար Հայաստան էր ներկրվել մեծ քանակությամբ գազ եւ մազութ։ Իսկ իրականում այդ էներգակիրները մուտք չեն գործել, դրանց համար հատկացված միջոցները յուրացվել են, Հայաստանին հասցնելով 500 մլն դոլարի վնաս։
Արշակ Սադոյանն այժմ խոստովանեց, թե որոշ չափով ծանոթ է իր այս հարցապնդմանը հետեւած արդեն 1 տարի 3 ամիս տեւող քննության ընթացքին. «Դատախազության աշխատակիցները դեռ անցյալ տարի ինձ էլ էին հրավիրել պարզաբանումներ տալու որոշ հարցերի վերաբերյալ։ Բայց, ցավոք սրտի, ես գոհ չեմ ընթացքից։ Ավելին, իմ խորին համոզմամբ, չնայած կատարված ծավալուն աշխատանքին՝ գործը լրիվ այլ ուղղությամբ է ընթանում եւ քրեական գործեր հարուցված են ոչ թե հիմնական մեղավորների, այլ երկրորդական անձերի նկատմամբ։ Եվ կարծես փորձում են պատասխանատվության կանչել ոչ թե մեծ շնաձկներին, այլ փոքր ձկնիկներին։ Եվ նման մոտեցումը կհանգեցնի այս գործընթացի էլ առավել երկարաձգմանը»։ Նշենք, որ հետագա զրույցից պարզ դարձավ՝ «մեծ շնաձկներ» ասելով պրն Սադոյանը նկատի ուներ Սեպուհ Թաշճյանին, Հրանտ Բագրատյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Չնայած չէր հստակեցնում, թե արդյոք փաստեր ունի՞ յուրացումներին նրանց մասնակցության մասին։
Կարդացեք նաև
Պրն Սադոյանին նաեւ մտահոգում էր բացահայտված գործերի գումարային ոչ այնքան մեծ արժեքը՝ Վանաձորի ՋԷԿ-ում մազութի հետ կապված մեքենայությունը բացահայտելուց հետո պետբյուջեին վերադարձվեց յուրացված 18 հազար դոլարը, ատոմակայանում փաստաթղթային ստուգումներից հետո վերականգնվեց պատճառված 660 հազար դոլարի վնասը եւ այլն։ Ի դեպ, Սադոյանը միայն մազութի եւ գազի վերաբերյալ էր խնդիրներ արծարծել եւ հետաքրքիր է, որ քննությամբ ատոմակայանն էլ են ներառել։ Իսկ Վանաձորի ՋԷԿ-ում, այնուամենայնիվ, գոյություն չունեցող մազութի դիմաց գումար յուրացնելու փաստի բացահայտումն այսպես գնահատվեց. «200 տոննա մազութն ինչ է, եթե միայն վիճակագրական տվյալների տարբերությունն արդեն 60-70 հազար տոննա մազութ է կազմում։ Եթե այդ մեծ հարցն առկա է՝ փոքր դրվագներով շեշտադրումներ անելն արդեն իսկ վկայում է քննության ուղղվածության մասին»։
Արշակ Սադոյանը նաեւ հայտարարել էր, որ իրականում պատճառված նյութական վնասը 500 մլն դոլար է։ Հիշեցրինք այս առնչությամբ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Բագրատ Պետրոսյանի մամուլում արտահայտած տեսակետը, թե հազիվ թե հափշտակումների ընդհանուր գումարը նման թիվ լինի, քանի որ իրենց տվյալներով, 1992-1997-ին հենց շուրջ 500 մլն դոլարի չափով էներգակիրներ էին հանրապետություն ներկրվել. «Ամբողջը հափշտակել գործնականում հնարավոր չէր լինի՝ ինչ-որ մի բանից պիտի՞ էլեկտրաէներգիա արտադրեին»։ Արդյոք Սադոյանին չի՞ համոզում այս փաստարկը. «Իհարկե ոչ։ Գուցե որոշ նրբություններ կլինեն, էներգակիրների մի չնչին մասը, համենայնդեպս, մտել է Հայաստան։ Երբ 500 մլն դոլարի հարց էի բարձրացնում, նկատի ունեի ընդհանուր էներգակիրների ծավալային գնահատականը։ Բնական է, չեմ կարող պնդել, թե հենց այդքանն էլ յուրացվել է։ Բայց համոզված եմ, որ 300-400 մլն դոլարի չափով հաստատ յուրացվել է։ Իսկ այժմ վերադարձվում են ավելի ուշ տարիներին յուրացված գումարները»։
Բագրատ Պետրոսյանը նաեւ անդրադարձել էր այն պնդումներին, թե այդ նույն «խավարի եւ ցրտի» տարիներին Հայաստանը էլեկտրաէներգիա է վաճառել Վրաստանին։ Քննության տվյալներով, 1993-ին Վրաստանը որոշ քանակի էլեկտրաէներգիա է Հայաստանին մատակարարել եւ 1993-95-ին մենք ուղղակի այդ պարտքն էինք մարում։ «Քննիչի ներկայացրած թվերից ստացվում է, որ մենք դեռ պարտքերի մի մասն ենք վերադարձրել։ Եվ ուրեմն, Վրաստանին էլեկտրաէներգիա ոչ միայն չենք վաճառել, այլեւ հակառակը՝ ստացե՞լ ենք,- տարակուսեց Արշակ Սադոյանը,- բոլորս էլ այդքան գրագետ ենք, իսկ ես էլ, ցավոք սրտի, ավելին՝ մասնագետ եմ, քանի որ սովորել եմ պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոֆակուլտետում, եւ լավ գիտենք, որ այդ քանակի էլեկտրաէներգիան հնարավոր չէ նույնիսկ հողանցել։ Այդ դեպքում ամբողջ Հայաստանն էր «դռռալու տոկից»։ Ուրեմն բնական է, որ ուղղակի չի արտադրվել այդքան էլեկտրաէներգիա»։
Հիշեցնենք, որ էներգետիկ չարաշահումների վերաբերյալ առայժմ միայն երկու գործ է դատարան հասել, եւ մնացած հարցերի շուրջ քննությունը շարունակվում է։ Ինչքան էլ պրն Սադոյանին չէր գոհացնում նախաքննության երկար տեւողությունը, եւ նա ձգձգումը միտումնավոր էր համարում՝ սա բավական մանրակրկիտ հետաքննություն պահանջող աշխատանք է։ Ըստ Բագրատ Պետրոսյանի, գործը նշանակալիորեն բարդացնում է նաեւ այն, որը մի քանի տարի է անցել, եւ բազմաթիվ փաստաթղթեր չեն պահպանվել, որը շատ է դժվարացնում ճշմարտության վերհանումը։ Իսկ այս գործում հետապնդումներ եւ դետեկտիվային այլեւայլ մանրամասներ չկան՝ հիմնականում հենց բացատրագրերի եւ այլ փաստաթղթերի ուսումնասիրմամբ են զբաղվել։ «Իսկապես, դժվարություններ կան,- համաձայնեց Արշակ Սադոյանը,- իսկապես կարող են որոշ վայ-շահագրգռված անձինք փորձել ոչնչացնել փաստաթղթերը։ Բայց գործն այնպիսի ծավալներ է ստացել, որ հնարավոր չէ ամեն ինչ վերացնել եւ լուրջ, նպատակաուղղված աշխատանքի դեպքում միշտ կգտնվեն տեղեկատվության այլ աղբյուրներ»։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Տեղեկացնենք, որ Արշակ Սադոյանը մտադիր է այս հարցերի շուրջ առավել հանգամանալից՝ թվերով եւ փաստերով հիմնավորված մի անդրադարձով հանդես գալ մամուլում։