Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԵԶՈՒՆ ՄԵԶ ԿԻԵՎ ՀԱՍՑՐԵՑ

Հուլիս 23,1999 00:00
Vazgen sargsyan

ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի այցը Ռուսաստան, իսկապես, չափազանց հետաքրքիր է անցնում։ Ռուսական կողմը ներկայացնող բոլոր պաշտոնատարները առանձնահատուկ կարեւորությամբ նշում էին իրենց առանձնահատուկ վերաբերմունքը վարչապետ Վազգեն Սարգսյանի նկատմամբ։

Քննարկվող հարցերը շատ բազմազան էին՝ էներգետիկ, արտադրական, գյուղատնտեսության, տրանսպորտի հարցեր։ Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետները լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ միանման քաղաքական կենսագրություն ունենալու փաստը նաեւ միանման աշխատաոճ է մշակել։ Թե Վ. Սարգսյանը, թե Ս. Ստեպաշինը հայտարարեցին, որ փոխհամաձայնեցված յուրաքանչյուր պայմանավորվածություն երկու կողմից էլ հստակ ժամկետ եւ կոնկրետ պատասխանատուներ են ունենալու։ Չորեքշաբթի՝ ռազմական, էներգետիկ ոլորտի բանակցություններից հետո, Վ. Սարգսյանը հանդիպեց նաեւ ԱՊՀ հարցերով ՌԴ նախարար Դրաչեւսկու հետ։ Ուշ երեկոյան կառավարական առանձնատանը վարչապետն ընդունեց հայաստանյան լրագրողներին։

«Եվ Ռուսաստանի կառավարության նախագահի, եւ Մոսկվայի կառավարության նախագահի հետ, եւ «Գազպրոմի» ղեկավար Ռեմ Վիախրեւի հետ հանդիպումներն արգասավոր էին։ Բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- նշեց Վազգեն Սարգսյանը։ Ըստ վարչապետի՝ Ռուսաստանում Հայաստանի նկատմամբ բարի վերաբերմունք կա։ «Վերաբերվում են ինչպես դաշնակցի, մենք պետք է պահպանենք այդ վերաբերմունքը։ Ռուսաստանում Հայաստանին ընկալում են որպես քաղաքական լուրջ եւ վստահելի գործընկերոջ։ Միաժամանակ Ռուսաստանը երբեք չի կարծում, թե Հայաստանի հետ իր հարաբերությունները պիտի հակադրվեն այլոց հետ Հայաստանի հարաբերություններին»։

Սա խիստ հետաքրքիր բացատրություն է, որովհետեւ Մոսկվա կատարած այցը պահի առումով իսկ հետաքրքիր է։ Մի քանի շաբաթ է Երեւանում ծանր տնտեսական բանակցություններ են վարվում Միջազգային արժութային հիմնադրամի հետ։ Բանակցությունների որոշ խնդիրներ տրամագծորեն հակառակ բնույթի քննարկումներ են ստանում Մոսկվայում։ Խոսքը արտադրական ու էներգետիկ համակարգերի մասին է։ Հայաստանը, կոպիտ ասած, առաջարկում է «քանդել», օրինակ, «Նաիրիտ» գործարանը, ռուսական կողմը որոշակի հետաքրքրություն ունի այդ ձեռնարկության արտադրանքի նկատմամբ։ Բնականաբար, «Առավոտի» հարցը վարչապետին հենց այս խնդիրների մասին էր։ Պատահակա՞ն էր արդյոք, որ Մոսկվա կատարած այցը համընկավ ՄԱՀ-ի հետ ծանր բանակցություններին։

-Կանխակալ որեւէ պայմանավորվածություն չի եղել։ Ռուսաստան իմ այցը պայմանավորված է եղել թերեւս մեկ ամիս առաջ։ Ստեպաշինից ես ունեցա հրավեր ընտրելու համար իմ այցելությունը ամսի 10-ի կամ 20-ի միջեւ (հուլիսի-Ա. Գ.)։ Ես նախընտրեցի ամսի 20-ը, չէր բացառվում, որ Ստեպաշինն ինքն այցելեր Երեւան։ Այդպիսի ծրագիր կար, ես կրկնեցի հրավերը եւ նա սիրով համաձայնվեց աշնանը այցելել Երեւան։ Կրկնում եմ, կանխակալ որեւէ կապ չկար, համընկավ ուղղակի այս ամենն իրար հետ։ Ռուսաստանն ինքն ուներ ծանր բանակցություններ Համաշխարհային արժութային հիմնադրամի հետ (կարծես թե դուրս եկավ այդ վիճակից)։ Իհարկե, «Նաիրիտի», Հրազդան 5-ի, էներգետիկ մի շարք այլ խնդիրների ուղղությամբ, եթե Ռուսաստանում կայացած մեր պայմանավորվածություններն իրականան, անկասկած, դա կնպաստի նաեւ ԱՄՀ-ի հետ մեր բանակցությունների որոշ կետերի կատարմանը։ Շաղկապվում են դրանց, էապես շաղկապվում են։

Այն, ինչ որ պահանջում է մեզանից ԱՄՀ-ն, այդ մասին դեռ խոսելու այլ առիթ կունենանք, էապես համընկնում է այն կետերից շատերին, որոնց շուրջ մենք բանակցեցինք նաեւ Ռուսաստանի հետ։ Չնայած դա չի բացառում, որ եթե վաղը, մյուս օրը մենք ունենանք այլ լուծումներ՝ որեւէ մեկը ցանկություն ունենա «Նաիրիտը», Հրազդան 5-ը մեզ հետ միասին շահագործելու, մենք սիրով համաձայնվելու ենք։ Ընդ որում, եթե կայանա այդ կոնցորսիումը կոնկրետ Հրազդան 5-ի հետ, դա պիտի կայանա, կարծում եմ, 3-4 պետությունների միջեւ։

-«Առավոտ»- Չի բացառվո՞ւմ նաեւ Եվրոբանկի մասնակցությունը։

-Եվրոպական բանկն ինքը շահագրգռվածություն է ցուցաբերել, պատրաստ է մասնակցել դրան, եթե Հայաստանից բացի, մեկ կողմ եւս (տվյալ դեպքում՝ Ռուսաստանը) համաձայնություն տա մասնակցելու այդ ծրագրին։

Մոսկովյան այցի մանրամասների մասին «Առավոտի» առաջիկա համարներում, իսկ երեկ առավոտյան վարչապետ Վազգեն Սարգսյանը մեկնեց Կիեւ՝ մասնակցելու INOGATE ռեգիոնալ էներգետիկ հարցերով կոնֆերանսին։ Կիեւում սպասվում է 12 երկրների վարչապետների մասնակցությունը։ Վարչապետի վերադարձը Երեւան նախատեսվում է ուշ երեկոյան։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ,

«Առավոտի» թղթակից Մոսկվա, Կիեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031